Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարգարիտ Մուրադյանն իր մարմնավորած կերպարներով սերմանում էր սեր ու բարություն

Ապրիլ 30,2016 13:22

Երկրային կյանքին հրաժեշտ տվեց ևս մի երևելի անհատականություն` ՀՀ ժողովրդական արտիստ Մարգարիտ Գրիգորի Մուրադյանը` հանրության  և  թատերաշխարհի սիրելի Մարգո Մուրադյանը, ում կյանքը եղել է համակ սեր ու նվիրում`ընտանիքին և սիրելի թատրոնին:

Մարգո Մուրադյանը ծնվել է 1927 թվականին, Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1945 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի  գեղարվեստա-թատերական ինստիտուտը, որը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո` 1945 թվականին աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային  ակադեմիական թատրոնում: Իր բնատուր տաղանդի և հրաշալի բեմական արտաքինի շնորհիվ Մարգո Մուրադյանը մշտապես կերտել է քնարական հերոսուհիների կերպարներ` տարիների ընթացքում դառնալով հայ բեմի նշանավոր արվեստագետներից մեկը: Նա քնարական հուզական կերպարներ մարմնավորելու բարձրարվեստ վարպետ էր և ժամանակի ընթացքում համալրեց ակադեմիական թատրոնի այնպիսի փառահեղ դերասանների շարքերը, ինչպիսիք էին` Գուրգեն  Ջանիբեկյանը, Էդգար Էլբակյանը, Բաբկեն Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը և շատ ուրիշներ:

Նա իր կերտած հրաշալի կերպարներով հանդիսատեսի մեջ սերմանել է սեր, ազնվություն, բարություն ու նվիրում: Մ. Մուրադյանը ոչ թե խաղացել,  այլ`  ապրել է  բեմում, ապրեցնելով  նաև  իրենով  հմայված  հանդիսատեսին:  Նրա  ստեղծագործական  վերելքը շարունակվել  է  անընդմեջ և տարիքի  առաջանալուն  զուգընթաց  շատ  սահուն  անցում  է  կատարել  ավելի  հասուն  տարիքի  դերերի`  միշտ մնալով  բեմական,  հմայիչ  ու  առինքնող:  Նրա  մարմնավորած կերպարները  իրենց  ուրույն  տեղն  են  գրավել հայ  թատրոնի  հարուստ  ու  բազմաբովանդակ  պատմության  մեջ. Անյա` «Բալենու  այգի», Դեզդեմոնա`  «Օթելլո», Օֆելյա` «Համլետ»,  Կորդելիա` «Լիր  արքա»,  Շուշանիկ` «Քաոս», Սուսան` «Նամուս», Մարթա` «Ծառերը  կանգնած  են  մեռնում», Նունիկ` «Իմ  տունը`  քո  տունը  չէ», Մարգո` «Իրարանցում»,  Սոֆիա Ալեքսանդրովնա` «Արբատի  զավակները», Շողեր`«Նույն  հարկի  տակ», Մերի`«Բրոուդի ամրոցը», Ագլայա`«Ապուշը»:

Մարգո Մուրադյանը  քնարա-դրամատիկական շնչի դերասանուհի էր: Վերը նշված և չնշված բազմաթիվ կերպավորումներ ի հայտ են բերել դերասանուհու ոչ միայն  քնքուշ, քնարական  ներաշխարհը, մարդկային  արժանապատիվ,  ազնվաբարո և  հուզական  նկարագիրը,  այլև  մտածող ու խոհական  մարդու ազգային  կենսահաստատ  փիլիսոփայության  կրողին: Հրաշալի էր 1998 թվականին  բեմադրված  Ալդո  Նիկոլայի «Վերադարձ Սորենտո» ներկայացման մեջ նրա  մարմնավորած  Նինուչայի  կերպարը` իր բարությամբ, հուզականությամբ, հոգու ջերմությամբ և կյանքի նկատմամբ ունեցած երիտասարդական, գրեթե  պատանեկան  սիրով:

Մարգո Մուրադյանը անսահման բարի, զուսպ, հավասարակշռված և խաղաղասեր մարդ էր, անդավաճան` թատրոնին, ընկերներին ու ընտանիքին: Նրա ընտանիքը նույնքան գեղեցիկ էր ու սիրելի` նշանավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի գլխավորությամբ:

Մարգո Մուրադյանի ծառայությունները հայ թատրոնին աննկատ չեն  մնացել: Նա բազմիցս պարգևատրվել է մեդալներով ու պատվոգրերով. 1956 թվականին Մոսկվայում  կայացած Հայաստանի  արվեստի տասնօրյակին մասնակցելու համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով,  հետագայում`  ՀՀ  գերագույն խորհրդի պատվոգրով: Դրամատիկական թատրոնների  համամիութենական փառատոնում արժանացել է դափնեկրի դիպլոմի, մի շարք անգամներ  ընտրվել է շրջանային, քաղաքային  խորհուրդների պատգամավոր: 2002 թվականին արժանացել է ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակի, 2007 թվականին ծննդյան 80 ամյակի կապակցությամբ` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ 2013 թվականին` ՀՀ  Ազգային ժողովի պատվո մեդալի:

1961 թվականին  անվանի  դերասանուհուն  շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1978 թվականին` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներ:

Մարգարիտ Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 1-ին,ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիսեկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 2-ին, ժամը 12:00-14:00-ն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիականթատրոնում /հասցե` Գ. Լուսավորչի 6/: Հուղարկավորությունը՝ Երևանիկենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/:

Կառավարական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930