Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորները չեն խնայում իրենց կյանքը, իսկ արտոնյալներն ապրում են նույն հին՝ ճոխ կյանքով

Մայիս 02,2016 08:24

Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանը ևս փաստացի պատերազմի մեջ է: Իսկ ի՞նչ զուգահեռներ կան պատերազմի դաշտի և այսպես ասած՝ հայաստանյան խաղաղ իրականության միջև: Մեր անվախ զինվորներն իրենց կյանքը դրած զոհասեղանին, հերոսաբար կռվում են իսլամ գրոհայինների դեմ, որոնք ունեն հսկայածավալ ժամանակակից զինտեխնիկա, մարզված և ֆանատ մարդուժ: Մեր տղաների համար խնդիրը հստակ է. միայն հաղթանակ և ոչ մի զիջում: Այս պարագայում, միայն աննկարագրելի հերոսական հնարքներով է հնարավոր կասեցնել թշնամու նենգ հարձակումները և պատնեշել նրանց առաջխաղացումը, ինչը մինչ այս պահը փայլուն կատարում են մեր՝ պաշտամունքի արժանի, աստվածատուր, հրեղեն քաջորդիները: Աննկուն կամք մեր կռվող զինվորներին և հավիտենական խոնարհում նահատակներին…:

Տրամաբանական է, որ պատերազմի ժամանակ, պետք է ամենուրեք՝ պատերազմի դաշտից մինչև վերջին աշխատավայրը, գործեն պատերազմական օրենքները, քանզի հաղթանակը տրվում է միայն այն դեպքում, երբ երկիրը գործում է որպես մեկ միասնական օրգանիզմ: Իսկ օրգանիզմում բոլոր օրգանները պետք է աշխատեն նույն ռեժիմով և եթե որոշ օրգաններ փորձում են աշխատել այլ ռեժիմներով, ապա անպայմանորեն խախտվում է օրգանիզմի ընդհանուր աշխատանքի հարմոնիան, որի հետևանքով երաժշտության փոխարեն ունենում ենք աղմուկ, որն էլ ոչ այլ ինչ է, քան օրգանիզմի ներդաշնակ աշխատանքի վատթարացում՝ առողջության քայքայում, որի դեմ համապատասխան քայլեր չկիրառելու դեպքում, օրգանիզմը գնում է մահվան: Այսօր, որպես օրգանիզմ, ճիշտ այսպիսի վիճակ է մեր երկրում:

Մեր հերոս զինվորները պատերազմական ռեժիմում՝ կյանքները մազից կախված, անուրանալի հերոսական սխրանքներ են գործում առաջին գծում, իսկ չինովնիկներն իրենց կյանքի նավում՝ լեթարգիական քնի մեջ, իրենց ապրելակերպի նույն հետագծով, նավը տանում են առաջ, կարծես արտառոց ոչինչ չի եղել և առաջիկայում էլ ոչինչ չի սպասվում:

Որ հիմնարկն ուզում ես մտիր, պատերազմի հոտ չես առնի: Վառոդի հոտի փոխարեն, նույն՝ հին օծանելիքի հոտն ես առնում: Մի պահ մտածում ես. կարո՞ղ է երազում եմ կամ օտար երկրում եմ: Ի՞նչ է, պատերազմը միայն այս հերոս զինվորների և նրանց ընտանիքների համար է, որ նրանք պետք է արյամբ պահպանեն մեր սահմաններն ու զոհեն ամենաթանկը՝ իրենց մատաղ կյանքը, իսկ որոշները նույնկերպ շարունակեն վայելել կյանքը, կարծես ոչինչ չի եղել և կյանքն իր հին արահետով գնում է:

Ի՞նչ է, այդ մարդիկ իրո՞ք չեն հասկանում, որ այսօր պետք է գործեն որպես բանակի թիկունք: Չե՞ն հասկանում. ովքեր կաշառք էին վերցնում, պետք է էլ չվերցնեն: Ավելին, պետք եղած դեպքում, պետք է նախկինում վերցրած կաշառքի մի մասը մուծեն պատերազմի բյուջե: Չե՞ն հասկանում, որ մինչև պատերազմի ավարտը պարտադրված են մի կերպ դիմանալ կյանքի գայթակղություններին ու վայելքներին: Չե՞ն հասկանում, որ նվազագույնը անբարոյականություն է, երբ հասակակիցդ կյանքը զոհում է պատերազմում, իսկ դու նախկինի պես շարունակում ես ըմբոշխնել կյանքի պերճաշուք վայելքները:

Այդ՝ միանման հագուստով և միատեսակ օծանելիքներով շպարված չինովնիկները չե՞ն հասկանում, որ այսօր հարյուրավոր պատանի զոհեր տված ծնողները, նրանց բարեկամ-հարազատները և ընդհանրապես, ամբողջ ժողովուրդը, որն այսպես շարունակվելու դեպքում, այսուհետ ևս օրական նվազագույնը երկու-երեք զոհ է ունենալու, հոգնել են իրենց հանդեպ նույն կերպ շարունակվող չինովնիկական վերաբերմունքից ու քաշքշուկներից և այսօր, առավել, քան երբևէ, նրանք նորմալ վերաբերմունքի կարիքն ունեն: Տպավորություն է ստեղծվում, որ այդ չինովնիկները նաև հոգով, սրտով և ուղեղով էլ են միանման: Նրանք ոչ հոգի ունեն, ոչ սիրտ ունեն, ոչ ուղեղ ունեն, ոչ էլ…: Նրանք և արտաքինով, և ներքինով հանդես են բերում զուտ ռոբոտային դրսևորումներ:

Պարոնայք չինովնիկներ և տիկնայք չինովնիկուհիներ, մի՞թե չեք հասկանում, եթե չլինի ժողովուրդը, չեն լինի նաև այդ առյուծ զինվորները, պաշտպանված չեն լինի նաև մեր սահմանները, թուրքերը անարգել մուտք կգործեն և առաջին հերթին կհոշոտեն ձեզ, քանզի դուք եք այս երկրի ունևորները, իսկ ժողովուրդը ոչինչ չունի, բացի իր շղթաներից: Եվ, կարծում եմ գաղտնիք չէ և դուք ևս քաջատեղյակ եք, որ պատերազմների ժամանակ հրոսակներն առաջին հերթին գրոհում են ունևորների օջախները: Ի՞նչ է, այս տարրական բանը չե՞ք հասկանում: Պետք է այն անպայման տեղի ունենա՞, որ հասկանաք:

Հիշեք. դուք չեք կարող գոյատևել մի օրգանիզմի ներսում և ապրել այլ օրգանիզմին հատուկ կանոններով: Այդպես, ուղղակի չի լինում…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Հարգելի Անանիա Մաղաքյան, ամեն ինչ ճիշտ եք ասում: Մեր ժողովրդի սրտից եք խոսում:
    Տարրական տրամաբանությունն արդեն վաղուց պահանջում է ապրել պաշարված ամրոցի օրենքներով: Հայաստանը պաշարված է բոլոր կողմերից, բայց ներքին պաշարումն է ամենավտանգավորն ու սոսկալին, որ կատարել են մեր իշխանությունները: Նրանք հստակ առանձնացել են իրենց շահերով, խնդիրներով և ապրելակերպով: Միշտ պետք է հիշենք, որ քաղաքամայր Անին թշնամին գրավել չկարողացավ, այն ներսից հանձնեցին պետական ու հոգևոր բարձրագույն իշխանությունները: Բայց մեր ժողովուրդը հասկանում է, որ սրանք ուշ թե շուտ հեռանալու են (Խավարը իր տեղը Լույսին է զիջելու), իսկ Հայրենիքը պահել է պետք: Սա վերջին հողակտորն է մեր մեծ Հայրենիքից, մենք նահանջի տեղ ու ճանապարհ չունենք:

  2. փիրուզակ says:

    Չինովնիկների այսօրինակ պահվածքը հերթական անգամ փաստում է, որ նրանք զուրկ են պետական մտածողությունից: Պատերազմական վիճակում կրճատում են պետական անհիմն ծախսերը բոլոր գերատեսչությունների մակարդակով; Պետության առաջին դեմքի մակարդակով արդյոք նման հրաման տրվեց ??? Երկրի նախագահն ազգին դիմելու փոխարեն, ՀՀ կուսակցության անդամների առաջ է ելույթ ունենում, ասես հաստատում է, որ ազգն իրեն ընտրելու հետ կապ չունի, այլ ՀՀ կուսակցության օլիգարխիան; Գոնե ներքին հրաման տա լռելու իր կուսակցության կարկառուն դեմքերին: Կամ բանակում չծառայած, բայց պետական պաշտոն զբաղեցնող երևելիներն են անհիմն ելույթ ունենում՝ ի դեմս Շարմազանովի, Աշոտյանի, կամ գերդիվանագետ պաշտոնյա Հերմինե Նաղդալյանն է գրավյալ տարածքներ վերադարձնում Ադրբեջանին՝ դրանով դառնալով ադրբեջանական մամուլի աստղ կամ ականավոր Գալուստ Սահակյանը 80-ականների զենքը համարում է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ; Հանրապետական երևելիների շարք և այս օրերին նրանց արտասանած տխմարությունները կարելի է անվերջ շարունակել; Լռեք, պարոնայք և տիկնայք պետական պաշտոնյաներ, ձեր լռությունը ավելի շահավետ է ձեզ համար;

  3. Հասմիկ says:

    Լիովին համաձայն եմ ամեն մի ասվածի հետ, միայն ցավն այն է, որ Ձեր նշած չինովնիկները առաջինը կլքեն իրենց համար չակերտավոր հայրենիքը։ Իսկ ինչու եմ ասում չակերտավոր, որովհետև հայրենիքի հետ այսպես չեն վարվում, չեն թքում նրա վրա, չեն թալանում ու արյունաքամ անում, այլ սիրում են՝ գործով ամեն օր ցույց տալով այդ սերը, ինչպես ցույց են տալիս սահմանին կանգնած զինվորները։ Կապ չունի, թե մենք որտեղ ենք, ամեն մեկս պիտի մեր լուման ունենանք մեր հայրենիքի կայունության համար՝ լինելով ազնիվ ինքներս մեր առաջ։ Չկա այսօր այ հենց սա։ Ցավալի է, շա՜տ․․․

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031