«Արցախպրես». Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանն ընդունել է շուրջ 20 հազար սիրիացի փախստականների: Նշվում է, որ Հայաստանը փախստականներին ընդունելու թվով երրորդ երկիրն է Եվրոպայում:
Ամերիկայի հայկական համագումարը փաստում է, որ փախստականների խնդրի մասին ահազանգել է ավելի շուտ, քան աշխարհի ուշադրությունը սևեռվել է սիրիական ճգնաժամի վրա: «Մեզ շարունակում են անհանգստացնել Սիրիայում տիրող բռնություններն ու անկարգությունները, ինչի հետևանքով ազգային փոքրամասնությունները ստիպված են լինում իրենց կյանքը փրկելու համար փախչել ու ապաստան գտնել այլ երկրներում: ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ ենք անում դիմել Կոնգրեսին՝ 2017թ. ֆինանսական տարվա՝ փախստականներին օգնելու համար նախատեսված ծրագրերի համար հատկացվող միջոցներից Հայաստանին 15 միլիոն դոլար հատկացնել, ինչպես նաև հետևել, որպեսզի օգնությունը լինի հասցեական, որպեսզի բոլոր նրանք, ովքեր մարդասիրական օգնության կարիք ունեն, ստանան այն»,- ասված է հաղորդագրության մեջ: