Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր խորհրդակցության է մասնակցելու Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը ռազմարդյունաբերության մեջ, երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենք ստեղծել են մի հասարակական կառույց` պայմանական անվանմամբ «Ռազմական տեխնոլոգիական հետազոտությունների ինստիտուտ», որը կազմել է ամենահրատապ խնդիրները. օրինակ` անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում, դրանց չեզոքացում ու հարձակվողական զենքերի մշակում, բանակի կառավարման խնդիրներ, գաղտնազերծված կապի խնդիրներ: Պարոն Վարդանյանը տեղեկացրեց, որ ոլորտից մոտ 300 բարձրակարգ մասնագետներ և 50 ընկերություն իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցել այդ ծրագրին:
Պարոն Վարդանյանը, սակայն, այդպես էլ չի հասկացել, թե ինչ նպատակաուղղվածություն կա քաղաքական դաշտում: Հղում անելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարություններին` պարոն Վարդանյանը նշեց. «Նպատակադրումը չհասկացա: Հասկացանք, որ չեն հանձնելու հողերը, բայց շարունակությունը` դա ի՞նչ է նշանակում, այսինքն` շարունակում ենք սահմանի վրա զոհե՞ր տալ ու արյունաքա՞մ լինել. հստակ հաղթելու հրաման չենք լսում»:
Ըստ պարոն Վարդանյանի` հաղթանակը նախ պետք է իրավաբանորեն կազմակերպվի, որը 1991-ի դեկտեմբերին արդեն ամրագրվել էր, սակայն իշխանությունները քանդեցին ամեն ինչ և մեզ բերեցին ելման դիրքի, այնքան, որ մենք այդպես էլ չկարողացանք ամրագրել Արցախի միջազգային ճանաչումը: Պարոն Վարդանյանի համոզմամբ` ՏՏ ոլորտում պետք է լինի պետական պատվեր: Նա մանրամասնեց. «Սա կարտոֆիլ կամ տուշոնկա չէ, այլ գիտահետազոտական աշխատանք: Բացի այդ պետք է հասկանանք, եթե հարվածային զինատեսակներ ենք մշակելու, արդյո՞ք հրաման լինելու է, որ ողջ առաջնագծի երկայնքով այդ զենքերը գործածվեն: Այլապես կստացվի, որ դրանք չկիրառելու դեպքում մասնագետների խումբը պարապ գործով է զբաղված եղել»:
Կարդացեք նաև
Խոսելով Պաշտպանության նախարարության բարձրաստիճան երկու պաշտոնյաների պաշտոնանկության մասին` պարոն Վարդանյանն ասաց. «Գործընթաց է սկսվել, պետք է սպասենք, տեսնենք՝ շարունակվում է, թե ոչ։ Դրական գործընթաց է, պետք է ողջունել դա անպայման։ Այստեղ կարևոր է հասարակության շարունակական հետաքրքրությունը խնդրի վերաբերյալ։ Այդ, որ ասում ենք՝ ռազմարդյունաբերություն, չարաշահումներ, գողություններ և այլն, դա մեր հարկերից է գնացել։ Ու եթե մենք այդ գումարի ետևից չենք գնում, համապատասխան փոփոխություններ չեն լինում»։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով` հիմա մենք համակարգային ճգնաժամի հետ գործ ունենք. «Ռազմարդյունաբերական լուրջ խնդիրներ կան և դա զարմանալի է չհայտարարված պատերազմի մեջ գտնվող երկրի համար։ Ակնհայտ է, որ ժամանակակից տեխնոլոգիաների տեսակետից հայկական բանակը բավական հետ է ընկել, մինչդեռ պետք է մտածել գոնե նվազագույն բարդության սարքեր արտադրելու մասին։ Սերժ Սարգսյանի` շտապում ենք դանդաղ բանաձևն այստեղ չի աշխատում, պետք է շտապել այնպես, ինչպես շտապում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ