«Ոչ թե ջենթլմենական փաստաթուղթ պետք է ստորագրել, դեմ չեմ այդ բարի մղմանը, այլ քրեական օրենսգրքով պետք է բարձրացնել: Բարեգործություն ընտրակաշառք բաժանելը հիմա տեղափոխվում է վարչական պատասխանատվություն, տուգանքով պետք է ազատվեն»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ արձագանքելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի առաջարկին՝ ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նա իր զարմանքը հայտնեց, որ քվեատուփ գողանալու համար տուգանքով ազատվում են, ասում են՝ գուցե ընտրակեղծիքների համար չի գողացել. «Ինչ է, գողանում ես քվեատուփը, որ հետը նկարվե՞ս»:
Երեկ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն զարմանք հայտնեց, որ «ընտրություններում փող եւ մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում ընտրություններում փող եւ տուկի թել բաժանողներին, իսկ նրանք դատափետում են փող եւ ատամի պրոթեզ բաժանողներին»: Aravot.am-ի հարցին՝ Դուք այդտեղ իսկապես աբսուրդ չե՞ք տեսնում, որ 20 տարվա ընտրակեղծիքներից է խոսում Վարդան Օսկանյանը, մուրաբա բաժանողը խոսում է ընտրակաշառքից՝ Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Ովքեր որ ընտրակաշառք են բաժանում, նրանք պիտի պատասխան տան: Ես սա ասում եմ ձեր աչքերի մեջ նայելով՝ մենք որեւէ միջոց չենք ունեցել, որ բաժանենք: Ընդհանրապես չենք բաժանել: Դա արել է վստահության քվեն: Ձեր առջեւ կանգնած է գյումրեցի պատգամավոր, որը տասնյակ հազարավոր ձայն է ստացել: Ոչ ես, ոչ ՕԵԿ որեւէ պատգամավոր ընտրակաշառք չի բաժանել: Հարցը կարող եք ուղղել հասցեատերերին: Մենք որեւէ լումա չենք բաժանել: Գրոշներով չպետք է գնել պատիվ, արժանապատվություն եւ գրոշներով չպետք է վաճառել երեխաների ապագան: Հարց տվողը դուք եք, դուք էլ գիտեք, որ նման բան չի եղել:
Նրա խոսքերով՝ «Մենք մեր կուսակիցներին Նոր տարվա եւ ցանկացած առիթով կբաժանենք ցանկացած բան: Մենք մեր համակուսակիցներին ենք բաժանել, մեղավոր չենք, որ հարյուր հազարավոր կուսակիցներ ունենք: Դուք լավ գիտեք ովքեր են ընտրակաշառք բաժանում, ինչ տեսքով եւ ովքեր են դրա միջոցով ձայներ ստանում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ