ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի գնահատմամբ, ապրիլյան դեպքերը լակմուսի թուղթ էին, որոնք բացահայտեց հայոց բանակի ու պաշտպանական համակարգի ամբողջ թերությունները:
«Մեկ անգամ եւս համոզվեցինք, որ մեր ոխերիմ հարեւաններն ուխտադրուժ են, պիտի գիշերով հարձակվեն, քնած մարդկանց վրա հարձակվեն: Առավել ցայտուն դարձավ, որ հայ զինվորը ոչ միայն խիզախ է, մեծ հայրենասեր, այլեւ պատրաստակամ ամեն ինչ անելու իր հայրենիքի սահմաններն ամուր պահելու համար»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պատգամավորը:
Պարոն Մինասյանի համոզմամբ, ադրբեջանցիներին լռեցնել հնարավոր է միայն ուժով ու պարտադրաբար. «Ինչպես 94-ին աղերսեցին հրադադար, նույն բանն էլ հիմա պետք է լինի, այլ ճանապարհ չկա, բացի պարտադրանքից, այլ կերպ անհնար է, քան խաղաղությունը պարտադրելը»:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարին, վերջին դեպքերով պայմանավորված հասարակության հիասթափության ֆոնին՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ հարաբերությունները կընթանան մեր երկու ժողովուրդների դարերով ստեղծված ավանդույթների համաձայն. «Կան իրավիճակներ, որոնք թելադրվում են այս պահի շահերով, իսկ ընդհանրական առումով՝ բարեկամության ու համագործակցության եւ աշխարհաքաղաքական տեսակետից այս տարածքում պետք է իմանանք, որ ՌԴ-ն ու մեծ տերություններն իրենց շահերն ունեն ու իրենց շահերն են պաշտպանելու: Պետք է արժանապատիվ կեցվածք ունենանք ու մեր հարաբերությունները հյուսիսի ու Արեւմուտքի հետ ի նպաստ մեր երկրին պահպանենք»:
Կարդացեք նաև
Նրա համոզմամբ, ՌԴ հետ Հայաստանի հարաբերություններն ավելի ընդլայնվելու են ու ավելի արդյունավետ է դառնալու համագործակցությունը նաեւ ռազմաքաղաքական առումով:
Ինչ վերաբերում է նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե Հայաստանը կրակի հետ է խաղում, Մկրտիչ Մինասյանն ասաց. «էրդողանը շատ բարդ, էմոցիոնալ ու ազգայնամոլական գործիչ է, այն, ինչ անում է, առաջին հայացքից թվում է, թե շահեկան է, բայց երբ վերլուծում ես, հասկանում ես, որ դա իր պետության շահերից չի բխում»:
Պատգամավորը վերջում էլ հավելեց. «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի ընդարձակմանը, չնայած ուշ, թե շուտ բանակցություններ լինելու են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ