ՀՀ կառավարությունը շարունակելով իրականացնել իր կողմից որդեգրած պետական քաղաքականությունը, որոշում կայացրեց, ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառված` Գյումրու «Քարհատ» մեքենա» ՓԲԸ-ի ճաշարանի շենքում գտնվող Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարն ընդունել որպես նվիրատվություն և համարել պետական սեփականություն: Կառավարության որոշման համաձայն` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով որմնանկարն ամրացվեց «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին:
Հ. Հակոբյանի «Սարերում» որմնանկարի ամրակայման, վերականգնման և տեղափոխման աշխատանքները կիրականացվեն ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հատկացրած միջոցների հաշվին: 2014-2015 թթ. հիմնադրամի միջոցների հաշվին Գյումրու երիտասարդական պալատ է տեղափոխվել և վերականգնվել Ռ. Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարը:
Հիշեցնենք, որ մինչ օրս, ՀՀ Կառավարության որոշումներով` որմնանկարների պահպանման ծրագրով, վտանգված տարածքներից տեղափոխվել և վերականգնվել է 8 որմնանկար, որից միայն 3-ը` պետական բյուջեի հաշվին, իսկ Մ. Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարն ամբողջությամբ վերականգնվել է Վահրամաբերդի մշակույթի պալատում: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում, այս ծրագիրը թվով 5-րդն է:
Նշենք, որ 2007-2016 թթ. ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ վերականգնվել, ամրակայվել և տեղափոխվել են հետևյալ որմնանկարները:
Կարդացեք նաև
2007-2016 թթ. վերականգնված և ամրակայված որմնանկարներն են
2007 թ. Մ. Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը՝ Ջաջուռի Մ. Ավետիսյանի տուն թանգարան /ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 27-ի N 852-Ա որոշում/,
2010 թ. Մ. Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ կառավարութայն N 1 շենք /ՀՀ կառավարության 2010թ. հունիսի 17-ի N 734-Ա որոշում/,
2011 թ. Մ. Ավետիսյանի «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարները՝ «Արմենիա» միջազգային օդանավակայան»՝ համապատասխանաբար՝ ուղևորային համալիրի մեկնման սրահ և Նախագահական համալիր /ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 500-Ա որոշում/,
2011 թ. Մ. Ավետիսյանի «Գորգ են գործում» որմնանկարը՝ Գյումրի քաղաքում վերակառուցվող հուշարձան-շենքի տարածքում («Ֆրանսիա» հյուրանոց, Աբովյան 218), /ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի N 1047-Ա որոշում/,
2011 թ. Մ. Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը՝ Գյումրու քաղաքաղապետարան /ՀՀ կառավարության 2011 թ. հուլիսի 28-ի N 1047-Ա որոշում/,
2013 թ. Մ. Ավետիսյանի «Հայաստան» որմնանկար՝ Վահրամաբերդի մշակույթի տուն /ՀՀ կառավարության 2013 թ. հոկտեմբերի 17-ի N 1302-Ա որոշում/,
2014-2015 թթ. Ռ. Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարը՝ Գյումրի քաղաքի Երիտասարդական պալատ,
2016 թթ. Հ. Հակոբյանի «Սարերում» որմնանկար՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն:
ՀՀ մշակույթի նախարարություն