Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արգելել են եվրատեսիլյան դահլիճ տանել Արցախի դրոշը

Ապրիլ 29,2016 22:11

«Շատ եմ գնահատում մարդկանց վերաբերմունքը, ջերմությունը, սերը, խոսքերը, որոնք մարտական հագուստի պես կրելու եմ ու բեմ բարձրանամ»,- «Անի պլազա» հյուրանոցում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իվետա Մուկուչյանը, որը «Love Wave» երգով Հայաստանն այս տարի կներկայացնի Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։

Երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը։

Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի փոխանցմամբ՝ եվրատեսիլյան բեմում երգչուհին ելույթ կունենա 5 բեք-վոկալիստների հետ, սակայն վերջիններս բեմում չեն երևա։ Բեմադրության հեղինակը շվեդուհի է. «Երբ տեսնեք մեր բեմադրությունը, ձեզ մի պահ կթվա՝ տեսահոլովակ եք դիտում: Շատ հետաքրքիր գրաֆիկական ու լուսային լուծումներ են լինելու»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում ապրիլյան բախումների օրերին Իվետա Մուկուչյանը չեղյալ էր հայտարարել եվրատեսիլյան իր ելույթներն Ամստերդամում։ Անդրադառնալով դրան՝ երգչուհին ասաց, որ այդպիսով ցանկանում էր մրցույթի մասնակից 42 պետությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։

Իսկ մոսկովյան համերգը չեն կարողացել չեղյալ հայտարարել, ժամանակ արդեն չի եղել. «Չէինք կարող այդ պահին չեղյալ համարել համերգը: Եթե հնարավորություն ունենայինք՝ կանեինք: Ոչ մեկը սիրտ չունի՝ այդ իրավիճակում գնա երգի: Բայց ես ճիշտ համարեցի բարձրանալ բեմ և այդ կերպ խնդիրը բարձրաձայնել: Երգի մի հատվածի խոսքերը փոխարինեցի աղոթքով՝ նվիրելով սահմանին զոհված տղաներին: Բնականաբար, եվրատեսիլյան բեմում մեզ նման բան չենք կարող թույլ տալ, բայց լավ էր, որ Մոսկվայի համերգից հետո շատերը հետաքրքրվում էին, թե ինչ է կատարվում մեզ մոտ, ինչ իրավիճակ է»,- նշեց Իվետա Մուկուչյանը:

Հավելենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 12-ին։ Հայաստանը ներկայացնող երգչուհին հանդես կգա 7 համարի ներքո։

Ի դեպ, «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները հրապարակել են իրենց, այսպես կոչված, դրոշների քաղաքականությունը, որով արգելում են եվրատեսիլյան դահլիճ տանել որոշ դրոշներ: Արգելված դրոշների շարքում է նաև Արցախի Հանրապետության դրոշը:

Փաստաթղթում նշված է, որ արգելվում են քաղաքական, կրոնական կամ առևտրային քարոզ պարունակող, ինչպես նաև վիճելի տարածքների դրոշները:

Սակայն հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ իրենք անպայման իրենց հետ տանելու են Արցախի դրոշը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930