2016-ի հունվար-մարտին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 5,5 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից:
Հիշեցնենք, որ հունվար-փետրվարին 2015-ի հունվար-փետրվարի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել էր 4,7 տոկոս, իսկ հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 5 տոկոս:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պնդում է`աճն իրական է, թվերի մանիպուլյացիա չկա: Մեր դիտարկմանը, որ տարբեր տնտեսագետներ մեղադրանքներ են հնչեցնում ԱՎԾ-ին`թվանկարչության համար, պատգամավորը հակադարձեց. «Այնքան տնտեսագետներ կան, որոնք այսօր պիտի ամաչեն դրամ-դոլար հարաբերությունների հետ կապված իրենց վերլուծությունների համար: Եվ այն տնտեսագետներին, որոնց ունեք ձեր մտքում, մի հատ հարցրեք`քանի տոկոսով են իրականացել դրամ-դոլար հարաբերությունների հետ կապված իրենց կանխատեսումները»:
Ըստ ԱՎԾ եռամսյակային տվյալների, տնտեսության երեք ճյուղերում աճ, երկուսում՝ նվազում: 2016-ի հունվար-մարտին աճ են արձանագրել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ծառայություները, իսկ անկում` առեւտուրը եւ շինարարությունը: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 5,5 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում, արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 8,9 տոկոսով, գյուղատնտեսությանը՝ 3,3 տոկոսով, ծառայություններինը՝ 9,6 տոկոսով: Շինարարությունում անկումը կազմել է 2,2 տոկոս, առեւտրում՝ 1,1 տոկոս: Գումարային առումով ամենաբարձրը առեւտրի շրջանառությունն է` 434,5 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` 305,3 մլրդ դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` 270,7 մլրդ դրամ:
Կարդացեք նաև
Եթե կա տնտեսական աճ, ինչո՞ւ այն տեսանելի չէ առօրյայում`մեր հարցին, ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ գոյություն ունի հաշվարկների որոշակի մեթոդաբանությունը, ոը կարող է իրականությունից տարբերվել, մանավանդ, որ Հայաստանը ցավոք, գտնվում է ոչ ընդգծված զարգացվող տնտեսական վիճակում: Բայց, համեմատության մեջ, հարաբերական առումով, միանգամայն իրական եւ իրատեսական է համարում արձանագրված տնտեսական ակտիվությունը. «Ասենք, եթե երեկ տնտեսվարող սուբյեկտները ընդհանրապես չէին աշխատում կամ քիչ էին աշխատում, այսօր, այն էլ փոքր հանրապետության պայմաններում, փոքր շրջանառության պայմաններում, այսօր մի ձեռնարկություն, մի տեղամաս սկսել է աշխատել, դա կարող է կտրուկ բարձրացնել տնտեսական ակտիվության ցուցանիշը: Մենք գտնվում ենք ստագնացիոն վիճակում եւ մի փոքր իսկ վերակենդանացման նշանները կարող են ֆիքսվել իբրեւ տնտեսական ակտիվության ցուցանիշ»: Ինչեւէ, մեր զրուցակցի կարծիքով, սա դեռ տնտեսական ակտիվության իմպերատիվ եւ հստակ այն ցուցանիշը չէ, որը տեւական, երկար տնտեսական էֆեկտ տա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ