Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապրիլի 29-ին դատավոր Արթուր Ստեփանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ոստիկանությունն ընդդեմ «SOS» նախագծի գործով հերթական նախնական դատական նիստը:
Դատական նիստի ընթացքում Վիլեն Գայֆեջյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը դատարանին ներկայացրեց ապացույց նախագծի նպատակի եւ դերի մասին: Սկսվեց դատաքննությունը, սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը բացակայում էր: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 27-ին:
Aravot.am-ը Հայկուհի Հարությունյանին խնդրեց անդրադառնալ կողմի հետ հաշտությանը: Հիշեցնենք, որ գործով նախորդ նախնական դատական նիստի ընթացքում Հարություն Քոչարյանը կտրականապես բացառել էր, որ կողմի հետ հաշտության կգա, իսկ ոստիկաններից մեկի պաշտպանն էլ ասել էր, որ գուցե կհրաժարվեն ֆինանսական փոխհատուցումից, եթե պատասխանող կողմն ընդունի, որ վիրավորել է եւ ներողություն խնդրի:
Կարդացեք նաև
«Վիլենը՝ որպես անձ, ուղղակի իրավասու չէ ներողություն խնդրել արտահայտությունների համար, որը իր կողմից թեեւ հնչեցվել են, բայց իր հեղինակային ստեղծագործության արդյունքը չեն»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը, ինչպես նաեւ ոստիկաններ Արթուր Մադաթյանը եւ Սերգեյ Զաքարյանը հայց են ներկայացրել YouTube-ով հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող, գործարար համբավը վնասող հրապարակային հաղորդում հեռարձակելու համար: 2015 թվականի մայիսի 24-ին, ժամը 22-ն անց 20-ին YouTube-ով «SOS»-ը հեռարձակել է «G/7» վերնագրով 11-րդ թողարկումը , որի ժամանակ, ըստ հայցվորների, հաղորդավարի կողմից հնչեցվել են վիրավորական արտահայտություններ ոստիկանության ծառայողների եւ մասնավորապես Արթուր Մադաթյանի եւ Սերգեյ Զաքարյանի հասցեին:
Լուսանկարները` հեղինակի
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ