Պարզվում է՝ թանկ կամ բիզնես դասի ավիատոմսերից օգտվելու սովորություն ունի նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ մարտի 27–30֊ը Երևան-Փարիզ-Ժնև–Լոնդոն-Վաշինգտոն մեկ բիզնես դասի համար ԱԳՆ-ն «Ատլանտիս տուր–4+1» ընկերությանը վճարել Է 3 մլն 579 հազար 578 դրամ կամ 7300 դոլար։ Իսկ նույն չվերթի արդեն էկոնոմ դասի մեկ ավիատոմսի համար վճարվել է մոտ երեք անգամ ավելի քիչ՝ 1 մլն 198 հազար դրամ։ Ամենայն հավանականությամբ բիզնես դասի տոմսը գնվել է Նալբանդյանի, իսկ էկոնոմ դասինը նրան ուղեկցող ԱԳՆ որևէ պաշտոնյայի համար։ Ստացվում է, որ այդ ողջ ճանապարհին նախարարը վայելել է լիակատար հարմարավետություն և չի շփվել օդանավի հետին նստատեղերից մեկում նստած իր ենթակայի հետ։ Բայց խնդիրն այն է, որ ԱԳՆ-ն միայն այդ 2 ավիատոմսի համար վճարել է մոտ 10.000 դոլար։ Իսկ այս չվերթից ընդամենը օրեր հետո Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ հայկական բանակը կռվում Է 80-ականների զենքով։
Համեմատության համար նշենք նաև, որ անցած տարվա սեպտեմբերին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստին մասնակցելու համար Երևանից Գրոդնո մեկնելու համար վարձել Էր վրացական «Ջորջիան Էյրվեյս» ավիաընկերությանը պատկանող «Գոլֆստրիմ-450» մակնիշի ինքնաթիռը, որի ծառայության համար վճարել է 13 միլիոն 166 հազար 800 դրամին համարժեք դոլար (27 հազար 430 դոլար)։ Ընդ որում, վրացական ավիաընկերությունը տարել, մեկ օր սպասել և վերադարձրել է մերոնց հայրենիք։
Ավելացնենք նաև, որ ապրիլյան այն օրերին, երբ ղարաբաղաադրբեջանական սահմանին թեժ մարտեր էին գնում, Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը զբաղված էր իր նոր տարածքների ներքին հարդարմամբ։ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ պատերազմական ամենաթեժ օրերին ապրիլի 4-ին, ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել «Անի դիզայն» ընկերության հետ, որ 8,5 միլիոն դրամով գնի մոտ 650 մետր վարագույր ու 40 մետր վարագույրի քիվեր։ Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն մի քանի այլ նախարարությունների հետ միասին վերջերս տեղաբաշխվեց Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող կառավարության նոր շենքը:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: