Շատերը կարծում են, որ աշխատանքի բերումով մենք՝ լրագրողներս, ամեն ինչ գիտենք, նույնիսկ գիտենք այնպիսի տեղեկություններ, որոնք հրապարակված չեն, եւ պատրաստ ենք կիսել իրենց հետ: Շտապեմ հիասթափեցնել՝ այդպես չէ: Մենք էլ ենք հետեւում տարբեր լրատվամիջոցների լրահոսին, եւ շատ հաճախ հենց լրատվամիջոցներից ենք տեղեկատվություն ստանում:
Մեր բակի խանութում ես առավելություններ չունեմ: Շատ հաճախ հերթս է խախտվում, երբեմն շնորհակալությանս չեն պատասխանում, պատահում է, որ մուննաթ էլ են գալիս: Ես արդեն սովոր եմ նման վերաբերմունքին ու նույնիսկ չեմ վիրավորվում, երբ ասում եմ շնորհակալություն, պատասխանը չեմ լսում, երբեմն էլ բաց եմ թողնում շնորհակալության հատվածը՝ գիտակցելով, որ պատասխանը միեւնույնն է չի լինելու, իսկ ես վատ վիճակի մեջ եմ հայտնվելու: Բայց ժամանակ առ ժամանակ ես դառնում եմ մեր բակի խանութի VIP հաճախորդը՝ բոլորը ժպտում են, պատասխանում են շնորհակալությանս, նույնիսկ բարի օր են մաղթում:
Ցավոք սրտի, այդ օրերը կապված են այն ժամանակաշրջանների հետ, երբ արտակարգ իրավիճակ է երկրում: Առաջին անգամ նման վերաբերմունքի արժանացա Electric Yerevan-ի ժամանակ: Խանութի աշխատողները հետաքրքրված են, թե ինչ է լինելու՝ «Դու աստծուն մոտ ես կանգնած, դու կիմանաս»: Հետաքրքրված էին նաեւ, թե ինչ է եղել այն աղջկա հետ, որը այդ ակցիաների ընթացքում թքել էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխարկի մեջ: Ճիշտն ասած, չգիտեմ, ես լրագրող եմ, ոչ թե պայծառատես, վերլուծաբան … Ես կարող եմ պարզապես փոխանցել այն, ինչ արդեն գրել եմ, կամ արդեն իմ գործընկերներն են գրել: Հավատացեք, եթե լրագրողն ունի այնպիսի կարեւոր տեղեկատվություն, որը ստիպված է եղել չհրապարակել, դժվար թե խանութի աշխատողներին փոխանցի:
Նույն իրավիճակն էր քառօրյա պատերազմում, նամանավանդ, երբ Արցախից էի վերադարձել: «Դու աստծուն մոտ ես կանգնած, դու կիմանաս», մարդիկ ակնկալում էին, որ իրենց կփոխանցեմ այնպիսի տեղեկատվություն, ինչի մասին լրատվամիջոցները լռում են: Բայց մոռանալով, որ ես հենց այդ լրատվամիջոցներից մեկի մասնիկն եմ, ու նման տեղեկատվություն ունենալու դեպքում առաջինը շահագրգռված կլինեմ մեր ընթերցողներին տեղեկացնել: Ինչի մասին էլ հենց մեր բակի խանութի աշխատողները շուտով կիմանան:
Կարդացեք նաև
Ինչեւէ, շուտով կվերադառնանք բնականոն կյանքին, մեր բակի խանութի աշխատողները կրկին կմոռանան, որ «աստծուն մոտ եմ կանգնած», ու կշարունակեն սպասարկել ինչպես միշտ՝ ինչպես սովորական մահկանացուներին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
== գիտակցելով, որ պատասխանը միեւնույնն է չի լինելու, իսկ ես վատ վիճակի մեջ եմ հայտնվելու:==
Հայտնում եմ Ձեզ իմ համեստ աջակցությունը սույն առիթով, զի իմ տառապանքը ևս փորձ ունի… 🙂
Սակայն եկեք մխիթարենք մեզ, մտածելով, որ ավելի վատ վիճակի մեջ հայտնվում է շնորհակալությանը չպատասխանողը և հնարավոր է, որ իր մտքում նույնիսկ կշտամբում է ինքն իրեն.
-Ինչ ախմախն եմ ես, մի հատ խնդրեմն ինչ է՞ր, որ չասացի…
Այնպես որ՝ զինվենք համբերությամբ և լավատեսությամբ:
Հ.Գ.
Գերմանացիները, գնորդի գրեթե պարտադիր Danke-ին կամ Danke schön,,- ին որպես կանոն ժպտալով պատասխանում են.
– Bitte schön. Schönen Tag noch! / Խնդրեմ, Ձեզ լավ օր… /