Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանելուց առաջ Պերմյակովն ինքնաձիգով հարվածել է իրեն դիմադրող Սերյոժա Ավետիսյանի քունքին (Տեսանյութ)

Ապրիլ 29,2016 21:40

Այսօր դատարանը հրապարակեց Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ցուցմունքներում տեղ գտած հակասությունները: Ի սկզբանե Պերմյակովը նշել է, որ փոքրիկ Հասմիկին սպանել է սվին -դանակով, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ երեխան մահացել է հրազենային վնասվածքից:

Իր ցուցմունքներում Պերմյակովը պնդում է, որ տանտիրոջը՝ Սերյոժա Ավետիսյանին սպանել է 1,5 կես մետր հեռավորության վրա, Սերյոժա Ավետիսյանը իրեն դիմադրություն չի ցույց տվել, իր հետ պայքարի մեջ չի մտել: Մինչդեռ նախաքննությամբ պարզվել է, որ բացի հրազենային վնասվածքներից Սերյոժա Ավետիսյանի գանգի քունքային հատվածում առկա է բութ գործիքի վնասվածք: Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի, դատագենետիկական փորձաքննությամբ պարզվել է, որ զենքի փողի վրա ու խզակոթի հատվածում առկա է Սերյոժա Ավետիսյանի գենետիկական բնութագիրը:

Permiakov_2 Permiakov_3

«Մեզ մոտ այն համոզմունքը եղավ, որ Պերմյակովը խզակոթով հարվածել է Սերյոժա Ավետիսյանի գանգի հատվածին, Սերյոժա Ավետիսյանը փորձել է պայքարել ու բռնել է փողից; Այս հանգամանքը Պերմյակովը հերքեց, նա միշտ նշում է, որ Սերյոժա Ավետիսյանին պառկած վիճակում է սպանել: Մի քիչ դժվար է հավատալ, որ նա այս հանգամանքը չի հիշի, քանի որ այստեղ խոսքը գնում է պայքարի ու նաեւ հարվածի մասին, բայց փաստը մնում է փաստ, որ ինքը նշում է, որ չի եղել», -ասաց Երեմ Սարգսյանը;

Դատարանում այսօր պարզվեց, որ Պերմյակովի՝ «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի շարժիչն աշխատեցնելու մասին տված ցուցմունքները եւս իրականությանը չեն համապատասխանում: Նա իր ցուցմունքներից մեկում նշել է, որ «Մերսեդես» մակնիշի բեռնատար է տեսել, փորձել է շարժիչը գործի գցել, քանի որ մտադրվել էր դրանով հասնել Չիտա: Հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող տնակում պատսպարվելիս Ավետիսյանների տնից գողացված հեռախոսով Արթուր անունով տաքսու վարորդին զանգահարելն ու նրանցից պիցա, կոլա պատվիրելը նույնպես իրական չէ: Պերմյակովն իր հետագա ցուցմունքներում նշել է, որ սուտ է խոսել, նաեւ ելքային ու մուտքային զանգեր չեն եղել հեռախոսահամարից:

Պերմյակովը նաեւ նշել է, որ Ավետիսյանների տան ծորակից ջուր է խմել, մինչդեռ քննիչի այն հարցին, թե այդ ժամին Ավետիսյանների ջուրը չի գալիս, ինչպե՞ս եք ձեր ցուցմունքում ասել, թե ջուր եք խմել, Պերմյակովը դարձյալ պնդել է, որ ջուր եղել է, միգուցե ծորակի մեջ մնացած ջուրն է:

Այսօր հրապարակված նախաքննական վերջին ցուցմունքում դարձյալ հարց էր հնչեցվել Պերմյակովին, թե ինչո՞ւ սպանեցիր Ավետիսյաններին, նա պատասխանել է. «Պարզապես այդպես ստացվեց, սպանեցի, որ ոստիկանություն չկանչեին»: «Այդ դեպքում ինչո՞ւ սպանեցիր երեխաներին», հարցին՝ Պերմյակովը պատասխանել է՝ «Երեխաները լաց էին լինում,շները հաչում, որպեսզի աղմուկը դադարեր»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի համոզմամբ այնպես չէ, որ Պերմյակովը սուտ է ասում, նա հենց այդպես գիտի, օրինակ՝ երկու երեխաներին սպանելու դրվագը իր մոտ պատկերված է այնպես, որ երկուսին էլ սպանել է սվին-դանակով: Ըստ փաստաբանի, ակնհայտ է, որ Սերյոժա Ավետիսյանն էլ շփում է ունեցել ինքնաձիգի հետ. ե՛ւ կոթի մասում, ե՛ւ փողի հատվածում կա Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ն, սակայն Պերմյակովը պատկերացնում է այն, ինչպես ինքն է պատկերացնում:

Այսօր դատարանը ավարտեց Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակումը, լսեց նաեւ իրեն:

Լուսանկարները` հեղինակի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930