Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Հայ օլիմպիականները ոչ մի խնդիր չունեն եւ չեն ունենա»

Ապրիլ 30,2016 15:00

– Պարոն Ռոստոմյան: Այս օլիմպիական խաղերի քառամյա ցիկլը մեկնարկելիս, որքան հիշում եմ, նախնական պլանավորված էր մոտավորապես 25 վարկանիշ նվաճել: Այսօր արդեն 22 ուղեգիր ունենք (ձյուդոիստ Հովհաննես Դավթյանի պաշտոնական հաստատումը լինելու է մայիսի վերջերին: Ա.Հ.) Ռիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին դեռ երեք ամիս կա եւ վարկանիշային մրցաշարերը շարունակվում են: Այս պահի արդյունքները գոհացնո՞ւմ են:

– Եթե անկեղծ ասեմ, մենք այսօրվա համար այդքան ուղեգիր չէինք պլանավորել: Բայց բռնցքամարտիկները մեզ հաճելիորեն զարմացրին, ըմբիշ Գեորգի Կետոեւը Մոնղոլիայում շատ լավ հանդես եկավ՝ դառնալով նաեւ մինչեւ այժմ վարկանիշային մրցաշարերում հաղթած Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող առաջին մարզիկը: Դա մեզ թույլ է տալիս նրան նաեւ դասել օլիմպիական խաղերի մեդալի հավակնորդ մեր մարզիկների շարքում:
Այսօրվա հաշվարկով արդեն նախատեսում ենք շուրջ 30 մասնակից ունենալ օլիմպիական խաղերում: Սպասում ենք թեթեւ աթլետներին, որոնք իրենց նախնական արդյունքներով հավակնում են 2-3 ուղեգիր նվաճել, եթե արտառոց բաներ չլինեն, ըմբիշները դեռ վարկանիշային մեկ մրցաշար ունեն, բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պետք է փորձի ուղեգիր նվաճել աշխարհի կանանց առաջնությունում, ձյուդոի եւս մեկ ուղեգրի մի փոքր հույս դեռ կա: Սրանց ավելացնենք նաեւ հրաձիգ Հրաչյա Բաբայանի եւ լողի՝ մեկ հնարավոր սպիտակ քարտերը: Գոհացնո՞ւմ է այսօրվա արդյունքը: Իհարկե, այո: Ավելին: Մեր մարզիկները ներկա պահին, եթե կարելի է ասել, ընթանում են առաջանցիկ գրաֆիկով:

– Քանի որ խոսեցիք սպիտակ քարտի մասին, հնարավո՞ր է՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի համար էլ մի հնար գտնվի: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նրա հետ որոշակի հույսեր է կապում եւ շատ է ափսոսում, որ Հովհաննեսը Թուրքիայում վարկանիշ չկարողացավ նվաճել:

– Հովհաննեսն իսկապես լավ բռնցքամարտիկ է: Բայց օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար նրան մեկ շանս է մնացել. մասնակցել Բաքվում կայանալիք վերջին մրցաշարին: Այս պահի դրությամբ հստակ ոչինչ ասել հնարավոր չէ հասկանալի պատճառներով: Մասնակցության համար քաղաքական որոշում է հարկավոր:

– Եթե միեւնույն քաշային կարգում ունենք երկու մարզիկ, ո՞ւմ պետք է տրվի Խաղեր մեկնելու նախապատվությունը:

– Դժվար հարց եք տալիս: Որպես կանոն, որոշումը կայացնում եւ ներկայացնում է հավաքականի գլխավոր մարզիչը, ֆեդերացիան՝ նկատի առնելով մարզիկների մարզավիճակը տվյալ ժամանակահատվածում: Բայց չգրված օրենքներով, սովորաբար, օլիմպիական խաղեր մեկնում են ուղեգիր նվաճող մարզիկները:

– Սկսվել է օլիմպիական խաղերի նախապատրաստության վերջին, վճռորոշ փուլը: Այս ժամանակահատվածի համար ծրագիր նախապես եղե՞լ է, թե դրանք կազմվում են, երբ հայտնի են դառնում վարկանիշ նվաճած մարզաձեւերը եւ մարզիկները:

– ՀԱՕԿ-ը, ֆեդերացիաները եւ հավաքականները աշխատում են միասնական ու համակարգված, ունեն նախապես հաստատված ծրագրեր, որոնք կազմելիս նաեւ հաշվարկներ են արվում: Իհարկե, նախնական հաշվարկներ եւ անելիքների ծրագրեր եղել են, որոնք հընթացս հստակեցվում եւ կոնկրետացվում են:

– Գաղտնիք չէ, որ հայկական սպորտի բոլոր խնդիրներն ու հոգսերը բացի ազգային ֆեդերացիաներից, հոգում է նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իսկ այն բանից հետո, երբ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն այս տարի հասկանալի պատճառներով հրաժարական տվեց, ծանրամարտի ծանր հոգսը եւս ստանձնեց Գագիկ Ծառուկյանը:

– Ինչ վերաբերում է հայկական սպորտի զարգացմանն ու հեղինակությանը, պարոն Ծառուկյանը ոչ մի բանի առջեւ չի կանգնում: Հիմա էլ նա հոգում է ծանրամարտի բոլոր հոգսերը, սկսած՝ մարզիկների ու մարզիչների աշխատավարձերից, վերականգնիչներով ապահովելուց, վերջացրած՝ մարզումները, ուսումնամարզական հավաքները, բուժսպասարկումները ապահովելով, ընդհուպ, մինչեւ օլիմպիական խաղեր: Բայց խոսքը միայն ծանրամարտին չի վերաբերվում: Մարզաձեւեր եղան, որոնք հաճելի անակնկալներ մատուցեցին, մարզիկներ, որոնք գերակատարեցին նախնական պլանները, որոնք միայն ուրախացնում են: Հիմա նրանց համար էլ լրացուցիչ հավաքներ, լրացուցիչ ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի արժանապատիվ ներկայացնեն Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյում: Գագիկ Ծառուկյանը նրանց բոլոր խնդիրներն էլ է վերցրել իր վրա, որոնք իրականացվում են ամենաբարձր մակարդակով: Մեր օլիմպիական մարզիկները ոչ մի խնդիր չունեն եւ չեն ունենա:

– Կասկած չկա, որ Հայաստանի օլիմպիական հավաքականի մի շարք անդամներ Ռիո մեկնելու են հաղթելու, մեդալներ նվաճելու: ՀԱՕԿ-ը, Գագիկ Ծառուկյանը նրանց համար ի՞նչ խրախուսանքներ են նախատեսել:

– Խրախուսանքների չափերը սահմանվել են դեռ անցած տարի: Սկզբունքը հետեւյալն է: Որքան կտա պետությունը, Գագիկ Ծառուկյանը դրանք կկրկնապատկի: Խոսքը ոչ միայն մարզիկների, այլեւ՝ նրանց անձնական, հավաքականների մարզիչների, բժիշկների մասին է: Վերցրեք կառավարության համապատասխան որոշումը եւ այնտեղ նշված գումարները բազմապատկեք երկուսով:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930