Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման խնդրով կզբաղվեն նաև անձամբ գործատուները

Ապրիլ 29,2016 14:19

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հարցում այս տարվանից որոշակի դեր են ունենալու նաև պետական և մասնավոր հատվածի գործատուները: 2016 թվականից սկսած՝ բոլոր այն պետական կառույցները, որոնց աշխատողների քանակը գերազանցում է հարյուրը, պարտավոր են աշխատատեղերի առնվազն 3 տոկոսում ընդգրկել հաշմանդամություն ունեցող անձանց: Մասնավոր հատվածի կառույցներին քվոտավորման պահանջը կվերաբերի 2017 թվականից. hարյուր և ավելի աշխատող ունեցող ընկերությունները իրենց կողմից առաջարկվող աշխատատեղերի առնվազն մեկ տոկոսում կընդգրկեն հաշմանդամություն ունեցող անձանց:

Հայաստանի Կառավարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականության շրջանակներում, արդեն այս տարվանից կիրառում է հատուկ ծրագիր, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման աջակցություն ստանալ անմիջապես գործատուներից: Կառավարության որոշման համաձայն՝ պետական և մասնավոր հատվածի գործատուները, քվոտայի պահանջի չկատարման դեպքում կկատարեն համապատասխան մասհանումներ, որոնք դարձյալ կուղղվեն հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խնդիրների լուծմանը:

Պետական կազմակերպությունների համար այս պահանջը արդեն իսկ ուժի մեջ է մտել. 100 և ավելի աշխատակից ունեցող կառույցները պարտավորվում են իրենց աշխատատեղերի 3 տոկոսում ընդգրկել հաշմանդամություն ունեցող անձանց: Մասնավոր հատվածի գործատուներին կարգը կվերաբերի հաջորդ տարվանից սկսած. 100 և ավելի աշխատող ունեցող մասնավոր ընկերությունները իրենց աշխատատեղերի մեկ տոկոսում պետք է ընդգրկեն հաշմանդամություն ունեցող անձանց:

Նշված պահանջը չկատարելու դեպքում ընկերությունները կկատարեն մասհանումներ հատուկ նպատակով բացված հաշվեհամարին՝ քվոտայի պահանջը չկատարած յուրաքանչյուր աշխատատեղի համար՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Այս մասհանումները նպատակային միջոցներ են և օգտագործվելու են երկու ուղղություններով՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորում, աշխատանքային և մասնագիտական վերականգնում, և հաշմանդամություն ունեցող անձանց առողջական և սոցիալական վերականգնում:

Որպեսզի ընկերությունները տեղեկանան՝ արդյոք իրենք տվյալ տարվա կտրվածքով ենթակա են նշված կարգի պարտադիր ապահովմանը, պետք է ծանոթանան այս մասին պաշտոնապես հրապարակվող տեղեկատվությանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք-էջում՝ www.mlsa.am: Ընկերությունների ցանկերը պարբերաբար թարմացվելու են՝ ՀՀ ֆինանասների նախարարությունից ստացված համապատասխան տեղեկատվության հիման վրա:

Այսպիսով, պետական կազմակերպությունները, որոնց այս պահանջը վերաբերում է արդեն այս տարի, կարող են նախարարության կայքից տեղեկանալ` արդյոք իրենք ընդգրկված են 100 և ավելի աշխատող ունեցող ընկերությունների ցանկում, հետևաբար 2016 թվականի ընթացքում արդեն իսկ պետք է ապահովեն նշված քվոտայի կատարումը:

Գործատուներին համապատասխան տեղեկատվություն ստանալու հարցում կաջակցի նաև սոցիալական ոլորտի թեժ գիծը՝ 114 անվճար հեռախոսահամարով:

 

ԿՀԻԿ հիմնադրամ

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930