Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. «այս պահին նպատակահարմար չէ բանակցությունների վերսկսումը». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 30,2016 09:00

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ հետ

   -Հայաստանը մշտապես եղել է բանակցային գործընթացի կողմնակից։ Ստացվել է այնպես, որ համանախագահները հիմնականում զբաղվել են Ադրբեջանի քաղաքական կապրիզները «մեղմելով»՝ նրան բերելու բանակցային սեղանի մոտ: Բայց հիմա՝ քառօրյա պատերազմից հետո, Հայաստանը, կոշտացնելով իր դիրքորոշումը, հստակ հայտարարում է՝ երբ գնում են մարտական գործողություններ, երբ Ադրբեջանը խախտում է 1994թ. զինադադարի պայմանները, բանակցությունների վերսկսման մասին խոսելն անհնար է: Ինչպե՞ս կլուծվի այս փակուղին:

-Չկա այնպիսի իրավիճակ, որ հակամարտությանը չհաջորդեն բանակցությունները՝ թե՛ գլոբալ, թե՛ լոկալ մակարդակով: Սա հայտնի ճշմարտություն է: Բայց կա հարցի մյուս կողմը. ե՞րբ սկսել այդ բանակցությունները, որպեսզի դրանք լինեն արդյունավետ, ե՞րբ սկսել, որպեսզի հնարավոր լինի դրանք առաջ մղել:

Առաջին կարեւոր հանգամանքն այն է, ինչի մասին հայտարարում է հայկական կողմը՝ նստել, բանակցել, երբ հնչում են կրակոցներ ու արյուն է թափվում՝ հնարավոր չէ: Ավելին՝ դա կլինի անհասկանալի, անբնական մի բան: Հետեւաբար հայկական կողմը դնում է շատ հստակ ու անհրաժեշտ պայման. որպեսզի բանակցությունները ե՛ւ տեղի ունենան, ե՛ւ լինեն արդյունավետ, Ադրբեջանը պետք է հարգի զինադադարը:

Կա նաեւ երկրորդ բաղադրիչը. որպեսզի բանակցությունները լինեն արդյունավետ, պետք է լինի փոխադարձ վստահություն:

Ես ուզում եմ մի կարեւոր բան շեշտել. երբ ասում ենք, որ այս պահին նպատակահարմար չէ բանակցությունների վերսկսումը, թող սխալ չընկալվի, թե ասում ենք՝ այլեւս բանակցություններ չեն լինելու, թե խնդիրը բանակցային դաշտում այլեւս չի քննարկվելու: Հարցը հետեւյալն է. կրկնում եմ, եթե սահմանին արյուն է թափվում, բանակցությունների սեղանի շուրջ ինչի՞ մասին կարող են բանակցել:

Ինչ վերաբերում է փակուղուն, ապա այդ մասին Հայաստանի ու Արցախի հանրապետությունները մեկ անգամ չէ, որ զգուշացրել են ու ահազանգել միջազգային հանրությանը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահներին: Վերջը եկավ ու հասավ քառօրյա պատերազմին: Պետք է լինի կայուն զինադադար, պետք է վերացվեն ուժի եւ ուժի սպառնալիքի բոլոր դրսեւորումները։ Սա այն է, ինչի մասին նշվում է որպես երրորդ քայլ: Այսինքն՝ անվտանգության երաշխիքներ ասվածը նշանակում է ուժի եւ ուժի սպառնալիքի վերացում:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930