Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը պիտի խնդրի բանակցություններ` Ղարաբաղի համար

Ապրիլ 29,2016 12:00

Նա օգնեց հայկական կողմին մի հարցում. Երեւանի համար հրաշալի
հնարավորություններ են ստեղծվել ԼՂ հարցում դիրքորոշումը կարծրացնելու համար:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պաշտոնական Երեւանի պահվածքը անորոշ ներկայացնելու փորձ է արվում, եւ ինչպես վերջին շրջանում, այնպես էլ հիմա ադրբեջանական ջրաղացին ջուր են լցնում դարձյալ ռուսական պարբերականները՝ նշելով, թե Հայաստանը հրաժարվում է բանակցություններից, ինչը դուր չի գալիս Մոսկվային…

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեւանյան բանակցությունների ընթացքում մի ուշագրավ հարց հնչեց Սերժ Սարգսյանի կողմից, որն այնքան էլ ուշադրության չարժանացավ: «Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարեւոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,- ասաց Սերժ Սարգսյանը Լավրովին:

Այդ հանդիպման տեսանյութում նկատվում է, որ Լավրովը փոքր-ինչ հանկարծակիի եկած պատասխանում է. «Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարեւոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաեւ զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը»:

Պաշտոնական Երեւանը՝ դուր է գալիս դա Մոսկվային, թե ոչ, հստակ հասկացնել է տալիս, որ բանակցությունները շարունակվում էին տարիներ շարունակ, բայց ի վերջո` Ալիեւը ընտրեց պատերազմ սանձազերծելու իր պլանը: Ինչո՞ւ, ո՞ւմ լուռ համաձայնությամբ, կա՞ երաշխիք, որ նույնը չի կրկնվելու:

Լավրովի այցից հետո Ս. Սարգսյանն ավելի ծավալվեց Bloomberg-ին տված հարցազրույցում` շեշտելով, որ ժամանակն է վստահության միջոցառումներ ձեռնարկել, վերահսկողություն իրականացնել, հասցեական հայտարարություններ անել: Ուշագրավ էր, որ նա խոսեց ռուս խաղաղապահների տեղակայման թեմայով եւ ընդգծեց, որ նման հնարավորություն չի տեսնում. «Եթե բանակցություններ չկան, ռուսական զորքն ինչպե՞ս պետք է հայտնվի Ղարաբաղում կամ Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի միջեւ»: Ս. Սարգսյանի դիրքորոշումն առավել քան հստակ էր. «Անհրաժեշտ է, որպեսզի նախ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը` անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ` մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլեւս այսպիսի խախտումներ չեն լինելու: Հակառակ պարագայում անիմաստ են բանակցությունները. մենք բանակցություններ սկսենք այնտեղ, իսկ զինվորականներն այստեղ` պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»:

Հավելենք նաեւ, որ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը եւս անդրադարձել է խաղաղապահների թեմային` նշելով, որ գոյություն չունի հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ տեղակայելու կոնկրետ հարց:

Լայնածավալ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. սա, կարծես, գիտակցում են բոլորը: Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարված, բայց չգործող հրադադարը բավարար չէ լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար:

Ինչո՞ւ: Միջնորդ երկրները բանակցությունները շարունակելու կոչերից բացի՝ պետք է կենտրոնանան պատերազմի սանձազերծման պատասխանատուին հասցեական նշելու վրա, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման` Բաքվի մերժած գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ: Նրանք իրենց կոչերը կարող են ավելի կոնկրետ անել, եթե այդ մեխանիզմները գործեն, ու այդ դեպքում նրանք ամեն անգամ «կպարզեն», թե ով է սկսում շփման գծում լարվածությունը: Նկատենք, որ օրերս Երեւանում Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրն էլ նշեց, որ Ֆրանսիան առաջարկում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայել ԵԱՀԿ դիտորդներ եւ հսկման սարքեր: Այսինքն` ԱՄՆ-ը կողմ է, Ֆրանսիան կողմ է, Լավրովն էլ Երեւանում Գերմանիային կարեւորեց այս հարցում, հետեւաբար` ի՞նչն է խանգարում անհապաղ այս մեխանիզմի կյանքի կոչմանը:

Հաջորդը. եթե մոտ ապագայում պետք է բանակցություններ սկսվեն, ապա պաշտոնական Երեւանը պետք է ձգտի հասնել նրան, որպեսզի ԼՂՀ-ն պարտադիր մասնակցի այդ բանակցություններին: Հիմա ամենահարմար պահն է դա պնդելու համար: ԼՂՀ-ի ապագան որոշելու են ղարաբաղցիները:

Իրականում, որքան էլ մեր կորուստները մեծ էին քառօրյա պատերազմում, բայց նաեւ պետք է արձանագրենք, որ Ալիեւը օգնեց հայկական կողմին իր` պատերազմ սանձազերծելու ցինիկ ծրագրով մի շատ կարեւոր հարցում. հիմա պաշտոնական Երեւանի համար հրաշալի հնարավորություններ ու պայմաններ են ստեղծվել ԼՂ խնդրում հայկական կողմի դիրքորոշումը կարծրացնելու ու նախապայմաններով հանդես գալու համար:

Այլ կերպ ասած` Ալիեւը պետք է խնդրի, որ հայկական կողմը վերադառնա բանակցությունների, դրան հասնելուց հետո պետք է պարզի, որ հայկական կողմը վերադառնում է բանակցությունների լիովին այլ պայմաններով: Սա այն է, ինչին Ալիեւը նպաստել է իր իսկ ձեռքով, ու դրանից չօգտվելը մեծագույն բացթողում կլինի հայկական կողմի համար` հղի անդառնալի հետեւանքներով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. մերկանտ says:

    Այո․․․ Շատ ճիշտ ա մեկնաբանված։ Հիմա, շատերը նայելու են Հայաստանի «երեսին»։ Եթե նախագահը թուլացնի կամ հաստատակամ ու հետևողական չլինի, ապա շատ ավելին կկորցնենք մոտ ապագայում։ Պետք չէ վախվորած դիրք ընդունել։ Դա միանգամից ընկալվում ու օգտագործվում է մեր դեմ։ Պետք է վստահ գործել, ի շահ մեր Հայրենիքի։
    «Խելոք, սուս ու փուս երեխայի կարիքները, մեծամասամբ, անտեսվում են։»

  2. Հ.Շ. says:

    Ըստ երեւոյթին, յօդվածի նկատմամբ ընդհանրապէս գովասական մեկնաբանութիւններն է որ կը հրատարակվին, յատկապէս այս լրագրողի պարագային:

    Մակերեսային եւ շատ զգացական են այս «վերլուծութեան» փորձերը: Բառերի քանակով կարելի չէ ծածկել խորքի թեթեւութիւնը: Նաեւ, միշտ ու միշտ՝ նոյն ուղղութեամբ է գործում այս գրիչը: Մօտեցում մը, որ վստահաբար չի համապատասխանէր նիւթի արտակարգ բարդութեան, կացութեան բազմաթիւ ու բազմակողմանի երանգներին:

  3. ominac says:

    Ինչքան ալ մարդ մեռնի,կառավարութիւնը չի կրնար դիրքը փոխել։ Կառավարութիւնը միշտ կապաւինի իր ժողովուրդին կարողութեան վրայ։ Եթէ ժողովուրդը կարողութիւն չունի իր ուժերով պահել իր դիրքերը, այսինքն Արցախի տարածքը, այն ժամանակ պիտի հենին արտաքին գործօնները վրայ, օրինակ Ռուսաստանի շահերը Կովկասի մէջ։ Եթէ Ռուսաստանի շահերը փոխուին, նոր Հայաստանի կառավարութիւնը իր դիրքը կը փոխէ։ Միշտ յիշէ որ աշխարհի բոլոր երկիրները, մէջ ըլլալով Ռուսաստանը,Արցախը կը նկատեն Ազրպէյճանի մէկ մասը, եւ եթէ հայերը գոհ չեն իրենց զոհերէն, կրնան տարածքը ետ տալ թուրքին։ Մենք այս շրջանին մէջ ապրելու համար լրիւ ուրիշ մտածելակերպ եւ կառավարական կառոյց կուզենք։ Ժողովուրդի մօտ ոգին բարձր է բայց կարողութիւնները չեն ներէր որ դիրքերնիս կարծրացնենք։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930