«Եթե ուզում ենք ուժեղ պետություն կառուցել, պետք է լինի հարկային արտոնություն, բոլորը պետք է հարկ վճարեն, օլիգարխները, խոշոր գործարարները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:
Այսօր, «պահանջում ենք հարկային արդարություն», «Հանրային ծառայողն առաջնագծում» պաստառներով արհմիության նախաձեռնությամբ կազմակերպվել էր երթ Հանրապետության հրապարակից դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ, որին մասնակցում էին նաեւ արհմիության մարզային ճյուղերի անդամները:
Երթը կազմակերպվել էր աշխատավորների օրվա՝ մայիսի մեկի առիթով: Տիկին Ասատրյանն ասաց, որ իրենց են միացել Իջեւանի, Արագածի եւ այլ բնակավայրերի աշխատակիցները եւ որ Մարտունու մասնաճյուղը չէր կարողացել մասնակցել, փոխարենն իրենց ճանապարհածախսը փոխանցել էին Արցախի ժողովրդի օգնության համար բացված հաշվեհամարին: Երեք միլիոն դրամ էլ արհմիությունների ֆեդերացիան է փոխանցել:
Անահիտ Ասատրյանի խոսքերով. «Մենք՝ աշխատողներս վճարում ենք հարկերը: Նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողը տարեկան վճարում է 200 հազար դրամից ավելի եկամտահարկ, իսկ միջին աշխատավարձ ստացողը վճարում է 1500 դոլարից ավելի հարկ, բայց փաստորեն, տեսնում ենք, որ, երբ երկիրը դժվար վիճակում հայտնվեց, պարզվեց որ գումար չկա, չպարզվեց, գիտեինք, բայց ի հայտ եկավ: Եվ հիմա, մենք՝ աշխատողներս, գումարներ հավաքեցինք, որ օգնենք մեր պետությանը: Ճիշտ է մենք դա սիրով ենք անում, բայց պետք է հասկանալ, որ պետք է կառուցենք ուժեղ պետություն»:
Աշխատավորների եւ նրանց շահերի պաշտպանների երթը հսկում էին քիչ թվով ոստիկաններ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ