Հայաստանում ամեն տան, ամեն աշխատասենյակի,
ամեն խոսակցության հիմնական հարցն է` ի՞նչ է լինելու հետո
Այս հարցը` նվազ սուր ենթատեքստով, կար նաեւ քառօրյա պատերազմից առաջ. ի՞նչ է լինելու մեկ տարի հետո, հինգ տարի հետո:
Հայաստանում երկար տարիների ընթացքում ձեւավորվեց ապագայի տեսլականի բացակայությունը: Ժողովուրդը չի տեսնում կարճաժամկետ, միջնաժամկետ ընթացքը, հեռանկարը: Քանի՞ տարի դեռ պետք է վատ ապրեն ուսուցիչը, գյուղացին, բանվորը, բժիշկը, մյուսները: Քանի՞ տարի դեռ մարդկանց մի նեղ շրջանակ պետք է անզուսպ հարստանա, իսկ Գյումրին մնա տնակներում: Քանի՞ տարի դեռ ընտրությունները պետք է այլանդակ կեղծվեն, քանի՞ տարի դեռ հրապարակային սուտն ու կեղծիքը, անարդարությունը պետք է դոմինանտ լինեն պետական համակարգում:
Հայաստանում ոչ ոք չի պատասխանում այս հարցերին: Քաղաքական վերնախավը տեղավորվել է իր «կոմֆորտի շրջանակում», մյուսները մի կերպ համակերպվում են: Դժգոհությունը տոտալ է, բայց` քաոսային եւ, հետեւաբար, չի վերածվում գործողության, չի ստանում կոնկրետ լուծումների տեսք: Շատերի համար լուծում է մնում երկրից գնալը:
Որքա՞ն կարող է դիմանալ պետությունը, որի ժողովուրդը չունի ապագայի տեսլական, չի տեսնում լույսը թունելի վերջում:
Կարդացեք նաև
Հրադադարի համաձայնություն` նոր պատերազմի մասին
Քառօրյա պատերազմը հարցերի շրջանակն էականորեն նեղացրեց: Հիմա «ինչ է լինելու» տիպի հարցերն առավելապես ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանն են վերաբերում: Սրանք շատ պարզ եւ հասկանալի հարցեր են: Զոհեր եւ կորուստներ տեսած հասարակության լրիվ ադեկվատ հարցադրում:
Այս հարցերին պետք է պատասխանեն իշխանությունը եւ քաղաքական էլիտան: Եվ պատասխաններն ի վերջո լինելու են շատ պարզ` մեզ որեւէ մեկը չի պաշտպանելու, մեր փոխարեն որեւէ մեկը չի կռվելու, բացի մեզնից չկա մի ուժ, որը կտա խաղաղության երաշխիք:
Ամբողջ խնդիրն այն է, որ երբ կհնչի այս պատասխանը, այն ենթադրելու է խիստ ցավոտ հարցերի կամ հարցադրումների մի փաթեթ. եթե այդպես է, ինչո՞ւ չենք ուժեղացել, ինչո՞ւ է կոռումպացվել պետական համակարգը, ինչո՞ւ է սովորական մարդու համար անհնար դարձել բիզնես ունենալը, ինչո՞ւ են մի նեղ խումբ մարդիկ միլիարդատեր դարձել, ինչո՞ւ դրա փոխարեն ժամանակակից զենք չենք գնել, ինչո՞ւ է տնտեսությունն այս վիճակում, ու միայն վերջին մի քանի տարում 300 հազար մարդ արտագաղթել, ինչո՞ւ են բոլոր ընտրությունները կեղծվել, ինչո՞ւ ենք կեղծել հանրաքվեն, ինչո՞ւ է ամեն քայլափոխին անարդարություն եւ այլն:
Կա մի սուբյեկտիվ տեսակետ, որ հիմա այս հարցերը հնչեցնելու ժամանակը չէ: Այդ դեպքում բացատրեք` ինչպե՞ս հասնենք խնդրի լուծմանը: Ինչպե՞ս հասնենք այս կարեւորագույն պատմական փուլում նոր մտածողությամբ, էֆեկտիվ իշխանական համակարգի, քաղաքական վերնախավի ձեւավորմանը, որն արագ կփոխի երկրում մթնոլորտը, տնտեսական-քաղաքական-հասարակական խաղի կանոնները, կգտնի կարեւոր ու ճշգրիտ լուծումներ:
Ժամանակը շատ քիչ է, իսկ հրատապ, անհետաձգելի քայլերի քանակը` մեծ: Մեզ պետք է ժամանակ շահել: Դա առանձին խնդիր է, որը միայն մեր ցանկությանը չի ենթարկվում, դա նույնպես ծանր ու գրագետ աշխատանք է պահանջում: Ժամանակ է պետք` զենք ձեռք բերելու, ժամանակ է պետք` արտաքին քաղաքականության մոտեցումները փոխելու, ժամանակ է պետք` միջազգային հակաադրբեջանական տրամադրություններ ձեւավորելու, ինչը, չխաբենք մեզ, ամենեւին հեշտ գործ չէ, ժամանակ է պետք Հայաստանի տնտեսությունն աշխուժացնելու համար: Այս ամենը մեզ պետք է` նոր պատերազմ թույլ չտալու համար: Տեսականորեն Հայաստանում շատերը սա հասկանում են: Գործնականում կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ռեսուրս` լայն համախմբման նոր ռեսուրս:
Այս պատերազմից հետո Հայաստանում ահռելի եւ, կարծում եմ, անդառնալի փոփոխություն է կատարվել: Ժողովուրդը տեսավ, որ թշնամին, հարձակումը, մեծաթիվ զոհերը, հերոսությունը գրական էպիզոդներ չեն: Դրանք շատ ռեալ, շատ հողեղեն են: Ուղիղ հարյուր տարի առաջ 1,5 միլիոն կոտորեցին յաթաղանով, հիմա նույնն ուզում են անել սմերչով ու «սոլնցեպեկով»:
Հարյուր տարի առաջ չունեինք պետություն, ու նրանք դա արեցին: Հիմա ունենք պետություն, եւ ճիշտ գործելու դեպքում նրանք ոչ միայն չեն կարողանալու դա անել, այլեւ մենք ստիպելու ենք հաջորդ հարյուր տարին ապրել խաղաղության մեջ ու համակերպվել իրենց կորուստներին: Բայց դրա համար պետք է պետությունը էֆեկտիվ լինի: Դրա համար անհրաժեշտ է, որքան էլ պարզունակ հնչի, որ մեր պետությունը ձեռք բերի (ձեռք բերած լիներ) նույն սմերչն ու «սոլնցեպեկը»:
Պետական կառույցները, պետական համակարգը պետք է համակարգված ու էֆեկտիվ լինեն: Մթնոլորտը երկրում պետք է ուրիշ լինի: Գործարարը պետք է պաշտպանված լինի, սեփական գործ դնելը խրախուսվի ու օժանդակվի: Երկրում ներդրումներ լինեն եւ այլն: Այս բաղադրիչներից ոչ մեկը արված չէ:
Կենացների եւ քծնանքների ջատագովներին պետք է գոնե առժամանակ հեռու պահել: Նրանք ավելի ուշ, խաղաղ պայմաններում, միեւնույն է՝ էլի ի հայտ կգան, բայց այս փուլում գոնե նրանց պետք է հեռու պահել: Պետք է լսել նրանց, ովքեր սեփական տեսակետ ու լուծում են առաջարկում: Մենք Հայաստանում իրար թշնամիներ չենք:
Եվ սա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ: Վաղուց էր պետք սա հասկանալ: Իսկ իշխանությունը հերթական անգամ գնաց «մեր դեմ խաղ չկա» ճանապարհով: Հատ-հատ հիշեք բոլոր այն զգուշացումները, որ Սահմանադրության փոփոխության կարիք չկա, որ պետական կառավարման համակարգն այս փուլում չի կարելի արմատապես փոխել: Ի թիվս այլ հարցերի` կարճ ժամանակ հետո Հայաստանը չի ունենալու գերագույն գլխավոր հրամանատար:
Ու սա` Հայաստանի նման պետությունում, այս տարածաշրջանում: Ըստ նոր Սահմանադրության` խաղաղ ժամանակ նման հասկացություն ընդհանրապես չկա` խաղաղության ժամանակ պաշտպանության նախարարն է զինված ուժերի հիմնական դեմքը: Հիմա, ըստ այս նոր «ժամանակային բաժանման», քառօրյա պատերազմը Հայաստանի համար խաղաղությա՞ն փուլում էր, թե՞ պատերազմի: Ֆորմալ առումով, կարծես թե, խաղաղության: Գերագույն գլխավոր հրամանատարի դերը հարցի ռազմական եւ քաղաքական կոմպոնենտների համադրումն է` անկախ այն հանգամանքից` խաղաղությո՞ւն է, թե՞ պատերազմ: Ու նաեւ կարեւորագույն պահերին պատմական պատասխանատվություն կրելու իրավունքը:
Միաժամանակ ե՛ւ պատերազմական գործողություններ են մղվում, ե՛ւ քաղաքական որոշումներ կայացվում, այդ թվում` արտաքին աշխարհի լիդերների հետ: Հիմա կասեք, որ դա կարող է անել պաշտպանության նախարա՞րը: Աբսուրդ է: Նույնիսկ զուտ ռազմական բնույթի որոշումների կայացման եւ իրականացման համար շատ հաճախ կարեւոր է հարցի քաղաքական կողմը:
Չեմ ուզում հարցը դետալայնացնել: Բայց տեղյակները կհասկանան` խոսքն ինչի մասին է. քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք մի օր կարող ենք բախվել պատմական պատասխանատվություն վերցնելու, օպերատիվ, բայց նաեւ պատմական-ճակատագրական որոշումներ կայացնելու անկարողության հետ: Իսկ խնդիրը երբեմն գնում է ժամերի մասին: Արդյո՞ք նոր Սահմանադրությամբ վտանգավոր բարդություններ չենք ունենալու:
Հաջորդը` բերվել է նոր Ընտրական օրենսգիրք: Այս պայմաններում ռեյտինգային քվեարկությունը ժողովրդին պառակտելու, թշնամացնելու ամենակարճ ճանապարհն է: Սա գիտակցում են նաեւ շատերը, ովքեր լուռումունջ կողմ են քվեարկելու այդ նախագծին: Հետո՞: Բա էլ ե՞րբ ենք լրջանալու, ե՞րբ ենք գիտակցելու պահի պատմական կարեւորությունը:
Ե՞րբ ենք ասելու` պետական շահը ա՛յլ բան է պահանջում: Երկրում խաղաղ փոփոխությունները այս Ընտրական օրենսգրքից են նաեւ կախված: Էլի՞ գնանք «մեր դեմ խաղ չկայի» տարբերակով ու ապավինենք զինվորականության հերոսությանը:
Պետության ապագան
Հիմա շատ կարեւոր է հասարակությանը վերադարձնել պետության եւ իրենց ապագայի տեսլականը: Մարդիկ պետք է տեսնեն, որ տնտեսությունը սկսում է զարգանալ, իրավատնտեսական հարաբերութունները փոխվում են: Հայաստանը փոքր երկիր է, եւ դրական փոփոխությունները 1-2 ամսում տարածվում են: Աշխատող մարդուն պետք է տալ աշխատելու եւ զարգանալու լայն հնարավորություններ:
Երկիրը պետք է շնչի, երկրին թարմ օդ է պետք: Այս փոփոխություններում բոլոր կարող ուժերը միանգամից դառնում են օբյեկտիվ դաշնակիցներ, միանգամից վերանում է թղթային դաշինքների եւ գործարքային կոալիցիաների անիմաստ գաղափարը: Բոլորն իրենց արժանապատիվ տեղն ունենում են: Նրանք, ովքեր կդառնան փոփոխությունների խոչընդոտ, պետք է դուրս մղվեն պետական կառավարումից եւ պրոցեսներից` ընդհանրապես:
Վստահաբար` սա հասկանում են իշխանության մեջ գտնվող եւ իշխանությունից դուրս գտնվող շատ մարդիկ: Քառօրյա պատերազմի ամենակարեւոր հայտնագործությունը մեր հասարակության կոնսոլիդացիոն պոտենցիալն է: Հասարակությունն ինքնամոբիլիզացվեց, առանց կոչերի եւ առանց ավելորդ պաթետիզմի ձեւակերպեց իր անելիքը, մերժեց խուճապն ու պարտվողականությունը: Սա հսկայական ռեսուրս է` առողջ, զարգացող պետություն կառուցելու համար: Ուրեմն սկսենք կառուցել` թույլ չտանք կեղծեն ընտրությունները, թալանեն, ստեն, թույլ չտանք անեն՝ ինչ ուզում են:
Քաղաքական ուժերի խնդիրն է դառնալ կազմակերպող օղակ, որը հասարակության մեջ առկա եւ խորացող առողջ տրամադրությունները կբերի ռացիոնալ, գործնական հարթություն: Սա է իսկական համախմբումը:
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԺ պատգամավոր
«Առավոտ» օրաթերթ
28.04.2016