Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրում չպահանջող երկու գործ

Մայիս 01,2016 21:27

Մեր պետությունում կան բաներ, որոնք հնարավոր է շտկել՝ միայն խոշոր ներդրումներ անելով։ «Նաիրիտ» գործարանն, օրինակ, կարող է լիարժեք աշխատել, եթե գտնվի մեկը, որը կցանկանա ծախսել միլիոնավոր դոլարներ՝ չունենալով լիակատար վստահություն, որ երբեւէ դրանից եկամուտ կստանա։ Զենքը նույնպես հնարավոր է գնել միայն փողով. դրա աղբյուրների մասին շատ է խոսվել՝ հաստատ «կուլակաթափությունը» եւ «էքսպրոպրիացիան» չեն։

Բայց կան բաներ, որոնք նյութական ներդրում չեն պահանջում։ Բերեմ երկու օրինակ։ Առաջինը՝ մարդկային ուշադրությունն է։ Զոհված զինվորների եւ սպաների հարազատները զուսպ, արժանապատիվ մարդիկ են, նրանք, որպես կանոն, իրենց վատ են զգում, երբ մասնավոր անձինք իրենց նյութական օգնություն են առաջարկում (մեծահարուստներից ով անում է, շատ լավ է անում՝ միայն թե պետք չէ դրա մասին գովազդային նյութեր տարածել)։ Օրենքով հասանելիք օժանդակությունն այլ բան է՝ դա պետության պարտականությունն է։ Բայց երբ զոհվում է գյումրեցի փոխգնդապետը, եւ ոչ մի պետական այր 10 րոպե ժամանակ չի գտնում նրա հարազատների ձեռքը սեղմելու, դա, մեղմ ասած, տարօրինակ է։

Օրինակ երկրորդ. ոչ մի նյութական ներդրումներ չեն պահանջվում՝ արգելելու համար որոշ ՀՀԿ-ական գործիչների խոսել արտաքին քաղաքականության եւ հատկապես Ղարաբաղյան հիմնահարցի մասին։ Այնպես չէ, որ ընդդիմադիրները նույն թեմաներով հիմարություններ չեն խոսում։ Բայց ընդդիմադիրների կարծիքն աշխարհում, այդ թվում՝ Ադրբեջանում, չի ընկալվում որպես պաշտոնական։ Թող այդ ՀՀԿ-ականները չխոսեն Արցախի մասին  եւ կենտրոնանան այն գործերի վրա, որոնք իրենց մոտ ավելի լավ են ստացվում՝ իրենց «բիզնեսների» եւ խորովածանոցներում մի կտոր հաց ուտելու։ Դրանից պետությունը միայն կշահի։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Շատ ճիշդ է որ Հայոց Պետութեան անթափանցիկութիւնը, ինքն-իր-վրայ- կծկվածութիւնը, խորքի նիւթերու վերաբերեալ՝ համրութեան աստիճանի հասնող, ծայրահեղ սակաւախօսութիւնը, վնասակար տվյալներ են երկրին եւ համայն հայութեան համար, ներառեալ ուրեմն իրենք, մեր պետական անձիքը:

    Մէկ «մեղմացուցիչ պարագայ» կարելի է նշել սակայն,
    այս սխալ կեցվածքի կապակցութեամբ:

    Հայութեան մէջ կայ մի հատված որ, ինչ որ ալ ըսէ (եւ ով որ ալ լինի) օրուայ իշխանութիւնը, միայն ու միայն եւ բացառապէս՝ սխալներ, թերութիւններ, բացթողումներ, օրինա-բարոյա-ազգային ծանր շեղումներ, ահաւոր հանցագործութիւն, անսրբագրելի անատակութին, եւ վերջապէս անշուշտ՝ ծայրագոյն դաւաճանութիւն պիտի «լսէ», մատնանշէ, գոռայ, ողբայ ու կանչէ:

    Հաւանաբար այս երեւոյթին հակազդեցութիւնն է նաեւ, որոշ չափով, Պետութեան հաղորդակցութեան պակասը հանրութեան հետ:

    Ոչ թէ որովհետեւ իշխանութիւնը անպայման «վախենում» է թէ իր որեւէ խօսքը վստահաբար գործածվելու է իր դէմ: Սակայն նաեւ, այն հոգեբանութեամբ որ՝ պոֆ, ի՞նչու հոգնիլ, խի՞ ճիգ թափել մի բան ասելու, բացատրելու, երբ որ լսողը արդէն իր կարծիքը կազմած է, վերջնականապէս եւ յաւերժապէս, եւ ինչ որ ալ ասես ու բացատրել ջանաս, ոչ միայն՝ բան չի հասկանալու, այլ նոյնիսկ ա՛լ աւելի խրելու է իր յամառ, անմիտ եւ անուղղամիտ անհասկացողութեան մէջ:

    Այսուհանդերձ, Իշխանութեան պարտաւորութիւնն է ուժը ունենալ յաղթահարելու իր այդ հոգեբանութիւնը, եւ անտեսելով այդ աղմկոտ, անհամակրելի եւ երբեմն նոյնիսկ զզվելի, հիւանդագինօրէն դժգոհ, տեւապէս ու միայն գամգատող անձիքը, ինքն իր խօսքը արտայայտելու հանրութեան: Հայ ժողովուրդի խելացութիւնը պէտք չէ ստորագնահատել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031