Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանում ինձ ուսանող եմ զգում». Ռիչարդ Բոնա

Ապրիլ 29,2016 18:50

«Երևանը ջազային իմիջ ունեցող քաղաք է: Ջազի միջազգային օրը Հայաստանում արդեն 5-րդ տարին է նշվում: Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն: Այն կեղեքման բոլոր ձևերի դեմ պայքարող երաժշտություն է, որը խոսում է ազատության, համերաշխության և խաղաղության լեզվով»,- այսօր ջազի միջազգային օրվան`ապրիլի 30-ին, ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Կասկադում կայանալիք «Ջազը հանուն համամարդկային արժեքների» խորագրով բացօթյա համերգի ընթացքում ելույթ կունենան հայ և աշխարհահռչակ ջազմեններ, որոնց շարքում կլինեն Լևոն Մալխասյանը , Արմեն Թութունջյանը, Երվանդ Երզնկյանը, Կարեն Մամիկոնյանն իր «Birds» խմբի հետ, ինչպես նաև Ռոբերտո Կել Տորեսը և աշխարհահռչակ ջազմեն ու բաս կիթառահար Ռիչարդ Բոնան:

Հանդիպմանը ներկա` Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կամո Մովսիսյանը նշեց, որ Ջազի միջազգային օրը տոնելուց հետո ուզում են իրականացնել «Ջազաֆիկացիա» անունով մի նախագիծ , որի նպատակն է ջազ և այդ ոճին մոտ համերգներ կազմակերպել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի և Արցախի այլ քաղաքներում:

Նա նաև երազանք ունի ջազի միջազգային փառատոն կազմակերպել Շուշիում:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ աշխարհահռչակ ջազմեն ու բաս կիթառահար Ռիչարդ Բոնան փաստեց, որ երկրորդ անգամ է նվագելու այս ծրագրի շրջանակներում: Նա նաև խոստովանեց, որ Հայաստանն իրեն շատ է դուր գալիս. «Ինձ շատ է դուր գալիս հայկական կերակուրը, եղել եմ Գեղարդի վանքում, հանդիպել երկրպագուներիս և ուրախ ժամանակ անցկացրել նրանց հետ: Հայաստանում ինձ ուսանող եմ զգում և ուսումնասիրում եմ հայկական երաժշտությունն ու պատմությունը: Հայոց պատմությունը սովորելը շատ կարևոր է, քանի որ հայկական մշակույթը և պատմությունը մեր բոլորի մի մասն են: Երբ մենք ընկալում և ընդունում ենք աշխարհում տարբեր երևույթների տարբերությունները, դա մեզ ավելի լավն է դարձնում»:

Նա հավելեց, որ այդքան էլ լավ ծանոթ չէ հայկական մշակույթին, սակայն իմանալով և հաշվի առնելով այն ամենը` ինչի միջով անցել է Հայաստանը, հայ ժողովրդին համարում է շատ քաջ, առաջին հերթին՝ հոգեպես: Դա արտացոլված է երաժշտության մեջ, որով հայ ժողովուրդը փորձում է ինքնաարտահայտվել. «Հայաստանում ստեղծագործելու համար ներշնչանքի աղբյուր եմ համարում հենց ազգային գործիքների հնչողությունը: Այսօր սովորելու եմ նվագել դուդուկ, և որոշել եմ հաջորդ ալբոմում պարտադիր ընդգրկել այդ գործիքը»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930