Քառօրյա պատերազմը կայծակնային արագությամբ փոխեց Հայաստանի հանրային գիտակցությունը, եւ այդ հանգամանքը արդեն իսկ նկատելի է դառնում նաեւ քաղաքական դաշտում, որտեղ թվում էր, թե տարիների ընթացքում միայն նշանակալի տեղաշարժեր կլինեն։
Վերջին մեկուկես տասնամյակում Հայաստանի քաղաքական դաշտը փաստացի երկու բեւեռների էր բաժանվել, եւ հայ հանրությանը քաղաքական ուժերը մշտապես երկու՝ ռուսամետ եւ արեւմտամետ ընտրությունն էին պարտադրում տարիներ շարունակ։ Ու այդ դիրքորոշումը շատ հաճախ փոխվում է, քանի որ ոչ թե սկզբունքայնության դրսեւորում է այդ կեցվածքը, այլ քաղաքական նպատակահարմարության։ Նույնիսկ բանն այնտեղ հասավ, որ նախկինում արեւմտամետի կերպարով հանդես եկող քաղաքական ուժերից մեկը՝ տեսնելով, որ ռուսամետների դաշտն անտեր է մնացել, սահուն անցում կատարեց դեպի այնտեղ։
Հայկական ազգանունով Ռուսաստանի շահերը սպասարկող գործիչներն էլ հայտարարել էին Հայաստանում կուսակցություն հիմնադրելու եւ մեր քաղաքական դաշտ մուտք գործելու մտադրության մասին։ Թվում էր, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ինչպես միշտ, շիլաշփոթ իրավիճակ է ստեղծվելու։
Սակայն քառօրյա պատերազմը քաղաքական դաշտում այնպիսի փոփոխություններ հարուցեց, որոնք մինչեւ մարտի 30-ը կարող էին անհնար թվալ։ Այսօր արդեն կուսակցությունները խուսափում են ընդգծել իրենց «մետությունը»։ Ռուսամետները այնպիսի կեցվածք են ընդունել, կարծես իրենք չէին քառօրյա պատերազմից ընդամենը երեք-չորս օր առաջ Մոսկվայում հանդիսավորությամբ «ֆիլիալներ» բացում։
Կարդացեք նաև
Արեւմտամետերը մյուս կողմից են խուսափում իրենց՝ «Եվրոպան եւ Ամերիկան մեզ կփրկեն» բանաձեւով պարփակվող միտքը հանրության վզին փաթաթելուց։
Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանին կփրկի եւ կպաշտպանի միայն սահմանին կանգնած իր քաղաքացին, իր զինվորը։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում