Ապրիլի 29-ին IELTS քննության նախապատրաստական դասընթացներին նվիրված հուշագիր ստորագրվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Բրիտանական խորհրդի միջև:
IELTS (International English Language Testing System) քննությունն անգլերեն լեզվի ամենաճանաչված թեստն է աշխարհում: Տարեկան աշխարհում շուրջ 2 միլիոն մարդ հանձնում է IELTS քննություն:
Ավելի քան 9 000 կազմակերպություններ աշխարհի 140 երկրում`այդ թվում պետական, ակադեմիական և աշխատանքային հաստատություններ, ճանաչում և ընդունում են IELTS քննությունը: Հայաստանում ևս կառավարության որոշմամբ IELTS քննությունն ընդգրկվել է որպես անգլերեն լեզվի թեստ ասպիրանտուրա ընդունվելու համար:
Բրիտանական խորհուրդը Հայաստանում IELTS քննության կազմակերպող միակ մարմինն է և նախորդ տարի անցկացրել է ավելի քան 1000 քննություն:
Կարդացեք նաև
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ IELTS քննությունը միջազգայնորեն ճանաչելի թեստ է, որը հանձնելով` հնարավորություն են ստանում ուսանել լավագույն համալսարաններում կամ աշխատել արտերկրում. «Հաշվի առնելով քննության հանդեպ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը` Բրիտանական խորհուրդը որոշեց նախաձեռնել IELTS քննության նախապատրաստական դասընթացներ: Մենք ուրախ ենք, որ մեր նախաձեռնությանը միացավ Հայկական պետական մանկավարժական համալսարանը»:
Դասընթացներն անցկացվելու են ՀՊՄՀ-ի մասնաշենքում և դասավանդելու են Բրիտանական խորհրդի որակավորումն անցած ուսուցիչները: Դասընթացի տևողությունը վեց շաբաթ է, ընդհանուր 34 ժամ: Սա քննությանն արագորեն ու որակյալ պատրաստվելու հնարավորություն է:
Aravot.am-ի հետ խոսելիս՝ ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցությամբ հարցերով ռեկտորի տեղակալ Արա Երեմյանը հավելեց, որ ծրագիրն անժամկետ է և կարծում է, որ այն հաջողություն կունենա. «Բրիտանական խորհրդի հետ համատեղ որոշում էինք կայացրել դեռևս մեկ տարի առաջ, ստեղծել հնարավորություն մեր ուսանողների , մագիստրոսների և ասպիրանտների համար, որ նրանք կարողանան մասնակցել այս ծրագրին և բարձրացնեն գիտելիքները: Մեր կրթական համակարգի համար այս ծրագիրն ունի բացառիկ նշանակություն, քանի որ կրթական համակարգի որակների բաղադրիչներից մեկը հենց լեզվի իմացությունն է»:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանն էլ մանրամասնեց, որ այս դասընթացները հնարավորություն կտան քննությունը հանձնելուց առաջ ամրապնդել գիտելիքները հնարավորինս բարձր միավորներ հավաքելու համար. « Դասընթացը բաց է անխտիր բոլորի համար : Տարիքային սահմանափակում չկա, սակայն խորհուրդ է տրվում 18 տարեկանից սկսած մասնակցել: Մինչև դասընթացներին մասնակցելը հանձնելու են թեստ լեզվի իմացության մակարդակը պարզելու համար»:
Aravot.am-ի հետ զրուցելիս Արևիկը հավելեց, որ դասընթացները լինելու են վճարովի. 34 ժամ դասընթացն արժե 120000 դրամ, այսինքն` յուրաքանչյուր ժամը՝ 3500 դրամ:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ