Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանում քննարկվել են Հայաստանում նեոնատալ բժշկության խնդիրներն ու զարգացման հնարավորությունները

Ապրիլ 29,2016 16:32

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան (ՆԲՀԱ) այսօր կազմակերպել էր կոնֆերանս` ներկայացնելու Հայաստանում 2016 թվականի նեոնատալ ծառայությունների որակի գնահատման արդյունքները: Մինչեւ հինգ տարեկան հասակում մանկական մահացության ընդհանուր քանակի մեջ նորածինների մահացության հարաբերակցությունն այսօր գերազանցում է 60 տոկոսը: Նեոնատալ մահացության հիմնական պատճառներից են վաղաժամ/անհաս ծնունդները, բնածին հիվանդությունները, ծննդաբերության ժամանակ ի հայտ եկած ասֆիքսիան, սեպսիսն ու թոքաբորբը: ՀՀ առողջապահության նախարարության կողմից մանկաբուժական հիվանդանոցների գործունեությունը վերանայելիս բացահայտվել են նեոնատալ առողջապահության ծառայության բավականին ցածր ցուցանիշներ, որակի ապահովման համակարգի բացակայություն եւ չկանոնակարգված բուժսպասարկում:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի շրջանակներում ՆԲՀԱ-ն ս.թ. հունվար-մարտ ամիսներին իրականացրել է Հայաստանում տրամադրվող նեոնատալ ծառայությունների ընդհանուր գնահատում-մոնիտորինգ՝ նպատակ ունենալով բացահայտել նեոնատալ եւ նորածնային մահացության հիմնական պատճառները, ինչպես նաեւ որակյալ նեոնատալ ծառայությունների տրամադրման բացթողումները: Գնահատումն իրականացվել է մանկաբարձ-գինեկոլոգիական ծառայություններ տրամադրող հանրապետության 65 բուժհիմնարկից 32-ում ՝ 21 մարզային եւ 11 Երեւանի կլինիկաներում:

Ապրիլի 29-ի կոնֆերանսին ՆԲՀԱ-ն ներկայացրեց գնահատման արդյունքում բացահայտված մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կանոնակարգերի կիրառման թերացումներ, նեոնատալ բժշկության ստանդարտների անբավարար մշակումներ, անհրաժեշտ անձնակազմի շուրջօրյա ապահովման բացակայություն, վերակենդանացման եւ բուժման համար անհրաժեշտ սարքերի պակաս գրեթե բոլոր բուժհիմնարկներում: ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի Ժողովրդավարության, առողջապահության եւ սոցիալական բարեփոխումների բաժնի ղեկավար Էլիսոն Մքֆարլանդը, դիմելով կոնֆերանսի մասնակիցներին, մատնանշեց ՀՀ կառավարության եւ բժշկական մասնագիտական ասոցիացիաների հետ ունեցած ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցության ռազմավարական նշանակությունը, որն ուղղված է նորածինների առողջության բարելավման ու մահացության ցածր ցուցանիշների ապահովմանը:

«Ըստ հաստատված տեղեկատվության, նորածինների մահացության մինչեւ 70 տոկոսը կարելի է կանխարգելել, եթե տեղում ապահովվի անհրաժեշտ բժշկական միջամտություն»,- նշեց ՄքՖարլանդը՝ հավելելով, որ ուսումնասիրության արդյունքները եւ բացահայտումները կօգտագործվեն ի նպաստ Հայաստանում նորածինների առողջապահության ռազմավարության բարելավմանը, բուժանձնակազմի վերապատրաստմանը եւ նեոնատալ ծառայությունների որակի բարձրացմանը:

ՆԲՀԱ նախագահ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ռեանիմատոլոգ, Երևան քաղաքի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանն ընդգծեց, որ համաձայն ՆԲՀԱ-ի վերլուծության՝ նեոնատալ ծառայությունների կանոնակարգման եւ ուղեցույցների հետեւողական ներդրման արդյունքում Հայաստանում նորածնային մահացությունը կարող է նվազել շուրջ 30 տոկոսով:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագիրը սկսվել է 2015թ.-ին՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության ներքո: Ծրագրի մի շարք բաղադրիչներ իրականացվում են Հայկական ակնաբուժության նախագծի հետ գործակցությամբ: Ծրագիրը կօգնի առողջապահական հիմնարկներին տրամադրել կարեւոր եւ որակյալ նորածնային խնամք հայ ընտանիքներին, կխթանի միջազգային չափանիշներին համապատասխան նորածնային խնամքը եւ կանդրադառնա այն հիմնական խնդիրներին, որոնք հանգեցնում են մանկական մահացության:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930