Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովը երբեմն սուտ է խոսում, հանցագործների հետ էլ ընկերություն անում. (Տեսանյութ)

Ապրիլ 29,2016 20:30

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո այսօր դատախազ Գեւորգ Գեւորգյանը, ինչպես նաեւ Ավետիսյանների հարազատները, իրավահաջորդների փաստաբաններն ու դատավոր Հարություն Մովսիսյանը հարցեր ուղղեցին ամբաստանյալին: Վերջինս մեծամասամբ հրաժարվում էր պատասխանել կամ ասում էր, որ չի հիշում: Միակ հարցը, որին Պերմյակովը դրական պատասխան տվեց, այն է, որ սպանությունը կատարել է ինքը: Իսկ թե ի՞նչ նպատակով՝ արդյո՞ք Ավետիսյանների տուն մտնելով՝ ուզում էր հագուստ ու գումար հայթայթել, որ հեռանա հարազատ Չիտա, Պերմյակովն ասաց՝ չեմ պատասխանի: Դատախազը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էր գնացել հայ-թուրքական սահման, արդոք ուզո՞ւմ էր հատել այն, ամբաստանյալն ասաց՝ ոչ:

Այնուհետ Պերմյակովին սկսեց հարցեր ուղղել փաստաբան Լուսինե Սահակյանը: Փաստաբանը նախ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է կատարվել Վալերի Պերմյակովի ընտրությունը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում ծառայելու համար: Պերմյակովը թեեւ ասաց՝ չեմ հիշում, սակայն հարցուպատասախանի ժամանակ հնչեց Պերմյակովին Հայաստան բերած հրամանատարի՝ Նիկիշինի անունը: Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց, թե Նիկիշինի հետ չե՞ն քննարկել Պերմյակովի անձնական կյանքին վերաբերող տվյալներ, մասնավորապես եղբոր սպանություն կատարելու համար դատապարտված լինելը: Պերմյակովն ասաց՝ ոչ, փաստաբանի ճշտող հարցին՝ իսկ Նիկիշինը չի հետաքրքրվել, չի հարցրե՞լ եղբորդ դատապարտված լինելու մասին, Պերմյակովն ասաց՝չեմ հիշում:

Հարցաքննության ժամանակ խոսք գնաց նաեւ հայ ու այլազգի ընկերներ ունենալու մասին: Թե ի՞նչ վերաբերմունք ունի Պերմյակովը հայ ժողովրդի նկատմամբ, ամբաստանյալն ասաց՝ սովորական: Նա նաեւ նշեց, որ ադրբեջանցի ծանոթներ էլ ունի, իսկ ինչպիսի հարաբերությունների մեջ է նրանց հետ՝ Պերմյակովն ասաց՝ ոչ մի:

Հարցին՝ ձեր պատկերացմամբ անձը լուրջ տղամարդ համարվելու համար ինչպիսի՞ն պետք է լինի, ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել: «Կարո՞ղ եք նկարագրել, թե ձեր շրջապատում ովքե՞ր էին համարվում լուրջ տղամարդիկ. հանցագործություն կատարող, սպանություններ, բռնություն գործող անձիք ձեր շրջապատում գնահատվում էին որպես լուրջ տղամարդի՞կ, թե՞ համարվում էին հանցագործներ, Պերմյակովն ասաց՝ չեմ կարող ասել:

Հաջորդ հարցին՝ ձեր ընկերների մեջ կային մարդիկ, որոնք հանցագործություններ էին կատարել, ասաց ՝այո, թե ի՞նչ հանցագործություններ, հրաժարվեց մանրամասնել:

Լուսինե Սահակյանի այն հարցին, թե դուք ձեր նախաքննական ցուցմունքներում նշել եք, որ ինքնաձիգից կրակոցներ եք արձակել, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պայմաններում եք կրակել ու որտեղի՞ց ձեզ այդ զենքերը, Պերմյակովը դարձյալ հրաժարվեց պատասխանել:

Հաջորդ հարցին, թե ձեր ձեռքի դաջվածքը ի՞նչ է նշանակում, ամբաստանյալը չուզեց պատասխանել: Պերմյակովը չուզեց պատասխանել նաեւ այն հարցին, թե, ըստ ձեզ, ձեր եղբայրը ճի՞շտ է վարվել հանցագործություն կատարելով:

Պերմյակով

Լուսինե Սահակյանը նաեւ հետաքրքրվեց՝ որեւէ մեկը ասե՞լ է Պեմյակովին, թե Հայաստանի Հանրապետությունը լավ տեղ է ու խորհուրդ տվել գալ ծառայելու, ինչին նա պատասխանեց՝ ոչ: Պերմյակովը հարցաքննության ընթացքում ասաց, որ ինքն առողջ է, հոգական խնդիրներ չունի, տեղյակ չէ, որ իրեն որեւէ մեկը արգելել է զենք կրել, թեկուզեւ 3 ամսով:

Նա հրաժարվեց պատասխանել փաստաբանի այն հարցերին, թե ի վերջո ինքը երեխա ունի՞, թե՞ ոչ. քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ, որ Պերմյակովը իր ընկերներին ասել է, թե երեխա ունի, ցույց է տվել իր մոտ եղած լուսանկարը:

Հարցին, թե ինչո՞ւ էր ընկերներին ասում, որ իր մայրը մահացել է, Պերմյակովն ասաց, որ նման բան չի ասել: Հարցին՝ Հայաստանում T90 տանկ տեսե՞լ եք, ասաց՝ ոչ, այդ դեպքում ինչո՞ւ էր հարազատներին գրում, որ իրեն տանկ են հատկացրել Հայաստանում, ասաց, որ նման բան չի գրել:

Լուսինե Սահակյանի այն հարցին, թե ի՞նչ միջոցով է սպանել Ավետիսյանների ընտանիքին՝ կրակելո՞ւ, թե այլ միջոցով, չպատասխանեց, քանի՞ կրակոց է արձակել, դարձյալ հրաժարվեց պատասխանել: Հարցին, որ կրակում էիք, չէի՞ք գիտակցում, որ կրակոցների ձայնը հարեւանները կարող էին լսել ու գալ, դարձյալ չպատասխանեց: Չպատասխանեց նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ թողեց իր հագուստը Ավետիսյանների տանը, եթե վախենում էր, որ իրեն ոստիկանները կբռնեն: Փաստաբանը հետաքրքրվեց՝ ձե՞ր հագուստն էր Ավետիսյանների տանը, որին ի պատասխան՝ Պերմյակովն ասաց՝ հնարավոր է, այո:

Փաստաբանը հետաքրքրվեց, թե ի՞նչ զգացողություններ ուներ Պերմյակովը Ավետիսյանների տնից դուրս գալուց , ընկճվա՞ծ էր, որին ի պատասխան ասաց՝ ոչ: Իսկ թե որեւէ մեկը Պերմյակովին Ավետիսյանների տնից սահման տեղափոխե՞լ է, ասաց՝ չեմ հիշում: Հարցին՝ սպանությունը դո՞ւք եք կատարել, թե՞ ոչ, Պերմյակովն ասաց՝ այո, իսկ թե հոգի են եղել Ավետիսյանների տանը, Պերմյակովն ասաց՝ շատ: Փաստաբանի ճշտող հարցին, թե շատ ասելով ի՞նչ ի նկատի ունի՝ 2 հոգի՞, թե 500, ասաց՝ չգիտեմ:

Այնուհետ նրան հարցաքննեց փաստաբան Երեմ Սարգսյանը. հարցին համարո՞ւմ ես, որ հոգեկան խնդիրներ ունես, ասաց՝ ոչ: Հաջորդ հարցին, իսկ երեխաների նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունես, սիրո՞ւմ ես նրանց, ասաց՝ այո: Այդ դեպքում կարող ես բացատրել, թե նրանց դիմաց կանգնած ինչո՞ւ սպանեցիր, չէի՞ր խղճում, ասաց՝ չեմ հիշում: Հարցին՝ «զղջո՞ւմ ես», Պերմյակովն ասաց՝ այո: Իսկ թե ինչի համար է զղջում, Պերմյակովն ասաց. «Ամեն ինչի, եթե հնարավորություն ունենանայի, շուռ կտայի ժամանակը»:

Հարցին՝ դու դպրոցում սովորելու տարիներին խե՞ղճ ես եղել, ճնշված , ասաց՝ չեմ հիշում, իսկ սուտ խոսե՞լ ես, Պերմյակովը խոստովանեց՝ երբեմն: Պերմյակովն ասաց, որ «Օդնոկլասնիկ»-ով կատարած գրառումները սատանիստների մասին, ինքը չի արել, հարազատներին էլ նամակ չի գրել, թե իր ենթակայության տակ Հայաստանում 170 հոգի կան: Ասաց նաեւ, որ հնարավոր է ինչ-որ մեկը բացել է սոցիալական այդ ցանցի իր էջը, գտել գաղտնաբառն ու գրառումներ արել իր փոխարեն:

Ամբաստանյալից հետաքրքրվեցին նաեւ՝ « Եթե քեզ ազատ արձակեն, ի՞նչ կանես», որին պատասխան ասաց՝ չեմ ասի: Փաստաբան Միհրան Պողոսյանի հարցին էլ՝ «եթե նման իրավիճակը ձեզ նկարագրեին, թե մի անձ սպանել է յոթ անձի, որից երկուսը երեխաներ են, ի՞նչ գնահատական կտայիք», Պերմյակովն ասաց՝«Ես կասեի, որ նա խելագար է, բայց մի մտածեք, թե ես այդպիսին եմ»: Միհրան Պողոսյանի այն հարցին, թե անզեն, քնած մարդկանց սպանելը արդյոք մարդո՞ւ արարք է, Պերմյակովն ասաց, որ դա լավ արարք չէ: Հարցին՝ ինչպե՞ս եք զղջում, միայն բառերո՞վ, նկարագրեք զղջալու հետ կապված ձեր գործողությունները, ամբաստանյալն ասաց. «Ես ոչ միայն հայտարարում եմ, որ զղջում եմ, իրոք զղջում եմ, ուղղակի հիմա ոչինչ անել չեմ կարող»:

Հարցին՝ «Դուք տվյալ հանցագործությունը կատարած անձին բնութագրում եք որպես խելագար, սակայն պնդում եք, որ դուք ֆիզիկապես ու հոգեպես առողջ եք եղել, այդ դեպքում ի՞նչ գործոններ են ազդել ձեր վրա, որ կատարել եք սպանությունը», Պերմյակովն ասաց՝ չեմ պատասխանելու:

Պերմյակովին հարց ուղղեց նաեւ Ավետիսյանների դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը, նա հարցրեց՝ եթե Պերմյակովի ընտանիքի հետ նման բան լիներ, ինչպես կվարվե՞ր: Ի պատասխան ամբաստանյալն անտարբեր տոնով ասաց՝ չգիտեմ:

Պերմյակովը հրաժարվեց պատասխանել նաեւ իր պաշտպանյալի այն հարցին, թե բարեկամ ունե՞ս Թուրքիայում, որ Թուրքիա էիր գնում: Դատավոր Հարություն Մովսիսյանի հարցին՝ ի՞նչ եք հիշում Ավետիսյանների տնից դուրս գալուց հետո, Պերմյակովն ասաց՝ ոչինչ չեմ հիշում:

Դատավորի հարցին, թե ձեզ մեղսագրվող արարքներով մեղավոր ճանաչո՞ւմ եք, ասաց՝ չեմ պատասխանի: Դատավորի զարմանքին, թե մի քանի անգամ պատասխանել եք այդ հարցին, հիմա ինչո՞ւ չեք պատասխանում, Պերմյակովը բավական կոշտ ասաց՝ այլեւս չեմ պատասխանի:

Լուսանկարները` հեղինակի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930