Ըստ քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի՝ ԼՂ հարցում
քաղաքական երկխոսության բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել
– Չորսօրյա պատերազմից հետո ԼՂ հարցի կարգավորման համար բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային տարբեր ատյաններ, սակայն, կրկնում են այն նույն պնդումները, որոնք արել են այս տարիների ընթացքում: Քաղաքական երկխոսության հնարավորություն Ադրբեջանի հետ կա՞, ինչի մասին Երեւանում հայտարարեց նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
– Պետք է փաստել, որ իսկապես ապրիլյան իրադարձություններից հետո նոր իրավիճակ է ստեղծվել: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը, ինչը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ, իսկ Ադրբեջանը հետեւողականորեն գործընթացը վերջնական տապալման է տանում: Քաղաքական երկխոսության բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել, սակայն Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու համար ժամանակ է պետք: Դժվար է դրական արդյունք ակնկալել երկխոսությունից, երբ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է զինտեխնիկա եւ մարդկային ուժ կուտակել զինված դիմակայության գոտում, այլեւ ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական դիրքերն ու բնակավայրերը:
– Այս փուլում կրկին հարցի կարգավորման նախաձեռնությունը վերցնելով՝ ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ Լավրովը գալիս է նոր առաջարկներով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ամերիկյան պարբերականին տված վերջին հարցազրույցում ասել էր, որ Լավրովը նոր առաջարկներ չի արել: Ինչո՞ւ Սերգեյ Լավրովը շրջանառության մեջ դրեց 1994-1995 թվականների պայմանագրերը, դրանք հայկական կողմերին ձեռնտո՞ւ էին:
Կարդացեք նաև
– Պետք է մեկ բան հստակ արձանագրել. ռուսական նախաձեռնողականությունը համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների կողմից, եւ ռուսական կողմի ակտիվությունը պետք է դիտարկել այդ համատեքստում: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «լավրովյան առաջարկներին», ապա ռուսական լրատվամիջոցները դրանով նվազագույնը երկու խնդիր էին լուծում՝ «հետախուզում» էին հանրային կարծիքն ու ընդգծում «ֆորս-մաժորային» իրավիճակում ռուսական կողմի դերակատարությունը: Չորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանն ամեն ինչ անում էր կրակի դադարեցման վերաբերյալ նոր՝ գրավոր փաստաթղթի ընդունման համար՝ Հայաստան-Ադրբեջան ձեւաչափում, ինչը հակասում էր հայկական կողմի կենսական շահերին: 1994 թվականի հրադադարի մասին, ինչպես նաեւ 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրերը եռակողմ՝ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան ձեւաչափում են: Ադրբեջանի ջանքերը՝ դուրս թողնել Արցախն այդ կարեւոր փաստաթղթերից, ձախողվեց: Այդ տեսանկյունից ՌԴ արտգործնախարարության դիրքորոշման վերահաստատումը շատ կարեւոր էր:
– Նախագահ Սարգսյանի՝ Bloomberg մեդիա ընկերությանը տված հարցազրույցը հիմք դարձավ ռուսական մամուլում վերլուծությունների, որ Հայաստանը հրաժարվում է բանակցություններից: Կա՞ այդպիսի բան:
– Այս թեզն Ադրբեջանն է փորձում միջազգային կառույցներում շրջանառել՝ իր վրայից ագրեսորի թիկնոցը դեն շպրտելու համար: Իրականում բոլորի համար էլ տեսանելի է, թե ովքե՞ր, ե՞րբ եւ ինչո՞ւ նախաձեռնեցին մարտական գործողությունները: Հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը հրաժարվում է բանակցություններից, հեռու են իրականությունից: Անկախ այն հանգամանքից, որ պաշտոնական Երեւանը հասկանալի պատճառներով կոշտացրել է իր դիրքորոշումը բանակցային գործընթացում, խաղաղ կարգավորումը հայկական կողմի համար եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նախընտրելի ճանապարհը: Այլ բան է, որ Ադրբեջանն իր հովանավորի՝ Թուրքիայի հրահրմամբ գործընթացն էսկալացիայի է տանում՝ հարվածի տակ դնելով այն ամենը, ինչին հնարավոր էր եղել հասնել վերջին երկու տասնամյակում: Հայաստանը միայն արձանագրում է Ադրբեջանի հեռացումը բանակցությունների սեղանից ու մատնանշում այն քայլերը, որոնք հնարավորություն կտան վերադառնալու բանակցային պրոցեսին:
– Խոսում ենք չորսօրյա պատերազմից, սակայն, կարծես, պատերազմը չի ավարտվել, շփման գծում հակառակորդի հրանոթները չեն լռում:
– Չորսօրյա պատերազմ ասածը պայմանական ձեւակերպում է, ճիշտ է՝ ապրիլի առաջին օրերի մասշտաբների համեմատ այսօր իրավիճակն առավել կայուն է, մարտերն առավել լոկալ բնույթ են կրում, սակայն էսկալացիայի մեծ վտանգը պահպանվում է:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
29.04.2016