Գալուստ Սահակյանը պատասխանում է Օսկանյանին, արդարացնում Քոչարյանին:
«Երբ մարդն ասում է, որ 20 տարի ընտրությունները կեղծ են, նախեւառաջ պիտի ինքը հետեւյալն ասի, որ ի՛նքս էլ կեղծ եմ աշխատել այդ ընթացքում: Եթե կեղծիք է եղել, ինքը նախարար է աշխատել եւ պաշտպանել է այդ թիմերին, գոնե պիտի ասի՝ ես էլ այդ 20 տարի կեղծիքով եմ աշխատել»,- ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը:
Երեկ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից վերջինս հայտարարեց, որ Հայաստանում 20 տարի ընտրությունները կեղծվել են, ընդ որում՝ կեղծման տարբերակներն էլ մեկիկ-մեկիկ նշեց. «Կեղծվել են ընտրակաշառք բաժանելով, կարուսելներ կազմակերպելով, կրկնակի քվեարկություններով, բացակա մարդկանց կողմից քվեարկելով, կեղծվել են լցոնումներով, կեղծվել են վերջում բոլոր տեսակի հաշվառման ժամանակ խարդախություններով»:
Մեր դիտարկմանը՝ Վարդան Օսկանյանն ասում է, որ եթե գտնում են, որ ընտրությունները 20 տարի չեն կեղծվել, ուրեմն այլ մոլորակում են ապրում, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Հասկանալի է, դրա համար պիտի իրեն պատասխանել՝ էն 20 տարիները ուրեմն դուք պաշտոն պիտի չունենայի՛ք, եթե կեղծիքով են եղել ընտրությունները: Որովհետեւ ընտրություններից հետո դուք պաշտոն եք ստացել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով իշխանությունների քաղաքականության հասցեին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատություններին՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Ես այս պահին չեմ կարծում, որ պիտի քննադատաբար մոտենալ: Այս պահին մենք մեկ խնդիր ունենք՝ պիտի կարողանանք մեր ուժերը միշտ համախմբված պահել եւ Ադրբեջանի կողմից հարձակումներին պիտի կարողանանք մեծաշնորհ ձեւով պատասխան տալ՝ մեծ ներուժով: Այսօր սա է: Մյուսը կուսակցություն է՝ մեկը լավը կլինի, մեկը վատը կլինի՝ դրանք այս պահի համար երկրորդական խնդիր են»:
Առաջին եւ երրորդ նախագահները համախմբվեցին այս իրավիճակում, հանդիպեցին, քննարկեցին խնդիրները, իսկ երկրորդ նախագահը չգնաց դրան, նա նույնիսկ քննադատեց այդ հանդիպումները: Մեր այս դիտարկմանը Գալուստ Սահակյանը պատասխանեց, «Երկրորդ նախագահն էլ իր տեսակետն ունի, նա էլ իր տեսակետով է գնում: Ո՞վ է ասել, որ առաջինը որ արեց՝ շատ լավն է, երկրորդը չի անում՝ շատ վատն է: Ովքեր ցանկանում են մասնակցել եղած գործընթացներին եւ իրենց վճռական դերակատարումն ունենալ, նրանք մասնակցում են: Ովքեր չեն մասնակցում՝ միգուցե այլ ճանապարհով, այլ ձեւով են մասնակցում»:
Ինչպես տեղեկացրել ենք, նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաստիճան 3 զինվորականների պաշտոնանկ արեց: Մեր հարցին՝ դա ի՞նչ կտա, եւ արդյոք այդ պաշտոնանկությունները շարունակական կլինե՞ն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես 90-ականներից հետեւում եմ, միշտ էլ մարդիկ նշանակվում են, հետո էլ փոփոխվում են: Էնպես չի, որ մեկը մի տեղ նշանակվում է եւ հավերժ պիտի մնա նույն տեղում: Դա ռազմական գոտի է, իրենք կարողանում են իրենց խնդիրները լուծել»:
Մեր հարցին՝ դա չէ՞ր նշանակում, որ հասարակության կասկածները ճիշտ էին՝ հետախուզության թերացումների հետ կապված, զենքի մատակարարման եւ այլն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պատերազմական գործողությունների ընթացքում այդպես ցցուն թերություններ չեն եղել, եւ պատերազմը, փաստորեն, մենք կարողացել ենք մեզ համար հաղթահարելի դարձնել: Իրենց ուզածը հետեւյալն էր, որ կարողանային ինչ-որ չափով մտնել Ղարաբաղ ու Ղարաբաղի խնդիրն այլ ճանապարհով լուծեին, մինչդեռ չեն կարողացել մտնել»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.04.2016
խելացի մարդու վարմու՞նք է արտգործ նախարարին կապել ընտրակեղծիքների հետ, արտգործնախարարն ուր…. ընտրություններն ուր…. թ՞ե իրենք ամբողջ թիմով ու իրենց հովանավորյալներով էն կեղծու՞մ