Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանք Փալոնի խոսքով, տեղի ունեցած բախումների մեջ մեղքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը. VOA

Ապրիլ 29,2016 07:42

Միացյալ Նահանգները կարող է օգտագործել իր լուրջ ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու նպատակով: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասում է ԱՄՆ-ի ազդեցիկ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ռոբերտ Մենենդեզը.

«Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է դիվանագիտության եւ Ճնշումների միջոցով վերադարձնել զինադադարը եւ հասնել երկարատեւ կարգավորման, որը բոլոր կողմերի շահերից է բխում»:

Խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին էր խոսում նաեւ կոնգրեսական Ֆրանք Փալոնը.

«Մենք պետք է Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնենք եւ հասնենք այնպիսի խաղաղ կարգավորման, որը թույլ կտար Արցախին դառնալ Հայաստանի մաս կամ մնալ անկախ հայկական պետություն»:

Հակառակ դեպքում, նշում է կոնգրեսականը, շարունակվելու է նախորդ դարասկզբից հայերի դեմ սկսված բնաջնջման քաղաքականությունը, որի արձագանքը նա նկատել է ադրբեջանական զինվորականների գործողություններում.

«Մենք տեսանք, թե ինչպես էին հայ զինվորականներն եւ քաղաքացիական անձինք բարբարոսաբար տանջամահ արվում եւ գլխատվում: Այդ բարբարոսությունները շատ են հիշեցնում 1915 թվականին տեղի ունեցածը»:

Ֆրանք Փալոնի խոսքով, տեղի ունեցած բախումների մեջ մեղքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը, որը լիարժեք կերպով ճնշում չի գործադրում ադրբեջանական կողմի վրա:

Խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման մասին՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Հատուկ ծառայությունների հարցերով հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը որոշեց ոչ թե խոսել մյուսների մասին, այլ առաջին հերթին՝ քննադատել սեփական կառավարությունը, որը, կոնգրեսականի խոսքով, կողմերի միջեւ հավասարության նշան է դնում այն դեպքերում, երբ քննադատությունը պետք է ուղղի մեկ կողմին.

«Կիրառելով համազորության այս մոտեցումը, երբ կողմերից մեկն է միայն հրահրում պատերազմ, դուք ավելի եք դրդում պատերազմը հրահրողին, քանի որ պատերազմը հրահրող Ադրբեջանը լավ գիտի, որ իր գործողությունների համար պատասխանատվության չի ենթարկվելու: Այդ մոտեցումը պետք է փոխվի»:

Միացյալ Նահանգների օրենսդիրները հայտնեցին, որ մտադիր են շարունակել ճնշում գործադրել Սպիտակ տան եւ Պետքարտուղարության վրա՝ Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը խստացնելու նպատակով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930