Կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում անարդյունավետ է, քանի որ դրա համար չկա քաղաքական կամք: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է ցածր հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի պետական ծրագրերի արդյունավետությունը:
Ըստ պարոն Հոկտանյանի՝ կոռուպցիան չի վերանում, քանի որ մեր երկրում չեն վերանում մենաշնորհները, տնտեսական եւ քաղաքական վերնախավերի սերտաճումը եւ իշխանության երեք ճյուղերի միջեւ հավասարակշռության խախտումը, մասնավորապես` դատական իշխանության անկախության բացակայությունը:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին հարցրին, թե ինչպես կարող է կոռուպցիան վերանալ, եթե ամենաբարձր օղակներից սկսած` ֆինանսական ոլորտի պատասխանատուներով վերջացրած, կոռումպացված պաշտոնյաներ են ղեկավարում եւ հենց նրանց ընկերություններն են խուսափում հարկեր վճարելուց, գործում են ստվերում եւ իրենց բիզնեսների համար արտոնություններ ստանում: Նա պատասխանեց, որ պետք է փաստերով խոսել, եթե ունենք փաստեր, հիմքեր, ուրեմն պետք է հնչեցնել. «Բայց հենց այնպես հնչեցնել, այնքան որ հնչեցնելու համար ես այնքան էլ կողմնակից չեմ դրան: Եթե այդպես լինի՝ կարանք ասենք, օրենքները չեն գործում Հայաստանում, ես ինքս 9 օրենք եմ անցկացրել Հայաստանում, դժվարությամբ, ինչ է, եթե օրենքները լավ չեն գործում ասենք` օրենք չընդունե՞նք»:
Պարոն Հոկտանյանի խոսքերով, 2003 թվականից ի վեր կոռուպցիայի համաթիվը չի փոխվում: Ըստ նրա, ԵՏՄ-ում Հայաստանի տվյալները լավագույնն են այս առումով, սակայն դա, Վարուժան Հոկտանյանի համոզմամբ, հպարտանալու առիթ չէ: Նա, օրինակ բերելով հարեւան Վրաստանին, որը 2003-ին աշխարհի ամենակոռումպացված 5 երկրների շարքում էր, ասաց, որ ներկայումս այս երկիրը շատ ավելի լավ վիճակում է Հայաստանի համեմատությամբ: Վարուժան Հոկտանյանն ասաց, որ ամենակոռումպացվածը մեզ մոտ մեկ անձից գնումներն են, պաշտպանության եւ այլ ոլորտներ:
ԱԺ պատգամավորը զարմանում է, որ հասարակությունը չզարմացավ, երբ դրոշմապիտակավորման օրենքի կիրառությունից հետո, ձեռնարկությունների շրջանառությունը 2-3 անգամ աճեց. «Ոչ ոք չզարմացավ, կառավարությունը բերեց թվերը, հիմնավորման մեջ գրած էր, որ դրոշմապիտակ կիրառելու արդյունքում այս ինչ ոլորտում 2-3 անգամ աճել է, ոչ ոք չասեց, որ երեկ չէ առաջին օրը որ 2,7 անգամ պակաս էր, բա ո՞վ է պատասխանատու դրա համար»:
Միքայել Մելքումյանի խոսքի մանրամասները` տեսանյութում
Պե՞տք է արդյոք պաշտոնյաներին, արվեստի, գիտության եւ այլ հասարակական գործիչների բնակարան հատկացնել, ինչպես որ արվում էր խորհրդային տարիներին, հարցին, Վարուժան Հոկտանյանն ասաց. «Այստեղ ուրիշ խնդիր կա, որ ուսումնասիրությունների արդյունքում վեր էինք հանել, որ շատ անգամ պաշտոնյաների պետբյուջեի հաշվին տրվել են «Երազ» թաղամասում բնակարաններ, որպես ազատամարտիկ եւ այլն, սա արդեն լուրջ հետաքննության նյութ է, ինչպես է եղել, որ այդպիսի մարդիկ ստացել են բնակարաններ: Բայց պետք է ծառայողական բնակարաններ տալ, խորհրդային տարիներից եկած պրակտիկայի համաձայն թե` ոչ, դա արդեն վիճելի հարց է»:
Վարուժան Հոկտանյանի եւ Միքայել Մելքումյանի հետ հանդիպումը այսօր կազմակերպել էր Տնտեսական լրագրողների ակումբը` «Konrad Adenauer Stiftung»-ի աջակցությամբ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ