Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկվությունից զուրկ սերունդը

Ապրիլ 30,2016 10:00

«Գաղութատերերի կողմից դաստիարակված էլիտան իր ժողովրդի առաջին թշնամին է»: Այդ միտքն էր արտահայտել Մահաթմա Գանդին՝ որոշակի ջրբաժան դնելով անկախության համար պայքարող իր երկրի քաղաքացիների միջեւ: Հնչում է շատ գեղեցիկ, բայց Լոնդոնում իրավաբանի կրթություն ստացածի համար բավականին վիճահարույց է: Այսինքն՝ ինքը՝ Գանդին, չէր կարող անմասն մնալ գաղութատերերի մշակութային եւ քաղաքակրթական ազդեցությունից: Դրանք մետրոպոլիայի քաղաքական ազդեցության անբաժանելի մասն են: Ուրիշ հարց, որ գիտակից մարդիկ, երբ այդպիսի հնարավորություն է ընձեռվում, փորձում են այդ՝ քաղաքական ազդեցությունից ձերբազատվել:

1965 թվականից հետո խորհրդային Հայաստանի կուսակցական եւ մտավորական վերնախավը` դաստիարակված լինելով, այո, գաղութատերերի կողմից, սկսեց, այնուամենայնիվ, բարձրաձայնել մեր ազգային խնդիրները: Իհարկե, դա արվում էր Մոսկվայի թույլտվությամբ եւ Կենտրոնի կողմից գծած սահմաններում: (Այն անհատները, որոնք, ի պատիվ իրենց, դուրս էին գալիս այդ սահմաններից, դաժան կերպով հետապնդվում էին խորհրդային իշխանությունների կողմից): Բայց բարի խոսքերի են արժանի նաեւ նրանք, ովքեր, չհակադրվելով խորհրդային խաղի կանոններին, ժողովրդին, այնուամենայնիվ, դրական լիցքեր էին հաղորդում՝ զուտ ազգային մտածողության առումով: Չթվարկեմ այդ արվեստագետներին, գիտնականներին, կուսակցական աշխատողներին (ներառյալ, իհարկե, հանրապետության առաջին դեմքերին)՝ անունները բոլորին են հայտնի, եւ պատմաբանները, կարծում եմ, արժանին կմատուցեն նրանց:

Այդ վերնախավով մենք հասանք 1988 թվական, եւ պարզվեց, որ գաղութատերերի կողմից ամբողջությամբ դաստիարակված էլիտան իր պատմական դերն արդեն կատարել է: Խիստ բառեր հնչեցին նրանց հասցեին, երբեմն անարդար, բայց պարզ դարձավ, որ այդ մարդիկ, իրենց բոլոր արժանիքներով, արդեն «հնացել են»: Եկավ նոր սերունդը, որը նույնպես մասամբ դաստիարակվել է նույն գաղութատերերի կողմից, բայց մյուս կողմից՝ հասկանալով, որ պիտի ապրի բոլորովին այլ պետության մեջ, այս կամ այն ինտենսիվությամբ ու հաջողությամբ փորձում էր «ինքնադաստիարակվել»: Այդպիսին է իմ սերունդը, որի կյանքը «կիսվել է» գաղութային եւ ոչ գաղութային ժամանակաշրջանով:

Մեր մասին էլ, հավանաբար, կասեն լավ կամ վատ բաներ, բայց կարեւորը դա չէ: Կարեւորն այն է, որ մենք էլ ենք կամաց-կամաց «հնանում»: Այսօրվա 20-25 տարեկանները չունեն այդ «երկվությունը», չունեն անձնական նոստալգիկ հիշողություններ, ծնվել եւ մեծացել են հայկական, լավ թե վատ, պետությունում: 15 տարուց, երբ մենք թոշակի գնանք, իսկ նրանք լինեն որոշումներ ընդունողների շարքերում, այդ՝ եկող սերունդը պետական կյանքում կառաջնորդվի բոլորովին այլ՝ նոր սկզբունքներով:

Մնում է, որ այդ մեր ակտիվ 15 տարիների ընթացքում մենք մեր երիտասարդներին շատ չհիասթափեցնենք:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Մնում է, որ այդ մեր ակտիվ 15 տարիների ընթացքում մենք մեր երիտասարդներին գոնե հանձնելու բան ունենանք…

  2. Ruben says:

    «Հնացած» Նազարբաեւի, Լուկաշենկոի, Բերդիմուհամեդովի, Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի կառավարած երկրների միջեւ տարբերությունը տեսնու՞մ եք:
    Փոքրիկ Իսրայելի, նրա “սփյուռքի” տարբերությունը Հայաստանի ու հայկական սփյուռքի միջեւ տեսնու՞մ եք:
    «Խնձորը ծառից հեռու չի ընկնում»: Նոր սերունդը հնի ժամանակակից շարունակությունն է: Զինվորից զինվոր է ծնվում, հայրենասերից՝ հայրենասեր, մուրացկանից՝ մուրացկան, չարչից՝ չարչի, դասալիքից՝ դասալիք, չախկալից՝ չախկալ, մեկ-մեկ էլ սոխակից՝ կկու:

  3. Հ.Շ. says:

    Շաբաթավերջին, մենք, արդէն «գրեթէ-ծերունի»ներս,
    խոկանք ուրեմն այս մասին,
    հետեւեալ երգերի ընկերակցութեամբ…
    (յուսալով որ նոր բոթեր չենք ստանար ռազմաճակատից)

    https://www.youtube.com/watch?v=1yRnD3_AAfw

    https://www.youtube.com/watch?v=HUmS4cIfMzw

    https://www.youtube.com/watch?v=2bvoquyDw2k

    https://www.youtube.com/watch?v=HN4niw5AOfk

    Հետաքրքիր է, Հայսատանի մէջ յաճախ «հայրիկ» ըսելով կը խօսին հետս:
    Իսկ Արցախ, «ծածա» եմ անշուշտ, կամ աւելի ճիշդ, կրճատված՝ «ծած’…» :

    (Երկվութիւնին դեռ փառք տուր, սիրելի Խմբագիր: Հապա եթէ լինէր երեքվութիւն, նոյնիսկ չորսվութիւն – երբ որ աքսորի մէջ անգամ հարկաւոր եղած է օտար ծննդավայրից տեղափոխվիլ մի այլ օտար երկիր – ու տարբեր աշխարհ – … Հայու ճակատագիր… )

  4. ominac says:

    Մէյ մը որ թշնամի փնտռել սկսինք, ամէն տեղ հատ մը պիտի գտնենք։ Իսկ միջազգային խաղերու վերլուծութեան վերջը շատ չի երեւիր։ Աւելի լաւ է մեր ժամանակը վատնենք մեր կատարողութիւնները զարգացնելով։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930