Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը բացում է փակ դռները

Ապրիլ 30,2016 17:00

Դավիթ Գասպարյանն ասում է, երբ օրվա վերջում այդ արխիվները փակում
ու դուրս էր գալիս այնտեղից, ասես գերեզմանից, ինչպես նաեւ այս դեպքում

Ինքնորոշում միավորման նախագահ, Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանը Խորհրդային միությունում անլեգալ գործող «Ազգային միացյալ կուսակցության» 50-ամյակի նախօրեին հանրության սեղանին դրեց իր «Իմ բանտային յուշերից» փաստավավերագրական գիրքը: Այն ընդգրկում է 1965-1973 ժամանակահատվածը:

Ճանաչված գրականագետ, Չարենցագետ Դավիթ Գասպարյանն ասաց, թե հազարից մի գրողի գրքերի շնորհանդեսների չի մասնակցում. «Որովհետեւ ոչ գրողը կա, ոչ գրականությունը»: Անդրադառնալով քաղաքական գործչի գրքին՝ ասաց. «Ձերը բոլորովին ուրիշ էր: Որովհետեւ կա մարդը, կա ճակատագիրը, կա ժամանակը, պատմությունը»: Գրականագետը հիշեց 1988 թվականը, Հայրիկյանի մուտքը Ազատության հրապարակ: Զուգահեռ տանելով իր «Փակ գրքերի գաղտնիքը» գրքի հետ, ուր մեր գրական մեծերի արխիվային բազմաթիվ փաստաթղթերն էին զետեղված, նա ասաց. «Գրքին ծանոթացա: Հատվածներ եղան կարդացի: Անուններ կան, որոնք գրել են մեր ժամանակի պատմությունը. Աշոտ Նավասարդյան, Ստեփան Զատիկյան, Ազատ Արշակյան, էլի ուրիշներ: Ինքս սովորել եմ Երեւանի թիվ 11 դպրոցում, Օրջոնիկիձեի անվան, այդ դպրոցը նաեւ ազգային ոգու կենտրոն էր: Նավասարդյան Աշոտն այդ դպրոցում էր սովորել, Ռազմիկ Մարկոսյանը, ով այսօր կա, այդ դպրոցից էր: Եվ այն ամենը, ինչ մանկությունից եկավ դարձավ մեր ճակատագիրը, մեծ երանություն էր, որովհետեւ այնքան սերունդներ են երազել պետության, անկախության մասին ու կես ճանապարհին մնացել են: Ամեն կերպ այնպես եք արել, որ դեպքը խոսի, իրողությունը խոսի, եւ ոչ թե ենթադրությունն ու գեղարվեստական հնարքը: Այսօր մեր գրականությունը հեռացել է ընթերցողից: Որովհետեւ ճշմարտություն չկա մեջը: Այսօր մարդը որոնում է կենսագրական փաստ, ճակատագիր, իրողություն, մի բան, որ այս գրքում կար: Ես առիթներ եմ ունեցել արխիվներում լուսացնելու: Երբ նայում էի գրական մարդկանց ճակատագրերը, որոնք փակ էին, հարցաքննություն, աքսոր, գնդակահարություն, խենթանում էի: Մի փակ դռների գաղտնիք էլ այս գիրքն է»:

Հայրիկյանի բանտային օրագրությունը տպագրվել է ընկերների, Եղնուկյան ընտանիքի աջակցությամբ: Գիրքը դասական ուղղագրությամբ է:

«Ես մի փոքր շտապում եմ: Ուզում եմ պատմություն դարձած իրադարձությունների ինձ բաժին հասած հատվածի գոնե մի մասը հանձնել մեզնից հետո եկող սերունդներին»,- գրում է հեղինակը:

Գիրքը սկսվում է առաջին բանտի նկարագրությունից, որ բաժին է ընկել քսանը չբոլորած Հայրիկյանին:

5-1

Դա, ինչպես ինքն է գրում, Սովետական Հայաստանի մինիստրների խորհրդին կից Պետական անվտանգության կոմիտե կոչված ԿաԳէԲէ-ի Երեւանի բանտն էր՝ քննչական մեկուսարանը: Առաջին անգամ ՊԱԿ-ը քննել էր Պ. Հայրիկյանին, երբ նա պոլիտեխնիկականի ուսանող էր, 17 տարեկան: Չեկիստները հասել էին Երեւանի Նուբարաշենի դպրոց, ուր հայրենասիրական բովանդակությամբ թռուցիկներ էին բաժանել, բաժանողներից մեկն էլ աշակերտ, ՀԵՄ՝ Հայաստանի երիտասարդական միության անդամ Ազատ Արշակյանն էր:

Գրքում չեն մոռացվել ԱՄԿ անդամները՝ Մարզպետ Հարությունյանը, Ստեփան Զատիկյանի գործով դատված Շահեն Հարությունյանի կրտսեր եղբայրը, Մեսրոպ Ղազարյանը, որը Հայկազ Խաչատրյանի մտերիմն էր, որը նաեւ որպես վկա քննվել էր ԱՄԿ հիմնադիրների գործով:

Հայրիկյանը նաեւ չէր մոռացել իրենց դեմ մեղադրանքը պաշտպանած դատախազներին՝ ՊԱԿ-ի դատախազներ Ղամբարյանին ու Շլեպչյանին:

«Նրանք հաճախ էին ներկա գտնվում եւ մասնակցում էին հարցաքննություններին: Շլեպչյանը հպարտությամբ ներկայացավ, որ ինքն այն ժամանակ հայտնի եւ սիրված հեռուստահաղորդավարուհի Նարա Շլեպչյանի հորեղբայրն է: Ի պաշտոնե հսկող դատախազներ էին, եւ նրանց հիմնական առաքելությունն էր հսկողություն իրականացնել ՊԱԿ-ի աշխատանքների նկատմամբ, սակայն հիմնականում զբաղված էին քննիչներին օգնելով»,- գրում է Պ.Հայրիկյանը:

Անդրադառնալով «Երկունք», «Ցասում», «Փարոս 1» թերթերին, հուշագիրը հիշում է,. թե ինչպես են ծնվել այդ թերթերը, ինչպես են գաղտնի տպագրել դրանք, ինչ առաջնորդողներ էին եւ ինչ հոդվածներ են տպագրվել այդտեղ:

«Երկունք» թերթիկի նշանաբանն էր՝ «Մահ կամ ազատ Հայաստան», առաջնորդողն էր՝ «Անկախությունը որպես կենսական պահանջ»:

Գրքում տեղ են գտել հազվագյուտ նամակներ՝ ռուսական քաղաքական բանտերից, անգամ Հայրիկյանի փորձաքննությանը մասնակցելու նկարներից, ընկերների նկարներից:
«Դարձյալ պատժախցում եմ,-գրում է Բարաշեւոյից, 1971թ. սեպտեմբերին Հայրիկյանը,-այսօր լուսամուտից տեսա, ինչպես ավագ լեյտենանտ Լարինի եւ մի քանի հսկիչների ուղեկցությամբ պատժախուց են բերում մի անձնավորության, ում հետ մի քանի ամիս առաջ պատժախցում էի եղել՝ թոքախտավոր երիտասարդին: Եթե նրան պատժախուց են բերում, ուրեմն բացասական կերպար չէ: Լսեցի, ինչպես հերթապահի սենյակում նա ուղղակի բղավեց ցավից եւ հետո Լարինի ձայնը՝ դե, քեզ կարգին կպահես»: Հայրիկյանը նրան ներս չէր թողել, իսկ հսկիչն ասել էր՝ «Դու դեռ քոնը կստանաս»:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
Հ.Գ.- Հայրիկյանի գիրքը քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանի հանրագիտարանից հետո երկրորդն է, որը պատկերացում է տալիս բացառապես ԱՄԿ երդվյալ անդամների, նրանց քաղաքական գործունեության, նրանց դեմ կիրառված դատական պատիժների մասին: Միայն այս դեպքում ականատես վկան բացառապես Հայրիկյանն է:

 

«Առավոտ» օրաթերթ
29.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իմ խորին համոզմամբ այսօրվա հայաստանյան իշխանավորները անարդարցի,ապերախտ եւ ուրացող վերաբերմունք են դրսեւորում Հայաստանի անկախացման(եթե այսօրվանների խնդիրը անկախացումն էր…չոշշշշշ) համար(ասելով Հայաստան, նկատի ունեմ Սովետի դեմ):Փաստորեն Հայրիկյանը, իր ամեն ինչը ներդրեց ազատության համար…Եկան ուրիշները,վայելեցին,վայելում են եւ միայն Աստված գիտե,թե էլ որքան պիտի վայելեն…Բայց չէ՞ որ նրանց վայելքների մեջ կամա,թե ակամ իր ներդրումն ունեցավ եւ ունի Հայրիկյանը,որը ոչ հորս կողմից է բարեկամ եւ ոչ էլ՝ մորս, ասում եմ դրա համար,որ ինձ կողմնակալ չհամարեք…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930