Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար է հիշել, թե իշխանությունը էլ որ հարկատուի նկատմամբ է այսքան շռայլ գտնվել. «Հրապարակ»

Ապրիլ 29,2016 10:41
hrazdan

Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում լրագրողներին տեղեկացրել է, որ պատրաստվում են «Հրագդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություն տալու մասին օրինագիծը նորից բերել խորհրդարան։ Աղմկահարույց նախագծի քվեարկությանը ապրիլի 26-ին, ընդդիմադիրների ջանքերով եւ որոշ ՀՀԿ-ականների «աջակցությամբ», 12 ՀՀԿ-ական չմասնակցեցին, ընդդիմությունն էլ միասնական բոյկոտեց, արդյունքում քվորում չապահովվեց, եւ նախագիծը ստացավ 53 կողմ, 1 դեմն էլ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանինն էր։ Մինչ քվեարկությունը, ընդդիմադիր մի շարք պատգամավորներ անխնա քննադատեցին կառավարության ուղարկած նախագիծը, որով ցանկանում են չեղյալ համարել գործարանի չվճարած հարկերի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերը՝ 510 մլն. 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով։ «

Պատգամավորները վրդովվել էին՝ ինչո՞ւ են խրախուսում «թալանչիներին», կանաչ լույս վառում նրանց համար, նրանք ասում էին, որ ստացվում է՝ ով ցանկանա, կարող է գալ, թալանել երկիրն ու անպատիժ հեռանալ։ Ու, փոխանակ նրանց պատժեն, «ջրում» են իրականացրած թալանը։

Իսկ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, որն ի պաշտոնե ներկայացնում էր նախագիծը, վստահեցնում էր, որ միայն այդ արտոնության դեպքում է հնարավոր այնտեղ ներդրումներ անել ու արտադրությունը շարունակել, այլապես հազարից ավելի մարդ կհամալրի գործազուրկների բանակը։

Նրանք հորդորում էին ընդդիմադիր գործընկերներին սթափ դատել ու զերծ մնալ պոպուլիզմից՝ անտեսելով, որ նախագիծը չի արժանացել նաեւ ֆինանսների նախարարության դրական եզրակացությանը։ Ի դեպ, պատկան մարմիններից միայն ֆիննախն է, որ դեմ է եղել այս նախագծին։ «Տնտեսվարող սուբյեկտներին հասցեակաև (անհատական) հարկային արտոնությունների տրամադրումը չի բխում հարկման արդարության ու հավասարության սկզբունքներից։ Բացի այդ, հարկային քաղաքականության շրջանակներում խտրական մոտեցումների ցուցաբերումը տնտեսության մեջ առողջ մրցակցությունը խաթարելու իրական ռիսկեր է առաջացնում։ Մասնավորապես, նախագծի ընդունման պարագայում, հարկման արդարության եւ հավասարության սկզբունքի պահպանումը ենթադրում է, որ պետությունը պետք է հետ վերադարձնի բոլոր այն հարկ վճարողների կողմից վճարված տույժերը, որոնք թեեւ գտնվել են նմանատիպ կամ ավելի վատ ֆինանսական պայմաններում, բայց, այդուհանդերձ, վճարել են հարկային օրենսդրությամբ նախատեսված տույժերը»,- ասված է ֆիննախի բացասական եզրակացության մեջ։

Դժվար է հիշել, թե իշխանությունը էլ որ հարկատուի նկատմամբ է այսքան շռայլ գտնվել։ Վանաձորի ամենախոշոր հարկատուն՝ «Վանաձոր քիմպրոմը», ավելի քան 60 միլիոն դրամի գույքահարկ ու հողի հարկ էր պարտք Վանաձորի քաղաքապետարանին։ Ընկերությունը կուտակել էր նաեւ աշխատավարձի պարտքեր։ «Քիմպրոմը» 2013-ին դիմել էր կառավարությանը եւ խնդրել Ռուսաստանից ստացված 500 միլիոն դոլարի կայունացնող վարկից մոտ 3 միլիոն դոլար վարկ հատկացնել գործարանին։ Սակայն կառավարությունը մերժել էր ընկերության դիմումը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930