Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմում զոհված Միշա Աղաջանյանը աղքատ ու հիվանդ ծնողների միակ զավակն էր

Ապրիլ 29,2016 22:54

«Եթե ես հնարավորություն ունենայի ազատություն տալ երկրներին, ապա մեծ սիրով այն կտայի շատ տառապած ազգերին». ապրիլի 3-ին քառօրյա պատերազմում զոհված շարքային Միշա Աղաջանյանի դպրոցական շարադրությունից մի հատված է, այն մեզ հետ զրույցում կարդում է դպրոցի տնօրեն Ռոբերտ Նազարեթյանը: Նա Միշայի՝ «Ազատությունը մեր կյանքում» վերնագրով շարադրությունից մի քանի հատված էր առանձնացրել, որպեսզի ցույց տա զոհված տղայի հայրենասիրությունը, ու շարունակում է կարդալ.«Ազատություն ասելով պետք է հասկանաք՝ ինչ էլ լինի, մենք չպետք է վատ գործեր անենք մեր հայրենիքի համար»:

Դպրոցի տնօրենն ասում է՝ Միշան միշտ էլ առանձնացել է իր համեստությամբ, նվիրվածությամբ եւ հայրենասիրությամբ: Տնօրենը պատմում է՝ մինչ քառօրյա մարտական գործողությունները, Միշան մի քանի օրով  արձակուրդ էր գնացել գյուղ՝ Վարդաբլուր, (Արագածոտնի մարզ) համագյուղացիները նրա հետ գրկախառնվում էին ու համբուրում. «Այ էդպես հարգված ու սիրված տղա էր. շատ համեստ, խելոք, մարդամոտ, շատ լավ մարդ էր»:

Արագածի տարածաշրջանի Երկրապահ կամավորական միության ղեկավար Մացակ Սողոմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմում է, որ 1994 թվականին Մարտակերտում է զոհվել Միշայի հորեղբայրը, իսկ 2016-ի ապրիլի 3-ին էլ՝ ինքը՝ Միշան, ու էլի Մարտակերտում: «Երբ 1994 թվականին մահացավ Միշայի հորեղբայրը, որի անունը էլի Միշա էր, 1996-ին ծնվեց կրտսեր Միշան, ծնողները նրա անունը մահացած հորեղբոր պատվի են կնքվել: Երկուսն էլ Միշա Աղաջանյան էին, երկուսն էլ Մարտակերտում ընկան: Ծնողները 10 տարի երեխա չէին ունենում, 10 տարի հետո ունեցան, միակ զավակն էր, ու…Ծնողները տառապում են, ասում են՝ Աստված ջան, 10 տարի չտվեցիր, հետո տվեցիր, խի՞ տվեցիր, որ էլի տարար»,-պատմում է պարոն Սողոմոնյանը, որը զոհվածի համագյուղացին է:

Սողոմոնյանն ասում է՝«Միշան «մինամիյոտչիկ էր» ապրիլի 3-ին տանկով, որի մեջ էլի զինվորներ կային, դուրս են եկել հակառակորդի տարածքը, բայց հակառակորդը տանկը տրաքացրել է, ամբողջությամբ պայթել է: Էրեխեքը մոխիր էին դարձել: Էդ դիրքերը հակառակորդը մի քանի օր վերցրել էր, հետո որ մերոնք հետ վերցրեցին, նոր կարողացան էրեխեքին հանել տանկից: Մարմինն չկար, մոխիր էր, մոխիր: Միշայի դագաղը որ բերեցին, ոստիկանները թույլ չտվեցին ծնողներին այն բացել, մարմին չկար: Դագաղի հետ մեդալն էր ու գլխարկը: Մայրը ողբում էր, ասում էր՝ ես ձեզ դատարկ գլխա՞րկ եմ տվել, որ ինձ սա եք վերադարձնում»:

Համագյուղացիներով ամեն երեկո հավաքվում են Միշայի ծնողների տանը, փորձում են սփոփել, բայց, ոչ մի խոսք մոր ու հոր սիրտը չի հանգստացնում: Սողոմոնյանն ասում է՝ մայրը՝ Ջավահիրը, դարձել է ինքնամփոփ, ոչինչ չի խոսում, չի շփվում:

Misha-Axajanyan Misha misha2

«Մայրն էր որդուն ասում՝ տղես, դու պիտի ծառայես, անպայման պիտի ծառայես, բալես: Հիմա տանջվում է իր էդ խոսքերի համար: Հայրն էլ՝ Կամոն, ասում է՝ ուզում եմ մեռնեմ: Ասում եմ՝ այ Կամո ջան, ինչ մեռնել, դու պիտի մնաս, որ տղուդ հիշատակը պահես, ասում եմ՝ քո տղան ու իր նմանները, եթե չլինեին, հակառակորդը 24 ժամ հետո մտած կլիներ Ստեփանակերտ, քո տղան հերոս է, տես քանի միլիոն կյանքեր ա պահել իր կյանքով: Նոր, էս խոսքերից հետո, Կամոն մի քիչ հանգստանում է»,-պատմում է  Սողոմոնյանը:

Համագյուղացիներն ու Միշայի ծնողները վիրավորված են տարածաշրջանի զինկոմից. Սողոմոնյանը վստահեցնում է՝ «Զինկոմը ոչ հոգեհանգստին է մասնակցել, ոչ՝ հուղարկավորությանը: Միշայի ծնողներն ասում են՝ տղուս բանակ տանելուց լա՞վ էր, որ հիմա զոհվել է, ու մի անգամ չայցելեց, տեսնի՝ ոնց ենք: Բարձրաստիճան ոչ մի զինվորական էլ չկար, գոնե գային էս մարդկանց վիշտը հարգեին: Թշվառ մարդիկ են, երեւի դրա համար, ոչ  մեկ չեկավ: Գյուղապետարանն էլ մի բանով չօգնեց: Գյուղացիքով փող ենք հավաքել, մի քիչ օգնել, բայց էդ մարդիկ, կարծեմ, վարկ ունեին, շատ վատ պայմաններում են ապրում, ծայրահեղ ծանր, աղքատ: Մենք հաշվեհամար ենք բացել, ու տարածաշրջանի գյուղապետերին ուղարկել, որ ամենքը մի քիչ փողով օգնի»:

Մացակ Սողոմոնյանը Աղաջանյանի ընտանիքի ապրուստի մասին խոսելիս, ընդգծում է՝ խեղճ ու կրակ ընտանիք է, ծնողների հույսը միակ զավակն էր, որ բանակից կգար, կաշխատեր, կօգներ նրանց.«Բայց լույսը մարեց էդ ընտանիքի: Ծնողներն էլ հիվանդ մարդիկ են, հայրը սրտի լուրջ խնդիր ունի, մայրն էլ է վատառողջ: Դպրոցում հավաքարար է, հայրն էլ պահակ է աշխատում, դե պատկերացրեք ինչ աշխատավարձ կունենան ու ոնց են ապրում: Մեր գյուղն էլ սկի ծառ չի աճում, մենակ գարի են ցանում մարդիկ: Իսկ Միշայի ծնողները մենակ մի հատ կով ունեն: Տունը՝ աղքատիկ, ապրուստը՝ աղքատիկ: Ահավոր վիճակում են»:

Մացակ Սողոմոնյանը 1989 թվականից կռվել է Արցախի համար, 3 անգամ վիրավորվել է, մասնակցել է Շուշիի ազատագրմանը: Միշայի մահվան օրերին էլ՝ ապրիլի սկզբներին, ինքը՝ Սողոմոնյանն իր ջոկատով առաջնագծում է եղել: Սողոմոնյանն ասում է՝ «Էնքան մահ եմ տեսել իմ կյանքում, էնքան ընկերներ ու հարազատներ եմ կորցրել, բայց Միշայի մահը շատ ծանր եմ տանում, ամբողջ գյուղն է ծանր տանում, չեք պատկերացնի, ինչ արտակարգ տղա էր»:

Հետո Սողոմոնյանը պատմում է քառօրյա պատերազմում ծանոթացած երիտասարդ զինվորների մասին, ու խնդրում, որ այդ մասին անպայման գրեմ.«Ես հիացած եմ մեր  նոր սերնդի զինվորներով: Բոլորը առյուծ զավակներ են, աստված վկա: Բայց ոչ մի հարուստի տղայի չհանդիպեցի, մեջները պաշտոնավորի տղա չկար: Բոլորն էլ հասարակ ընտանիքի էրեխեք էին, բայց ինչ հայրենասեր ու արժանապատիվ տղեք են, ինչ խելացի, պատրաստված: Շատ հպարտ եմ: Ջահել տղեքին ասում էի՝ դուք հետ մնացեք, մենք առաջ կգնանք, զինվորներ ասում էին՝ ոչ մի դեպքում, դուք հետ մնացեք, մենք առաջով կգնանք:  Մի 25 տարեկան տղա կար, էնպես էր քարտեզ կարդում, էնպես էր հրամանը կատարում, ապշած էի: Հրաշալի զինվորներ ունենք»:

Միշայի ավարտած դպրոցում, ինչպես տնօրենն է ասում՝ նրա հիշատակը վառ պահելու համար անկյուն են ստեղծել՝ լուսանկարներով, նրա հետ կապված հիշողություններով ու ԼՂՀ նախագահի պարգեւի հրամանագրի կրկնապատճենով. Միշան հետմահու պարգեւատրվել է Արիության համար մեդալով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Լուսանկարները Միշա Աղաջանյանի ֆեսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լիլիթ says:

    Ճիշտ է Միշայի հոգեհանգստի արարողությանը բարձրաստիճան զինվորականներ չեն մասնակցել,բայց ՀՀ Արագածոտնի մարզպետ պ-ն Գյոզալյանը՝մարզպետարանի աշխատակազմի բոլոր վարչության պետերի և աշխատակիցների հետ մասնակցում էր Միշայի հոգեհանգստին և դրամական օգնություն է ցուցաբերել Միշայի ծնողներին:

  2. Մ.Գրիգորյան says:

    Ցավակցում եմ Միշայի ծնողներին և հարազատներին, համագյուղացիներին: Հերթական ողբերգությունը հայ ընտանիքում: Ոչ մի մխիթարանքի խոսք չի կարող սփոփել ծնողների վիշտը, թերևս մի փոքր այն, որ իրենց միակ որդին իր երիտասարդ կյանքը տվեց հայրենիքի համար: Սփոփանք է նաև շրջապատի ուշադրությունը, որ ծնողները զգան, որ իրենց զավակի հերոսությունը անտեսված չէ Մի՞թե դժվար է, ինչու զինվորական ղեկավարությունից ոչ ոք չի մասնակցում: Միայն Երևանում են մասնակցում՝ նախարար, նախարարի տեղակալներ, պագամավորներ: Դուք պարտավոր եք ներկա գտնվել յուրաքանչյուր զոհվածի հոգեհանգստին ու թաղման արարողությանը: Հատկապես մարզերում: Էլ չեմ խոսում մնացած օգնության մասին: Այս ընտանիքները պետք է ստանան առավելագույնը:. Ամոթ է, որ զոհվածի ծնողը ինքը տիպված լինի բարձրաձայնելու իր կարիքների մասին:

  3. Նվարդ Ավագյան says:

    Գլխավոր սփոփանքը այն կլինի, որ պետությունը /ժողովուրդն էլ՝ յուրովսանն/ այն չափի օժանդակություն ցուցաբերի այդ ընտանիքին, որպեսզի մարդ ու կին կարողանան իրո՛ք ուշքի գալ հարվածից,ելնել իրենց ցավից, ոտքի վրա պինդ կանգնել եւ ,ո՜վ գիտի, եթե դեռ ջահել են ՝ գուցե եւ ցանկանան /կարողանան/ նոր զավակ էլ ունենալ….Ամեն ինչ հնարավոր է այս լուսնի տակ, միայն թե վստահելի հենարան ստեղծվի խորավիշտ ընտանիքների համար:Մեր եւ մեր պետության բարոյական դեմքի մասին պետք է դատել գործնականության լոկ այս չափանիշով.
    , թե որքանով ենք կարողանում ՎԵՐԱՍՏԵՂԾԵԼ ՄԵՐ ԿՈՐՑՐԱԾԸ՝ լինի հող, տանկ թե մարդ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930