«Ես 2 ուղերձ ունեմ, որն ուզում եմ ուղղել իշխանությանը: Այն, ինչ կատարվեց երեկ ԱԺ-ում՝ խայտառակություն էր, իշխանությունները նորից իջան մանր աճպարարությունների մակարդակի: Այդպիսի քայլերով միասնականություն չեն ապահովում: Մենք կոչ ենք անում իշխանություններին սթափվել:
Երկրորդ ուղերձս ցանկանում եմ ուղղել ընդդիմությանը կամ ֆորմալ առումով իրենց ընդդիմություն համարողներին: Այն, ինչ կատարվեց երեկ, որ զբաղված էր ընդդիմությունը փոխադարձ մեղադրանքներով, դա նույնպես անընդունելի է»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի քվեարկությանը:
Նա ասաց, որ իրական ընդդիմության մեկ չափանիշ կա, այն է, որ իր քննադատության թիրախ է համարում միայն իշխանություններին: Ըստ պրն Զուրաբյանի, պետք է ընդդիմության մանր գզվռտոցներից էլ զերծ մնալ:
Հարցին՝ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանը Ղրիմ չէ, կամ էլ Ուկրաինա, բացառիկ է, այսինքն, բացահայտում է, որ ՌԴ-ն չի կարող կառավարել Ադրբեջանը, սա հատուկ ուղե՞րձ է՝ Լեւոն Զուրաբյանն ի պատասխան շնորհակալություն հայտնեց նախ Էրդողանին, որ տեղեկացրեց՝ Ադրբեջանը Ղրիմը չէ. «Էրդողանը ամբողջ աշխարհին է ապացուցել, որ բանականությունը կորցրած մի դեսպոտ է, որը խեղդում է ազատ միտքը իր երկրում: Փչացրել է նա իր հարաբերությունները հարեւան երկրների հետ, ներխուժել Իրաք, հարձակվեց քրդերի վրա Սիրիայում եւ Իրաքում, փչացրել է իր հարաբերությունները Լիբանանի, Եգիպտոսի, Իսրայելի հետ: Մենք այսօր գործ ունենք իր սեփական ամբիցիաներով եւ իր քմահաճույքներով առաջնորդվող մի հիտլերիկի հետ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ