Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանի փայլուն մրցելույթից հետո միայն հասարակությունը տեղեկացավ, որ չեմպիոնի ամուսինը՝ Էրիկ Կարապետյանը, այդ օրերին որպես կամավորական գտնվում էր արցախյան պատերազմի առաջնագծում:
Էրիկը հիմա Երեւանում է, բայց վաղը նորից մեկնելու է: Aravot.am-ի հետ զրույցում համեմատելով արցախյան պատերազմը եւ Նազիկ Ավդալյանի մարզումներն ու նվաճած մեդալները՝ Էրիկն ասաց. «Սա այն խնդիրն է, որ Նազիկի մարզումները չնչին են այն պայքարի համեմատ, որն այսօր ընթանում է Արցախի սահմանին: Նազիկի մեդալները, որքան էլ որ լինեն, բացարձակ կապ չունեն այն խնդրի հետ, որ մենք այսօր կատարում ենք»: Էրիկը խնդրեց Aravot.am-ի միջոցով փոխանցել հետեւյալը. «Թող ոչ-ոք կամավորների՝ սահման մեկնելու վրա չզարմանա: Դա նրանց էությունն է, սովորական բան ու ոչ ոք հերոսություն չի անում: Դա մեր, հայերիս գեների մեջ է»:
Ինքը՝ Նազիկ Ավդալյանը, ասաց. «Իհարկե, բոլորի պես անհանգստանում եմ: Բայց որոշում կայացնողը նա է: Ես նրան չեմ ասում՝ մի գնա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Նազիկ Ավդալյանի ՖԲ էջի