Ապրիլի 29-ին «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում կայացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանի ասուլիսը՝ կինոռեժիսորի նոր` «Փակուղի» (Deadlock) ֆիլմի երեւանյան ցուցադրությունից առաջ:
«Փակուղի» ֆիլմի ասիական պրեմիերան կայացել էր ապրիլի 24-ին՝ Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 19-ին՝ համաշխարհային պրեմիերան էր՝ Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում:
«Փակուղի» ֆիլմը Լեւոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Green Card է շահում եւ ընտանիքով մեկնում ԱՄՆ: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետեւել է իր հերոսին՝ իր ձեւակերպմամբ սոցիոլոգի կամ միկրովիրաբույժի նման: «Փակուղին» Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Հարություն Խաչատրյանն ու Միքայել Ստամբոլցյանը, օպերատորը Գեւորգ Սարգսյանը, հնչյունային ձեւավորողը Միքայել Ստամբոլցյանը, հնչյունային օպերատորը Հայկ Իսրայելյանը: Մոնտաժը Հարություն Խաչատրյանինն ու Տիգրան Բաղինյանինն է:
Կարդացեք նաև
Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ստեղծագործական խմբի բոլոր անդամներին: Նա նշեց, որ ի սկզբանե ֆիլմը մտածված էր Հայաստանի հեռուստադիտողների համար, աշխատել են, որ այն լինի հեռուստատեսության համար հարմար ֆիլմ:
«Ֆիլմը նկարվել է երկար եւ դժվար, այսպիսի ֆիլմեր նկարելու համար համբերություն է պետք, որովհետեւ ե՛ւ կյանքն է փոխվում, ե՛ւ հերոսը, ե՛ւ դու ես փոխվում… Չէի ուզում մեծ կինոֆոկուսներ լինեին, զարմանալի մոնտաժ, չգիտեմ ինչ, ուղղակի ուզում էի մարդիկ նայեին ու հավատային: Մեր աշխատանքային ցուցադրությունների ժամանակ կային մարդիկ, որ սիրեցին ֆիլմը, կային հիասթափվողներ, կային, հերոսին սիրողներ, անգամ ռեժիսորին սիրեցին ոմանք…
Սա արվեստի ֆիլմ չէ, որ ցուցադրեմ տարբեր երկրներում, մրցանակներ ստանամ, սա նկարված է հայերի համար, որ նայեն ու հուզվեն: Միքայել Ստամբոլցյանը, որ համահեղինակն է եւ իմ ուսուցիչը, հավատում է, որ մեր երեք ֆիլմերը ամբողջ աշխարհն է նայելու: Սա իմ երկրորդ փորձն է հեռուստատեսային ֆիլմ նկարելու, ես ձրիաբար կտամ բոլոր հեռուստաալիքներին: Շվեյցարիայում երեք անգամ ցուցադրվել է, իրենց էթնոգրաֆիայի եւ սոցիոլոգիայի ակադեմիայում, երկու անգամ Թեհրանում, Նյոնում…Մինչեւ ամերիկյան պրեմիերան, ցանկացա, որ Հայաստանում էլ լինի»,-ասաց Հարություն Խաչատրյանը:
Միքայել Ստամբոլցյանը համոզված է, որ շարքի 3 ֆիլմերը երկար կյանք են ունենալու, ասում է. «Որովհետեւ միայն այսօրվա մասին չեն, ոչ էլ երեկվա, այլ այն մասին, թե ուր են գնում հայերը, ինչու են հետ գալիս: Դրանք շատ խորը մարդկային պատմություններ են: Նաեւ համաձայն չեմ, որ այդ ֆիլմերը զուտ հեռուստատեսային են»:
Հարություն Խաչատրյանը ներկայացնելով Հայկ Իսրայելյանին, նրան որակեց հայկական կինոյի բացառիկ ականջ եւ զգացողություն ունեցող մարդկանցից մեկը: Հայկն էլ շեշտեց, որ այնպես են աշխատել, որ պահպանվի ժամանակվա շունչը:
Կինոռեժիսորը ճանաչված կինոգետ, կինոպատմաբան Անդրեյ Պլախովին էլ մեջբերեց, վերջինս «Փակուղին» մյուսներից ավելի է հավանել: Թեեւ Նյոնում որոշ ամերիկացի կինեմատոգրաֆիստների ու կինոլրագրողների զայրացրել են «Փակուղու» հերոսի՝ Լեւոնի գնահատականները Ամերիկայի մասին, սակայն Նյու Յորքի Սիրակուզ փառատոնից հիացական նամակ են ուղարկել ու ցանկություն հայտնել փառատոնում ցուցադրելու:
«Ես միշտ էլ վախացած եմ իմ բոլոր ֆիլմերից, ինձ միշտ թվում է ինչ-որ բան սխալ է»,-ասում է կինոռեժիսորը:
Ինչ վերաբերում է անընդհատ Հայաստանից հեռացողներին, նրանց մասին էլ հետեւյալն ասաց. «Սկզբում հայհոյում էի հեռացողներին, հետո հասկացա, որ հասցեատերն ուրիշ է, տարիներ անց մտածեցի, որ ես էլ եմ մեղավոր, կամ մտածում էի, որ եթե ավելի շուտ ցույց տայի, կարող է շատերը չգնային… Ֆիլմի մեջ մեկ ռեժիսոր է աշխատել, բայց ոնց որ չորս ռեժիսոր աշխատած լինի: Կարծում ենք, այս ֆիլմը շատ մարդկանց կօգնի մտածելու»:
Միքայել Ստամբոլցյանն էլ նշում է. «Համոզված եմ, որ երբ երեք ֆիլմերը պատրաստ լինեն, երեք հերոսների ու իրենց շրջապատի միջոցով տեսնելու ենք մի ազգի կերպարը»:
Երրորդ ֆիլմը, որի աշխատանքներն արդեն սկսվել են, կոչվում է «Վերադարձողները» կամ «Վերադարձ», հերոսը նկարիչ Վահանն է, որը մահանում է «դրսում», սակայն փոշին բերում են Հայաստան: Բացի աճյունափոշուց, նա ունի նկարների ու իրեն սիրողների մի ամբողջ ժառանգություն Հայաստանում:
Լուանկարները` Գոհար Հակոբյանի
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ