Ներդրումային քաղաքականությունը տնտեսության զարգացման հիմնական վեկտորներից մեկն է: Ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով Հայաստանի կառավարության համար առաջնահերթ խնդիրներ են հանդիսանում ձեռներեցության համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, կարգավորիչ համակարգի թափանցիկության ամրապնդումը, երկրի առաջատար սեկտորների եւ մրցակցային դաշտում առավելությունների բացահայտումը:
Վերջին երկու տարիներին երկրում արվել են ավելի քան 600 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ հանքարդյունաբերության, գյուղմթերքների, քաղաքացիական ավիացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ոսկերչության սեկտորներում: Տարեկան կտրվածքով այս ներդրումները 3,4 տոկոսի չափով նպաստում են Հայաստանի ՀՆԱ-ի աճին:
Միջազգային այնպիսի կազմակերպությունների գնահատականները, ինչպիսիք են Investing Across Borders-ը (Ներդրումներ առանց սահմանների), Doing Business-ը կամ Համագործակցության եւ Տնտեսական զարգացման կազմակերպության SME Policy Index-ը (ՓՄՁ քաղաքականության ինդեքս) ընդգծում են երկրում արձանագրված առաջընթացը օտարերկրյա ներդրումային միջավայրի բարելավման եւ գրավչության առումով: Հայաստանի շուկան փոքր է, սակայն նա կարող է ներդրողներին հնարավորություն տալ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության եւ Հայաստանին շատ մոտ գտնվող Իրանի շուկաներ:
Ֆրանսիան օտարերկրյա գլխավոր ներդրողներից մեկն է Հայաստանում: Նա աջակցում է այն կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի երկիրը կարողանա իսկապես մրցունակ եւ գրավիչ լինել՝ ստեղծելով կայուն հնարավորություններ օտարերկրյա ներդրողների համար: Այսպես, ֆրանսիական Բիզնես Ֆրանս (Business France) գործակալությունը եվրոպական ֆինանսավորմամբ իրականացնում է Թվինինգ ծրագիր՝ հօգուտ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի, որը հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության օտարերկրյա ներդրումների, արտահանման եւ զբոսաշրջության ազգային գործակալությունը: Բիզնես Ֆրանսը փոխանցում է երկրի գրավչության զարգացման ռազմավարության ոլորտում իր փորձը՝ միաժամանակ բացահայտելով առաջատար սեկտորները, օգնելով ներկայացուցչության մեխանիզմների ստեղծմանը, երկխոսությանը, իրականացված ներդրումների վերահսկմանը եւ ապահովում դեպի Հայաստան ներդրումների ծավալը:
Թվինինգ ծրագրի բաղադրիչներից մեկը Հայաստանում հետներդրումային (aftercare services) ծառայությունների զարգացումն է: Օտարերկրյա ներդրողներին գրավելը բավարար չէ, անհրաժեշտ է նրանց պահել, խթանել վերաներդրումները՝ նրանց լսելով, նրանց հետ երկխոսելով, արդյունավետ կերպով քննարկելով այն խնդիրները, որոնց նրանք հանդիպել են ներդրման ընդլայնման այս որոշումը ստանալիս: Եվ ընդհակառակը՝ եթե ներդրողը որոշում է հեռանալ, դա բոլորովին լավ ազդանշան չէ պոտենցիալ ներդրողների համար, ովքեր ուշադիր հետեւում են գործարար միջավայրին՝ միջազգային մրցակցության պայմաններում, որտեղ կապիտալը միտում ունի ուղղվել դեպի ավելի հաստատուն տարածքներ, եւ ներդրումները լինեն ավելի շահավետ:
Կարդացեք նաև
Գրավչության հիմնական բաղադրիչը՝ օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը, մեծապես կարեւորվում է ձեռնարկությունների եւ օտարերկրյա ներդրողների կողմից, ինչն ինքնին ենթադրում է շուկա մուտք գործելու համար հավասար պայմանների ապահովում: Այս նպատակով, ինչպես եւ Հայաստանի կառավարությունը պարտավորվել է, անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումների համար նոր օրենք որդեգրել, նոր հարկային օրենսգիրք, որը կերաշխավորի հարկման թափանցիկ եւ գրավիչ մակարդակներ եւ Մաքսային համակարգի գործունեության պարզեցում:
Ֆրանսիան եւ ԵՄ-ն քաջալերում են ՀՀ կառավարությանը սկսել մենաշնորհների մասին օրենքի մշակումը, ինչպես վերջերս հայտարարել էր էկոնոմիկայի նոր նախարարը: Այս օրենքը պետք է թույլ տար բնութագրել մենաշնորհային դիրքորոշումները եւ գործելակերպը եւ արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ խախտումների դեպքում պատժամիջոցներ կիրառելու հնարավորությամբ:
Տնտեսական այս անհրաժեշտ բարեփոխումները կապահովեն պայմաններ արդար մրցակցության համար: Հանդիսանալով կարեւոր ազդանշան օտարերկրյա ներդրողների համար, ովքեր իրենց ներդրումների համար ակնկալում են անվտանգություն եւ շահութաբերություն, դրանք նպաստում են Հայաստանի գրավչությանը եւ միջազգային առեւտրի զարգացմանը:
ԺԱՆ-ՖՐԱՆՍՈՒԱ ՇԱՐՊԱՆՏԻԵ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
«Առավոտ» օրաթերթ
28.04.2016