Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. «Միայն լայնածավալ պատերազմի դեպքում կարելի է տարկետումը հանել»

Ապրիլ 29,2016 15:19

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը կարծում է, որ տարկետումը հանելն ամենամեծ հիմարությունը կլինի:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Թեւան Պողոսյանի հետ նախագիծ է ներկայացրել, որ ուսանողներին չպետք է տրվի տարկետում, այսինքն՝ 18 տարեկանը լրացած արական սեռի ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում:

Այս նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ գաղափարը լրամշակված տեսքով շատ շուտով կառավարությունը ներկայացնելու է խորհրդարան:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ նման բան անել չի կարելի ու մանրամասնեց. «Դա կարելի է միայն այն դեպքում, երբ լայնածավալ պատերազմի մեջ լինի երկիրը։ Մենք պատրաստում ենք այդ երիտասարդներին մեր ապագայի համար, կտրել դա, տարկետումը հանելը կլինի ամենամեծ հիմարությունը։ Մենք պետք է ուսանող չունենա՞նք, ապագա չունենա՞նք»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այդ կարծիքին չէ: Նա ՀՀԿ-ական գործընկերոջը բերեց Իսրայելի օրինակը, որտեղ գործում է ընդհանուր զորակոչ, մինչդեռ մենք նրանց գիտական մակարդակին չենք հասել։

Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին: Այս առումով տիկին Սեդրակյանը նկատեց, որ ՀՀԿ տարբեր գործիչների և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հայտարարություններում հակասություններ կան: Նա օրինակ բերեց. «Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ պաշտոնանկություններ չեն լինելու, մի քանի օր հետո Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց ՊՆ պաշտոնյաների»:

Մանվել Բադեյանը շտապեց հակադարձել. «Ինչ-որ գերատեսչության ղեկավար կարող է չհամարել, որ պետք է պաշտոնանկություն անել, բայց գերագույն գլխավոր հրամանատարը կարող է դա անել։ Ես դա նորմալ եմ համարում»:

Հողերի հարցում զիջումների թեման ևս չշրջանցվեց: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահի տպավորությամբ` արցախցիներն այս հարցում ավելի իրատեսական մոտեցումներ ունեն. «Այդ տարածքները, որ ասում են՝ պետք է տալ Ադրբեջանին, դա անվտանգության գոտի է։ Կարծում եմ՝ արցախցիներն ավելի իրատեսական էին մտածում, երբ ասում էին՝ ոչ մի թիզ հող թշնամուն»։

Տիկին Սեդրակյանը կարծում է, որ պետք է դասեր քաղել այն փաստից, որ դաշնակից Ռուսաստանը Հայաստանի համար պատերազմական իրավիճակում չաջակցեց. «Ապրիլյան պատերազմն ակնհայտ դարձրեց` Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ: Մեզ պետք չեն հովանավորներ, բայց պետք են իրական դաշնակիցներ»։

ԼՂՀ հակամարտության լուծման առումով տիկին Սեդրակյանը համոզված է, որ պետք է պահանջել` Արցախը բանակցային կողմ դառնա: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, բայց մի օր գալու է բանակցությունների այդ ժամը:

Եզրափակելով՝ պարոն Բադեյանը նշեց. «Պատերազմական գործողություններով խնդիրը չի լուծվի։ Հասնել, Բաքուն գրավել՝ դա ճանապարհ չէ»։

Պարոն Բադեյանն անդրադարձավ Հերմինե Նաղդալյանի` ազատագրված տարածքների մասին հայտարարություններին. «ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ազատագրված տարածքների մասին ընդամենն իր տեսակետն է հայտնում, ջղաձգման կարիք չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930