Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը ապրիլի 30-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխություններին:
Նա ասաց, որ կարգավորվել է մինչեւ տասնչորս տարեկան երեխաների աշխատանքի իրավունքի կարգավորումը, որը հիմնականում վերցված է միջազգային իրավունքի նորմերից: Ըստ նրա, այն հանգամանքը, որ աշխատանքի իրավունքի կարգավորումը առկա չէր, խնդիրներ էր առաջացնում, քանի որ նման աշխատանք կար, եւ կարգավորված չլինելը ավելի ռիսկային էր դարձնում: Մյուս փոփոխությունը կապված է աշխատանքային պայմանագրի բովանդակության հետ, մասնավորապես՝ կատարվել է լրացում՝ ավելացվել է արձակուրդի տեսակը եւ տեւողությունը:
Թադեւոս Ավետիսյանի խոսքերով՝ Աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխություններով երիտասարդների՝ աշխատաշուկա մուտք գործելն ավելի դյուրին է դարձել. «Մասնավորապես՝ նախատեսվել է, որ բացի փորձաշրջանի տեւողությունից նաեւ հստակ պետք է սահմանվեն դրա պայմանները: Դա առավել կնվազեցնի գործատուի հայեցողական մոտեցումը կամ աշխատողի՝ նայած թե ով է սահմանում փորձաշրջան՝ փորձաշրջանի ավարտին՝ այդ հարաբերությունները շարունակելու կամ դադարեցնելու իմաստով: Նաեւ հստակ նշվել է, որ փորձաշրջանի դեպքում արդեն փորձաշրջանն ավատված անձի հետ հարաբերությունները, եթե շարունակվում են, ապա նոր պայմանագիր պետք չէ:
Անդրադարձ է կատարվել նաեւ աշակերտության ինստիտուտի կարգավորմանը, այսինքն՝ մարդիկ, որոնք պետք է անցնեն աշխատանքի եւ ուսուցում են անցնում գործատուի մոտ սահմանվել է, որ գործատուն ընդամենը պետք է կրթաթոշակ վճարի՝ նախկին աշխատավարձի փոխարեն: Կարծում եմ՝ առավել դյուրին են դարձել այդ հարաբերությունները»:
Կարդացեք նաև
Սակայն, Թադեւոս Ավետիսյանի խոսքերով, օրենսդրական խնդիրներ եւս կան. Հայաստանը ամբողջությամբ Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայի բոլոր նորմերի պահանջները դեռ չի կատարում: Շուրջ 10-11 կետերով դեռ անհամապատասխանություններ կան. «Բայց դրանք առկա են նույնիսկ Եվրամիության անդամ երկրներում: Դրանք հիմնականում վերաբերվում են կոլեկտիվ պայմանագրերին, 24-ժամյա աշխատանքային ռեժիմին եւ ընդհանուր առմամբ՝ սոցիալական գործընկերության որոշակի դրույթներին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ