Լրահոս
Օրվա լրահոսը

Սա մեր հայրենիքն է

Ապրիլ 30,2016 17:30

Ղարաբաղից վերադարձին Գորիս-Վայք հատվածում շինարարական աշխատանքներ էին ընթանում՝ լավ է ուշացումով, քան… Հայաստանի նախագահի հրամանով բարձրաստիճան զինվորականներ ազատվեցին աշխատանքից՝ լավ կլիներ նաեւ, որ պաշտոններից ազատվածները, պաշտոնները դեռ վայելողները տուրք վճարեին հայրենիքի սահմաններում ստեղծված իրավիճակի համար՝ ամեն մեկը ի պաշտոնե իր պատասխանատվության եւ ունեցվածքի չափով: Օրերս Երեւանում ցուցարարներին ցրելու պահին Ստեփանակերտից ընկերուհիս զանգեց, հարցրեց. «Ճի՞շտ է, որ Օպերայից ավտոբուսներ են զինվորներով լիքը Ղարաբաղ շարժվում»: Ամաչեցի, ի՞նչ ասեի, ասեի, որ «մեր էլիտստորաբաժանումները» հարձակվել են ցուցարարների, լրագրողների վրա՞: Հայաստանի գլխավոր հրամանատարի տեղը թե լինեի՝ դրանց սահման «կգործուղեի»: Բայց դե չէ, չէին գնա, գնան ի՞նչ անեն, այստեղ են դիրքավորված, այստեղ է նրանց առաջնագիծը:

Կրկին հրթիռակոծվել է Մարտակերտը, այսօր գոնե հեռախոսակապ կա, գիշերվա կեսին զանգում եմ մարտակերտցի սաներիս, քաղաքապետին՝ այո, Մարտակերտը կրկին հարվածի տակ է: Առաջին պատերազմի հրապարակումներիցս մեկում՝ 1993-ին գրել էի. «…այս պատերազմը բարձունքային կարելի է անվանել՝ բարձունքը վերցրեցիր՝ նրա շուրջ տարածքը քո պատմական հայրենիքն է դառնում, չպահեցիր՝ նրանց պատմական հայրենիքը…»: Պատահեց այնպես, որ 23 տարի անց նրանք են համացանցում լուսանկարներ տարածում իրենց պաշտպանության նախարարի «ազատագրված տարածքներ» այցի մասին: Իրականում «ազատագրվածը», բարեբախտաբար՝ շատ չէ, բայց բավական՝ նրանցում ամրագրվելու եւ լարվածությունը պահելու համար: Հուսանք, նրանց այցը մեր հայրենիքի այս փոքր հատված կարճատեւ կլինի:

Մինչ առաջնագիծ գնալը սպաներից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, Ղարաբաղի «Լուսարար» թերթն ինձ տվեց, ուր դստեր շարադրությունն էր տպագրվել. «Էս երեխեքն են մեր հայրենիքի պահապանները, հանուն նրանց ենք կռվում»՝ ասաց: Երեւանում միայն կարդացի, հրաշալի մտքերի մի ամբողջականություն: ԼՂՀ անհայտ կորածների հարազատների միությունը բարձր դասարանցիների համար շարադրությունների մրցույթ էր հայտարարել՝ հայրենասիրական մի քանի թեմայով: «Հայրենիքի սահմանների պաշտպանությունը բոլորիս սրբազան պարտքն է» խորագրով շարադրությունների շարքում հաղթող է ճանաչվել Մարտակերտի Վլադիմիր Բալայանի (Մարտակերտի մարտերում զոհվեց, 1992-ի հուլիսին-Ա. Բ.) անվան թիվ 1 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Սեդա Գրիգորյանը: Մարտակերտցի սպա Արմեն Գրիգորյանը Հայաստանից է, առաջին պատերազմին եկավ ու մնաց Ղարաբաղում: Դուստրը՝ Սեդան, 21-րդ դարի առաջին ղարաբաղցիներից է, Մարտակերտում է ծնվել 2001-ի հունվարի 1-ին:

4-4-2

«Չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց իմ հայրենիքը սկսվում է սահմանից, որտեղ ես ապրում եմ: Այստեղ հրադադարներին մարդիկ ստեղծագործող, արարող, կառուցող են, իսկ թշնամու ոտնձգությունների ժամանակ ազգովի զինվոր են դառնում… ամիսներ հետո եղբայրս կզինվորագրվի հայրենիքի պաշտպանությանը՝ իմ ու բոլորիս հայրենիքի»,- գրել էր աղջիկը:

Մեր հայրենիքի սահմանագծի այս կտորում հյուրընկալվեցի Տեր Բարսեղի հրաշալի ընտանիքի տանը՝ հինգ զավակներ ունի տեր հայրը եւ երեցկին Գոհարը: Համոզում էին, որ գիշերեմ, առավոտյան նոր գնանք Մատաղիս, Թալիշ: Ապրիլյան խառնաշփոթ առաջին օրերին ԵՊՀ ուսանողներիցս շատերի հարազատները հենց այստեղ էին ծառայության. շփոթված ուսանողներիս հետ դասեր անելը գրեթե անհնար էր: Աստվածաբանության ուսանողուհիներիցս մեկին՝ Պապոյան Սոնային, խոստացա, որ Թալիշ լինելու դեպքում անպայման կտեսնեմ իր տանկիստ եղբայր Ալիկին:

Մարտակերտից Մատաղիս ճանապարհը «պալիգոնով»՝ նրանց կողմից դիտարկվող հատվածով, կամ «աբյեզդով»՝ այդ հատվածը շրջանցելով կարելի է անցնել: Քանի որ սաներս՝ Գեւորգյան ճեմարանի սարկավագներ Հովհաննես Անդրյանը եւ Գոռ Գյուրջյանը, մեր մեքենան «օրհնված» են համարում, ուրեմն Աստված մեզ հետ է, մենք էլ՝ Իր. «պալիգոնով» ենք գնում: Գոռը փոքր-ինչ անհանգիստ է, մի քանի օր առաջ դիրքերից իջնելիս հենց այս հատվածում թուրքերը խփեցին մեքենային, բարեբախտաբար՝ չկպան: Այնուամենայնիվ, շատ արագ ենք անցնում հատվածը: Մատաղիսը լեռան ստորոտում ծվարած կանաչ կղզյակ է, ուր 120-ին մոտ ընտանիք էր ապրում մինչեւ 2016-ի ծանր ապրիլը, այսօր զինվորականների հավաքատեղի է. հավաքվում են, բաժանվում՝ հրամանի համաձայն, ամեն մեկն առաջնագծի իրենց հատվածներով:

Մենք շարունակում ենք ճանապարհը դեպի Թալիշ, այստեղ՝ բարձունքներից մեկում, 1994-ի ապրիլի վերջին զոհվեց Մանվել Գրիգորյանի բրիգադի «զամպալիտը»՝ քաջարի Մեխակ Մեխակյանը: Երբ 94-ի օգոստոսին այստեղ էինք, անպայման ուզում էի տեսնել Մեխակի զոհվելու բարձունքը: Գնդապետ Ֆրունզե Ավագյանի հետ «Ուազիկ»-ով հասանք բարձունքը: Այն օրերին, ինչպես արդեն գրել էի, շփման գիծը շատ խաղաղ էր, բլուրներով հանգիստ կարելի էր տեղաշարժվել: Ղարաբաղից վերադարձին ռուսալեզու «ՀպրտցոսՌՍՈ ԸՐՎպվՌÿ» թերթում պատմել էի Մեխակի մասին. «Մեխակը այս բարձունքում, հենց այս տեղում զոհվեց: Լերկ այս բլուրում՝ ի հիշատակ Մեխակի փոքր մի խաչքար կա, չորացած ծաղիկների մի փունջ: «Բարեւ»,- հազիվ շշնջում է «պոլկովնիկը»՝ Ֆրունզե Ավագյանը: Այստեղ՝ այս բարձունքի լերկ հողին են ընկել արկերը… Բարձունքը Մեխակի անունն է կրում: Զրուցում եմ տղաների հետ: Հրամանատարի անունը, զարմանալի մի բան, նույնպես Մեխակ է: Երեք եղբայրով այստեղ են, չորրորդը վերջերս զոհվեց՝ Գյումրիից են եղբայրները…»:

…Թալիշը չնկարագրեմ, դժվար է, 92-ին ավերված տներին ավելացան նորերի ավերակները: Զինվորները թալիշցիների բակերում, տներում իրենց կենցաղն էին կազմակերպում: Միայն մի տան մոտ նստարանին տարեց մարդ կար: Կիսավեր շենքի անկյունում պատառոտած վահանակ նկատեցի՝ «Հանդիսությունների սրահ»-ից այդքանն էր մնացել: Մի տեղ ոչխարների հոտ էր ծվարել՝ տերերը երեւի գյուղում չէին: Սաներիս հետ Մարիամ Աստվածածին եկեղեցի մտանք, Գոռը նկատել էր, որ մաքրել էին եկեղեցու ներսը, թուրքի հարվածներից տուժել էր եկեղեցին: Հենց այստեղ էլ ուսանողուհուս՝ Սոնայի եղբորը՝ տանկիստ Ալիկին գտանք ու նկարվեցինք՝ անիրական թվացող մի հանդիպում մեր հայրենիքի սահմանագծին, Աստծո տան մոտ:

 
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930