Լրահոս
Օրվա լրահոսը

Տաճատ Վարդապետյան. «Ադրբեջանի դեսպանն էլ հայտնի երգիչ է»

Ապրիլ 29,2016 15:10

«Ազատագրված տարածքներն անսասան պետք է մնան: Մենք ունենք բարբարոս հարեւան, ում հետ փոխզիջման գործընթաց չենք կարող կատարել»,- «Անալիտիկ» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդանյանը:

Նա կարծում է, որ Ադրբեջանն այն անհուսալի կողմն է, որից կարելի է սպասել ուխտադրուժ քայլեր: Բայց, որքան էլ ապրիլի սկիզբը մեզ համար ուղենշվեց հերոսների մահով, սա նաեւ ինդիկատոր է, մեր միասնության ինդիկատորը, բացթողումների ինդիկատորը: Պատգամավորը նկատում է. «Ահռելի կորստյան, անչափելի կսկիծի հետ կա նաեւ հպարտության մեծ զգացում: «Ազգս նորից բռնցքվում է: Բոլորը կանգնեցին եւ պիտի կանգնեն, որ հարցն արդար լուծում ստանա»:

Նկատի ունենալով Վրաստանի ավանդական վերաբերմունքը հայկական հարցերին, այս ամենն ի՞նչ ազդեցություն կունենա ջավախահայության խնդիրների վրա, հարցին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ Վրաստանի իշխանությունը ցեղասպանության խնդրի հանդեպ ավելի բարյացակամ է դարձել, համեմատ նախորդ տարիների: Վերջերս Վրաստանի խորհրդարանում հանդիպումներ են ունեցել ՀՅԴ-ական պատվիրակները, նրանք գոհունակություն են հայտնել`ասելով, որ ավելի ըմբռնումով մոտեցում կա:

Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները համակարգող Արտակ Գաբրիելյանն այսօր առավոտյան, Տաճատ Վարդապետյանի հետ հեռախոսազրույցում նույնպես այդ կարծիքն է հայտնել: Փոքր միջադեպ է եղել ապրիլի 24-ին, որը շատ արագ շտկվել է, տեղական իշխանություններն էլ այնուհետ մասնակցել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին: «Բայց աշխատանք ունենք անելու»,- ասաց պատգամավորը:

Նա չխոսեց այս ընթացքում ջավախահայերի ցուցաբերած նյութական օգնությունների մասին, դրանք հայտնի են:

Aravot.am-ի դիտարկում-հարցին`վերջերս շատ խոսվեց Վրաստանում ՀՀ դեսպանի գործունեության, ավելի ճիշտ անգործության մասին. ի՞նչ գնահատականներ կհնչեցնի պատգամավորը, Տաճատ Վարդապետյանն ասաց. «Նման բնութագրեր չեմ ուզում տալ: Եթե փոքրիկ վրիպումներ լինում են, բառակապակցության արտաբերումների, դա անգործություն չի կարելի անվանել: Մեր դեսպանը հայազգի լեգենդար մարտիկ է, որը մեզ համար մեծ հեղինակություն է ունեցել»:

Հիշեցնենք, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում փետրվարի 26-ին տեղի ունեցած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ընթացքում այսպես էր խոսել ցեղասպանության մասին:

Տաճատ Վարդապետյանն ասում է`աշխարհում ընդունված է այդպիսի մարդկանց դեսպաններ նշանակելը. գուցե դիվանագիտական գիտելիքները եւ փորձը երբեմն պահանջված չեն: Իբրեւ օրինակ էլ բերում է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանին, նա էլ հայտնի երգիչ է: «Վրաստանում մեր դեսպանատունը կամ դեսպանն անգործության մատնված չեն»,- եզրակացրեց նա: Դիտարկմանն էլ` մեզ համար կարեւորագույն Վրաստանի նման երկրում ճիշտ չէ՞ լեգենդարությունը փոխանակել դիվանագիտությամբ, հակադարձեց. «Լեգենդարությունը դիվանագիտական աշխատանքի հետ համատեղվում է»:

«Հայ-վրացական հարաբերությունները դիվանագիտական նուրբ եւ հեռատես գործընթաց են ենթադրում, անընդհատ ամրացնելու, ամրապնդելու կարիք ունի: Բայց այս փուլում ջերմության ընթացք կա»,- եզրափակեց Տաճատ Վարդապետյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930