Նյութը պատրաստվել է «Էթիկայի կրթություն» թեմայով միջազգային խորհրդաժողովի համար:
Հայաստանում լրատվամիջոցների ինքնակարգավորման, ժուռնալիստական/լրագրողական էթիկայի տարածումը նորանկախ պետության ձեւավորման սկզբում բավականին լուրջ դիմադրության էր արժանանում: Դրա համար կային մի քանի պատճառներ, որոնցից երեքը հիմնականներն են:
Առաջին՝ լրագրողները համարում էին, որ արտահայտման իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է մնա խորհրդային անցյալում: Խոսքի ազատությունը կաշկանդող նոր համակարգերի ստեղծումը մերժվում էր, այդ թվում նաեւ մասնագիտական էթիկայի ֆորմալացված կանոնները:
Երկրորդ խոչընդոտը տարածված համոզմունքն էր, որ լրագրողները պիտի ենթարկվեն միայն օրենքներին, ու եթե իրենց գործունեությունը չի հակասում դրանց, ուրեմն դա լիովին արդարացված է: Եվ երրորդը՝ այն ընկալումն էր, որ հայ հասարակությունը ի սկզբանե բարոյական է, եւ այն համամարդկային բարոյական նորմերը, որոնք ընդունված ու արժեւորված են երկրում, բնորոշ են նաեւ լրագրողներին: Հետեւաբար, որեւէ այլ էթիկայի մասին խոսելն արհեստական ու ավելորդ էր համարվում:
Կարդացեք նաև
Ժամանակի հետ, միջազգային փորձի ուսումնասիրության շնորհիվ, դիմադրությունը թուլանում էր: Երեւանի մամուլի ակումբն իր գործընկերների հետ հետեւողական աշխատանք էր տանում այդ ուղղությամբ: Բուհերում համապատասխան դասընթացների մշակումը եւ դրանց ներառումը ուսումնական ծրագրերում, արտերկրի մամուլի խորհուրդների եւ առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցելությունները, Հայաստանում քննարկումների կազմակերպումը՝ լրագրողական լայն շրջանակներին համոզեցին, որ պրոֆեսիոնալ, որակյալ ԶԼՄ ինդուստրիան չի կարող կայանալ՝ առանց ինքնակարգավորման (կամ հանրության ու գործընկերների առջեւ հաշվետվողականության) համակարգի:
Սակայն, մի բան է գիտակցելը, եւ այլ՝ այն առօրյա աշխատանքում կիրառելը: Ինքնակարգավորման ինստիտուցիոնալացման ճանապարհը բավականին երկար ու բարդ էր: ԵՄԱ-ն 2004թ. անցկացրեց «նույնականացման» հետազոտություն, որի նպատակն էր հասկանալ՝ ո՞ւմ առջեւ են լրագրողները զգում առավել մեծ պատասխանատվություն, ո՞ւմ հետ ունեն առավել սերտ ընդհանուր շահեր: Պարզվեց, որ հայկական ԶԼՄ-ներում աշխատող մեր գործընկերների հիմնական «նույնականացումը» գործատուի, լրատվամիջոցի սեփականատիրոջ (բացահայտ կամ քողարկված) հետ է եւ, համապատասխանաբար, հենց վերջիններիս առջեւ են զգում ամենամեծ պատասխանատվությունը: Հաշվի առնելով այն իրողությունը, թե ինչպիսի մեծ ազդեցություն ունեն սեփականատերերն իրենց ԶԼՄ-ների բովանդակության վրա, լրագրողի նկատմամբ քննադատական վերաբերմունքը շատ դեպքերում արդարացի չէ: Ի վերջո` նրանք, եթե ցանկանում են պահպանել իրենց աշխատատեղերը, հրահանգները/պատվերները կատարելու այլընտրանք չունեն։: Այսինքն, ԶԼՄ-ների այն պատկերը, որ մենք ունենք Հայաստանում, մեծ մասամբ ձեւավորված է ոչ թե գործի մասնագետների, այլ՝ ժուռնալիստիկայի հետ որեւէ առնչություն չունեցող անձանց կողմից:
Իհարկե, ցանկացած ոլորտում ու ցանկացած երկրում «երաժշտություն պատվիրողը» գործատուն է, սակայն քաղաքակիրթ մեդիա շուկաներում վերջիններս դնում են ընդհանուր, ռազմավարական խնդիրներ, զուտ մասնագիտական լուծումները թողնելով պրոֆեսիոնալներին: Մեզանում, մանավանդ երբ ԶԼՄ-ների մեծ մասն օբյեկտիվորեն չեն կարող եկամտաբեր լինել, ֆինանսավորողը համոզված է, որ եթե ինքն այս կամ այն կերպ կարողացել է հարստանալ, ուրեմն այնպիսի «անլուրջ» ոլորտում, ինչպիսին լրագրությունն է, ցանկացած մասնագետից ավելի լավ է հասկանում՝ ինչ է պետք եւ ոնց է պետք անել:
Ինչպես ասում են, կա երկու ոլորտ, որոնցում բոլորն իրենց մեծ գիտակ են համարում՝ ֆուտբոլն ու լրագրությունը: Մեր իրականության մեջ դա իր լավագույն արտացոլումն է ստանում: Հայրենական ֆուտբոլում հետեւանքները բոլորի աչքի առաջ են: Երկրի հավաքականը մեկ տարում համարյա հարյուր տեղով նահանջել է միջազգային վարկանիշային աղյուսակում, իսկ ազգային առաջնությունը կարող է կորցնել պրոֆեսիոնալ մրցաշարի որակավորումը: ԶԼՄ-ների անհաջողությունները շատերի համար, միգուցե, այդքան տեսանելի չեն, սակայն ոչ կոմպետենտ քաղաքականությունն ու կառավարումը խորացնում են այդ ինդուստրիայի հիմնախնդիրները, մասնավորապես, անչափ դժվարացնելով ինքնակարգավորման ու պրոֆեսիոնալ էթիկայի սկզբունքների արմատավորումը: Ընդ որում, հետաքրքիր է, որ լրագրողներից առավել հաճախ դժգոհում են հենց նրանք, ովքեր եւ ձեւավորում են այս ոլորտի պատվերներն ու խաղի կանոնները…
Լրագրողների «նույնականացման» առումով, ըստ հետազոտության, գործատուներին հետեւում էին քաղաքական հայացքները/կապերը ու սոցիալիզացիայի հիմնական միջավայրերը (ընտանիք, ընկերական շրջապատ եւ այլն): Միայն 6-րդ ու 7-րդ տեղերում էին գործընկերները եւ լայն հանրությունը/լսարանը, այսինքն, հենց այն սուբյեկտները, որոնց առջեւ պատասխանատվությունը հանդիսանում է էթիկական սկզբունքների ձեւավորման ու ամրապնդման հիմք:
Հետազոտության պարադոքսն այն էր, որ վերը ներկայացված «նույնականացումն» ունեցող լրագրողների ճնշող մեծամասնությունը միեւնույն ժամանակ արտահայտվում էր Հայաստանում ինքնակարգավորման ինստիտուտի ներդրման օգտին: Համապատասխան նախաձեռնությանը մեկնարկ տալու, իսկ հետագայում նաեւ միանալու մոտիվացիան հետեւյալն էր.
Արժանապատիվ ու որակյալ ժուռնալիստիկայով զբաղվելու տեսլականին հասնելու ձգտումը,
Զարգացած մեդիա ինդուստրիա ունեցող երկրներում ինքնակարգավորման հաջողությունը (Մեծ Բրիտանիայի, մասնավորապես «Գարդիան» օրաթերթի օրինակը), «Իսկ մե՞նք ինչով ենք վատ» հավակնությունը,
Որոշակի ժամանակահատվածում զրպարտության եւ վիրավորանքի (ավելի ուշ՝ նաեւ հեղինակային իրավունքի) գործերով ԶԼՄ-ների համար լուրջ ֆինանսական կորուստներ ենթադրող դատական պրակտիկան, որի այլընտրանքը տեղեկատվական վեճերի լուծումն էր ինքնակարգավորման մարմնի միջոցով: Այստեղ կարեւոր է հաշվի առնել ոչ միայն լրագրողների «պաշտպանական բնազդը», այլ նաեւ ԶԼՄ-ներից «տուժած» քաղաքացիների հակվածությունը՝ խուսափել դատական բարդ ընթացակարգերից ու ավելի մատչելի լուծում ստանալ: Մանավանդ որ վեճերի մեծ մասում կարեւորը ոչ այնքան նյութական, որքան՝ բարոյական փոխհատուցումն է, ինչն էլ լավագույնս կարող է տրամադրել մեր ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը:
Բոլոր հաջողություններով հանդերձ, դժվար է խոսել Հայաստանում մեդիա ինքնակարգավորման ինստիտուտի կայացման մասին: Նախաձեռնությունը միավորում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը ստորագրած 49 ԶԼՄ, որոնց մեջ քիչ են ամենամեծ լսարանն ունեցող համապետական հեռուստաընկերությունները: Բավական քիչ են քաղաքացիներից բողոք-դիմումները. Դիտորդ մարմինը տարեկան ուսումնասիրում եւ որոշում է կայացնում ոչ ավելի, քան 10 նյութի վերաբերյալ:
Խոչընդոտներից/մարտահրավերներից կարելի է առանձնացնել ինչպես ավանդականները, հատկապես մեր երկրին բնորոշ, այնպես էլ՝ գլոբալ երեւույթները: Առաջին խմբին է պատկանում հայ հասարակության որոշակի ապատիան հանրային ինստիտուտների նկատմամբ: Իսկ խոչընդոտներից ամենակարեւորը ԶԼՄ-ների կառավարման մոդելն է, ինչի մասին նշվեց է վերեւում: Մեր լրատվամիջոցներում, ի տարբերություն զարգացած մամուլ ունեցող երկրների, մենեջմենթի առեւտրային-ֆինանսական ու ստեղծագործական-բովանդակային բաղադրիչները տարանջատված չեն: Կամ` եթե տարանջատված են, ինչպես որոշ խոշոր հեռուստաընկերություններում, ապա առաջինն իշխող դիրք ունի երկրորդի նկատմամբ: Իսկ անմիջական առեւտրային խնդիրներ լուծող մենեջերներն անչափ հեռու են «հանրային համբավ», «պրոֆեսիոնալ էթիկայի կանոններ» հասկացություններից: Այն իրողությունը, որ լսարանի այսօրվա վստահությունն ու հարգանքը վաղվա եկամուտի աղբյուրն է՝ իրենց համար ֆանտաստիկայի ժանրից է:
Գլոբալ մարտահրավերներից է նոր մեդիայի արագ զարգացումը, որն իր հետ տեղեկատվական դաշտ է բերում բազմաթիվ անհատների, ովքեր չեն ստացել ու հիմնականում չեն էլ ցանկանում ստանալ պրոֆեսիոնալ ժուռնալիստական գիտելիքներ: Հետեւաբար, ծանոթ չեն նաեւ լրագրողական էթիկայի նորմերին: Այս խնդիրը լուծելու եղանակներից մեկն ինքնակարգավորման մեխանիզմների տարածումն է նաեւ առցանց տիրույթում ու, զուգահեռաբար, մեդիագրագիտության տարածումը: Երկու ուղղությամբ էլ մեզանում համակարգված աշխատանքներ են իրականացվում լրագրողական կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից մեդիագրագիտության ուսումնական ծրագրեր են մշակվում ու փորձարկվում դպրոցներում ու բուհերում: Զանգվածային տեղեկատվություն սպառողի ու տարածողի միջեւ սահմանների վերացման ներկայիս պայմաներում շատ կարեւոր է, որ բոլոր պոտենցիալ «քաղաքացիական լրագրողները» հնարավորինս տիրապետեն տեղեկատվական ոլորտում գործելու հիմնական կանոններին:
Վերջապես, ամենաարդիական մարտահրավերը գլոբալացվող աշխարհում՝ ժուռնալիստիկայի տեսքով քարոզչության տարածումն է: Այդ երեւույթը նոր չէ, սակայն երբեք այնպիսի վտանգ չի ներկայացրել, ինչպես այսօր, երբ տեղեկատվական, «հիբրիդային» պատերազմները դառնում են միջազգային հարաբերությունների ամենատարածված ձեւաչափերից մեկը: Համապատասխանաբար, երկու շատ նման, բայց սկզբունքների առումով իրարից անչափ հեռու երկու մասնագիտությունների՝ ժուռնալիստիկայի ու քարոզչության տարանջատումը հրատապ հարց է: Այս երկուսի միջեւ ամենաակնհայտ տարբերությունը հենց պրոֆեսիոնալ էթիկայի նորմերի մեջ է: Տեղեկատվական ոլորտի այն տարածքներում, որտեղ ժուռնալիստիկան իր դիրքերը զիջել է քարոզչությանը, էթիկայի մասին խոսելն այլեւս անիմաստ է: Հաշվի առնելով, որ քարոզչության ամենավտանգավոր դրսեւորումը ազգային սահմաններ չի ճանաչում, դրան դիմակայելու ջանքերը նույնպես պետք է միջազգային մասշտաբներ ստանան: Այդ առումով հայաստանյան ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը համատեղ քայլեր է ձեռնարկում Եվրոպայի ու հետխորհրդային երկրների գործընկերների հետ: Սակայն դա արդեն առանձին, շատ մեծ թեմա է:
Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբի նախագահ