Քանզի մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են
Մի անգամ Եղիսե մարգարեն առավոտյան արթնանալով՝ դուրս եկավ պաշտամունք կատարելու եւ տեսավ, որ թշնամու զորքը երիվարներով ու մարտակառքերով պաշարել է քաղաքը։ Սպասավորը նրան ասաց. «Տէ՛ր, ի՞նչ պիտի անենք»։ Եղիսեն ասաց. «Մի՛ վախեցիր, քանզի մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»։ Եղիսեն աղոթք անելով՝ ասաց. «Տէ՛ր, բա՛ց սպասաւորիս աչքերը, որ տեսնի»։ Տերը բացեց նրա աչքերը, եւ նա տեսավ, որ Եղիսեի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղեն մարտակառքերով, որոնք եկան նրա մոտ։ Եղիսեն սկսեց աղոթել Տիրոջն՝ ասելով. «Հարուածի՛ր այս ազգին, որ շիլ դառնայ»։ Եւ Տէրը, ինչպէս ասել էր Եղիսէն, հարուածեց նրանց ու շիլ դարձրեց»։ (Դ.Թգ 6:15-18)
Ժողովուրդ ջան, մենք էս ամեն ինչի միջով անցնելու ենք: Ցավով լինի, թե տառապանքով, անցնելու ենք ու հասնենք բարի նպատակի: Պետք է հուսանք, տոկանք, սիրենք ու պաշտպանենք մեր Հայրենիքը: Քաջալերվեք: «Նրանց վրա կհասնի մի որոգայթ, որի մասին չգիտեն նրանք. իրենց թաքցրած թակարդը կբռնի ոտքը նրանց, եւ նրանք կընկնեն այդ որոգայթի մէջ։ Իսկ հոգիս կը ցնծայ Տիրոջով, ուրախ կը լինի նրա տուած փրկութեամբ» (Սղ 34:8,9):
Դուք չեք ստեղծվել պարտվելու, հուսահատվելու կամ անցյալով ապրելու, այլ զորանալու եւ հաղթելու: «Զօրացէ՛ք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ. եւ Աստծու սպառազինութիւնը հագէ՛ք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին» (Եփ 6:9-11): Դուք չեք ստեղծվել վախով ապրելու համար, այլ Տեր ունեք երկնքում, ով հաղթել է աշխարհին:
Հիմա զգաստանալու եւ աշխատելու ժամանակն է: Թարմացրեք ձեր կարողությունները: Մենք պետք է վեր բարձրանանք: Բայց որեւէ նվաճում առանց սխրանքի չի լինում: Բոլորդ կանչված եք Աստուծո կողմից: Բոլորիդ վրա ծագում է Աստուծո արեւն ու շնորհը: Սխրանքն առանց ներքին բարոյական ուժի անհնար է: Մի՛ ընդունեք ստախոսությունն ու գողությունը, եսասիրությունն ու ագահությունը: Եթե բարոյական հերոսություն չանենք, կընկնենք, եթե անենք, կբարձրանանք դեպի կյանք:
Կարդացեք նաև
Երբ Դավիթ մարգարեն հալածվում էր իր որդի Աբիսողոմի կողմից, նա Աստծուն հարցրեց. «Տեր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողներն ու շատերը ելան իմ դեմ» (Սղ. 3:2): Շատերն ասում էին, որ նա փրկություն չունի Աստծուց: Բայց Դավիթը չհուսահատվեց. կռվում էր իր զորքով, դիվանագիտորեն, ու ասում. «իմ օգնականը Տերն է»: Կռվում էր, ու հավատքով աղոթում, ասելով՝ «Տիրոջից է փրկությունը, Քո օրհնությունը ժողովրդիդ վրա թող լինի»: Եվ եղավ: Դավիթը դարձավ հզոր թագավոր: Երկիրը հզորացավ ու բարգավաճեց:
Ինչ էլ որ ձեր մասին ասեն, ինչ նեղություններ էլ որ գան ձեր վրա, իմացեք, որ քանի դեռ մենք հավատարիմ ենք Քրիստոսին, մեր ապագան ավելի լավն է, քան անցյալն ու ներկան: «Եւ ամէն ոք, որ այս հույսն ունի իր մէջ, մաքրում է ինքն իրեն, ինչպէս որ Նա՛ է մաքուր» (Տես Ա. Հով. .Յհ 3:2-3):
«Ձեր հակառակորդները հնարավոր է, որ հարվածեն ձեզ: Քրիստոսը երբեք չի ասել, որ մենք նեղություններ չենք ունենա, այլ հակառակը, որ նեղ դռնով պիտի անցնենք ու մեր խաչը կրենք փրկության համար: Բայց, եթե ձեր «տունը կառուցված է ժայռի վրա», ապա հակառակորդի ամենալավագույն հարվածն էլ չի կարող վնասել ձեզ: Այլ ամեն հարվածից դուք ավելի կզորանաք եւ ավելի կուժեղանաք: Քրիստոսին պատկանող որեւէ մեկը չի կորելու ու որեւէ հակառակորդ չի կարողանալու հափշտակել նրան Քրիստոսի ձեռքից»: (Հովհ. 10:28)
Հիշե՛ք: Մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/armen.hareyan
«Առավոտ» օրաթերթ
29.04.2016