Վաղը՝մայիսի 2-ին, Տավուշի մարզի Զորական գյուղում կկայանա Լեռնային Ղարաբաղում զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանի հուղարկավորությունը: Նա շուրջ մեկ տարի էր ծառայել: Զորականում բնակվում են Դաշտային Ղարաբաղի Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից վերաբնակվածները:
Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը հայտնեց, որ Գարիկի ընտանիքը սոցիալապես բարվոք վիճակում չէ, հայրը բանվոր-շինարար է, Գարիկը ավագ եղբայր ունի, քույրը 21 տարի առաջ բուտուլիզմից մահացել է:
Գյուղապետն ասաց, որ կրտսեր սերժանտ Գարիկ Մովսիսյանը զոհվել է, երբ վերականգնել է դիրքերի միջեւ հեռախոսային կապը, նա օգնել է վիրավոր ծառայակից ընկերոջը:
Ս. Մարտիրոսյանը հայտնեց, որ մայիսի 1-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այցելել է Մովսիսյանների սգակիր ընտանիքին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ