Հայ ազգային կոնգրեսը երեկ տարածել է տեղեկատվություն, որ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անցկացրել է Կոնգրեսի նիստ, որտեղ անդրադարձել է ղարաբաղյան խնդրում ստեղծված նոր իրավիճակին, նաև այդ համատեքստում ներքաղաքական նոր զարգացումների հեռանկարներին: Դա հետաքրքրական ասպեկտ է, եթե նկատի առնենք այն, որ քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, փաստորեն, նպաստեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դերի ակտիվացմանը՝ ընդունելով հանդիպման նրա առաջարկը:
Այդ հանդիպումից հետո եղավ Տեր-Պետրոսյանի հայտնի պարզաբանումը, որով նա, ղարաբաղյան խնդիրը և նոր իրավիճակը մատնացույց անելով, հայտարարեց Սերժ Սարգսյանի վրա ներքին ճնշման աննպատակահարմարության մասին, որպեսզի արտաքին հարթության վրա ամուր լինեն նրա բանակցային դիրքերը: Հետագա զարգացումները ստացան ուշագրավ բնույթ, և Սարգսյան-Տեր-Պետրոսյան հարթությունը կարծես թե որոշակիորեն հանդարտվեց: Ավելին՝ Հայ ազգային կոնգրեսը մի քանի կոշտ հայտարարություններ արեց Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, թեև իհարկե, խոշոր հաշվով, այդ հայտարարությունները ավելի շուտ հիշեցնում էին արարողակարգ, քան դիրքորոշում:
Եվ ահա, Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, ՀԱԿ-ին ներկայացրել է հետագա գործողությունների նոր ռազմավարություն: Ինչպիսին է այն՝ կարող ենք միայն ենթադրել, քանի որ մանրամասներ հրապարակված չեն: Սակայն ուշագրավ է, որ Տեր-Պետրոսյանն այդ խնդրին է անդրադառնում այն բանից հետո, երբ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով դիտվում է որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի, ըստ էության, դե ֆակտո համակարգող և առաջնորդող:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: