Եվրատեսիլ-2016 երգի մրցույթի կազմակերպիչները ներողություն են խնդրել բոլոր նրանցից, ովքեր վիրավորվել են կազմակերպիչների նախաձեռնած, այսպես կոչված, դրոշային քաղաքականությունից։ Այս մասին հաղորդում է ուկրաինական Reporter.ua-ն։
Երգի այդ մրցույթի կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ արգելված դրոշների մասին հրապարակված ցուցակը ընդամենը նախնական «սևագրային» տարբերակ էր, և իրենք ներողություն են խնդրում բոլոր նրանցից, ովքեր վիրավորվել են իրենց համար հարազատ դրոշի՝ այդ ցուցակում հայտնվելու պատճառով։
Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել էր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայանալիք Եվրատեսիլ-2016 երգի մրցույթին վերաբերվող կանոնակարգային որոշ մանրամասներ։
Ըստ այդմ՝ նոր օրենքներով, Եվրոպայում մեծ տարածում ունեցող երգի մրցույթի ժամանակ արգելվել էր մրցույթի անցկացման դահլիճ բերել և ծածանել դրոշներ, որոնք խորհրդանշում են կրոնական, քաղաքական, առևտրային վիճելի հարցեր։
Կարդացեք նաև
Որոշումը հրապարակելիս, կազմակերպիչները ներկայացրել էին նաև դրոշների այն ցանկը, որոնք կարգելվի մտցնել Եվրատեսիլ-2016-ի անցկացման տաղավար և ծածանել դրանք համերգի ընթացքում։ Արգելված դրոշների շարքում, ի թիվս Պաղեստինի, բասկերի պետության, Կոսովոյի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշների, հայտնվել է նաև Արցախի պետական դրոշը։
Ի դեպ, Եվրատեսիլը որոշել է թույլատրել համերգի ընթացքում դահլիճ բերել և ծածանել Եվրամիություն ու ԼԳԲՏ (հապավումը կազմված է լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր բառերի սկզբնատառերից,-խմբ.) դրոշները։
Տեղեկացնենք, որ Եվրատեսիլ 2016-ի կիսաեզրափակիչ առաջին փուլը կկայանա մայիսի 12-ին։ Երգի այդ մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը Love Wave երգը կներկայացնի նույն օրը։ Մեր երկիրը ներկայացնող մասնակիցը հայտավորված է 7-րդ համարի ներքո։
Հավելենք նաև, որ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ավելի վաղ մեկնաբանել էր Եվրատեսիլի, այսպես կոչված, դրոշային քաղաքականությունը, հայտարարելով, որ մեր պատվիրակությունը իր հետ անպայման տանելու է նաև Արցախի Հանրապետությանը դրոշը։