Անահիտ Խալափյանը հեռավոր ազգականն է Թալիշում ապրիլի 2-ին ադրբեջանցիների կողմից խոշտանգված տարեց Խալափյանների: Անահիտը պատմում է, որ Թալիշում իրենց տունը շատ մոտ է եղել խոշտանգված տարեցների տանը, եւ եթե իրենք 5 րոպե ուշ դուրս գային տանից, գուցե իր ու ընտանիքի ճակատագիրն էլ նույնը լիներ:
Անահիտն իր անչափահաս դստեր, ամուսնու եւ սկեսրոջ հետ Թալիշի արկակոծման գիշերը փրկվել է գյուղապետի շնորհիվ. մեքենայով եկել է ու նրանց տեղափոխել, իրենք գյուղի վերջնամասում էին ապրում, ու վերջիններից էին, որ դուրս են եկել գյուղից:
«Առավոտի» հետ զրույցում Անահիտն ասում է՝ 2-րդ անգամն է, որ տեղահանվում են Թալիշից. առաջին անգամ՝ 90-ականներին, փոքր էր, որ ծնողների, քրոջ ու նրա երեխաների հետ էլի գիշերով լքել են գյուղը՝ ադրբեջանական հրետակոծությունների պատճառով: Հիմա պատմությունը մեկին մեկ կրկնվում է նրա 16-ամյա դստեր՝ Դիանայի հետ:
«Էն ժամանակ, որ խաղաղվեց՝ հետ գնացինք: Զրոյից սկսեցինք ամեն ինչ: Հետո ամուսնացա, տուն սարքեցինք, անասուններ ունեինք, բոստան էի անում, լավ էինք ապրում, ու էլի պատերազմ սկսվեց: Կարտոշկեն, սոխը վարել էի, կանաչի էի ցանել, մրգատու այգի ունեինք, ուշք ու միտքս գյուղն է: Ամեն գիշեր երազումս գյուղում եմ»,- պատմում է Անահիտը: Հիմա Երեւանում տեգոր տանն են ապրում, 11 հոգով՝ իր ու տեգոր ընտանիքը միասին՝ մի փոքր բնակարանում. ասում է՝ տեղ չկա քնելու, անկողինը հատակին են գցում, քնում՝ հույսով, որ լույսը կբացվի՝ բարին էլ հետը. «Ամուսինս գյուղում ա հիմա, ասում ա՝ սաղ քանդվել ա»:
Կարդացեք նաև
Անահիտի խոսքերով՝ արդեն 26 օր է, ինչ Երեւանում են, բայց իրենցով հետաքրքրվող չկա, պետական ոչ մի կառույցից իրենց դուռը չեն թակել, չեն հարցրել՝ ինչի՞ կարիք ունեք. «Մենք ամեն ինչի կարիք էլ ունենք. առանց շոր, առանց բան, մենակ «դակումենտներն ենք» վերցրել ու եկել: Ամաչում ենք արդեն, տեգորս ընտանիքն էլ մեծ է, իրենք իրենց հոգսերը հազիվ են հասցնում, հիմա էլ մենք ենք եկել ստեղ: Ստեղ մոտիկ գոնե մի գյուղ լինի, մի սենյակ տան, գնանք մեր ընտանիքով ապրենք, հող մշակենք՝ ապրենք: Շատ բան չեմ ուզում, ժամանակավոր մի տանիք տան: Որ մեր գյուղում խաղաղություն եղավ, էլի հետ ենք գնալու: Կամ էլ Ղարաբաղում մի հանգիստ գյուղում տուն տան՝ գնանք, էլի տենց ժամանակավոր ապրենք»: Անահիտն ասում է. «Սկեսրոջս թոշակի համար դիմել էինք սոցապի տարածքային բաժին, ասեցին՝ Ղարաբաղից թուղթ բերեք, որ ընդեղ թոշակ չի ստացել: Բա ձեռներս կոպեկ կա՞, որ հասնենք Ղարաբաղ էդ թղթի հետեւից»:
Անահիտի դուստրը՝ Դիանան, Երեւանում արդեն դպրոց է գնում, լավ մերվել է նոր ընկերների հետ, իսկ թալիշցի դասընկերների հետ կապը համացանցի միջոցով է պահում. կարոտել է նրանց:
Մեզ հետ զրույցում թալիշցիներով որոշ դիտարկումներ էին անում գյուղ վերադառնալու մասին. ասում են՝ որպեսզի Թալիշում մարդիկ անվտանգ ու ապահով ապրեն, որ էլ տեղահանման կրկնություն չլինի, Շահումյանը, Գյուլիստանն ու Չայլուն էլ պետք է մերը լինեն. «Թե չէ՝ թորքին գիդում չե՞ք, նորից են վրա տալու»:
Թալիշցի 94 տարեկան Արեւիկ Աբրահամյանն էլ, որի դստեր ու փեսայի տանն է հյուրընկալվել Անահիտը, մեզ պատմում է, թե ոնց է 90-ականներին, իր խոսքերով՝ «փախի-փախի» արել գյուղից: Արեւիկ տատը պատմում է՝ որդին զոհվել էր Թալիշի մարտերում. ինքն իր հարսի ու 4 անչափահաս թոռների հետ 7 կիլոմետր ոտքով գնացել են մինչեւ Մատաղիս: Թոռներից ամենափոքրին՝ 1 տարեկանին, թիկնոցով կապել է կրծքին, 3 տարեկան թոռանն էլ՝ մեջքին, ձեռքին ծանր ճամպրուկը, հարսն էլ մյուս թոռների հետ գիշերով, անտառով հասել են Մատաղիս: Հենց հասել են ազգականի տուն, մեկ էլ նորից հրահանգ է եղել՝ լքել Մատաղիսը. «Մի հատ «լափետի» նման մաշին են տվալ, 11 հոգով լցվալ ենք միջը ու փախել»: Արեւիկ տատն այլեւս չի վերադարձել Թալիշ. դուստրն ասում է՝ վախը մինչեւ հիմա կա:
Թալիշից Երեւանում է հանգրվանել նաեւ Փիրուզա Մխիթարյանը. նա էլ իր 4 անչափահաս երեխաների հետ ապրում է իր ազգականների բնակարանում՝ 10 հոգով 1 սենյականոց բնակարանում: Փիրուզայի ամուսինը մի քանի օրով եկել էր Հայաստան, որպեսզի ընտանիքի համար կացարանի հարց լուծի, բայց ապարդյուն: «2 տարբեր տուն էին առաջարկել Երեւանից դուրս, կգնայի, բայց ավերակ էին, վառված, տանիք չկար, ընդհանրապես պայմաններ չկային»,- ասում է Փիրուզան: Նա նույնպես մյուս թալիշցիների պես խնդրում է իրենց ժամանակավոր կացարանով ապահովեն, մինչեւ հնարավորություն լինի Թալիշ վերադառնալու:
«Մեր տունը նոր էինք կառուցել, անասուններն էինք շատացրել, հող էինք մշակում, արդեն սկսել էինք նորմալ ապրել, մեկ էլ կռիվը սկսվեց: Մեր տունը փոշիացել է, չգիտեմ՝ երբ կվերականգնվի, որպեսզի կարողանանք հետ գնալ: Մենք խնդրում ենք, գոնե Ղարաբաղում տուն տան՝ ապրենք: Մենք հնարավորություն չունենք, ո՛չ աշխատանք ունենք, ո՛չ գումար, չգիտեմ էլ՝ ոնց ենք ապրելու, էս էրեխեքին ո՞նց ենք պահելու»,- ասում է Փիրուզան: Նրա ներկայացմամբ՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունից իրենց տեղեկացրել են, որ հաշվեհամար բացեն, որպեսզի գումար փոխանցեն իրենց, այն էլ դեռ այդ գումարը չկա. «Լավ է, գոնե էդ կազմակերպությունը մտածում է թալիշցիների մասին: Թե չէ՝ բոլորը, կարելի է ասել, ոտաբոբիկ դուրս են եկել: Լավ է՝ մեզ հագուստով մեր ծանոթները, բարի մարդիկ օգնել են»:
Փիրուզան էլ է սարսափով հիշում ապրիլի 2-ի արկակոծումը. պատմում է՝ «Ահավոր գմփոցներից արթնացանք, ինձ թվաց՝ իրենց հերթական կրակոցներն են, բայց չէ՝ սա մի աննկարագրելի բան էր, կարկուտի պես թափվում էր, չէր դադարում: Մեր կողքի հարեւաններն էլ եկան մեր տուն, մեր տունը նորակառույց էր, պատերն ամուր էին, 3 մեծ ընտանիքով բազմոցները կպցրել էինք ու թաքնվել, էրեխեքը վախից կուչ էին եկել: Չգիտեինք՝ ինչ անեինք: Մեկ էլ հարեւանիս բարեկամը, որը հյուր էր գալիս իրենց, զանգեց՝ բա, գամ տանեմ ձեզ: Իրեն Աստված էր ուղարկել, եկավ, բոլորս՝ երեւի մի 30 հոգով նստեցինք իր մեքենան ու Մատաղիսով եկանք Քելբաջար: Ամբողջ ճամփին լույսերն անջատած է մեքենան վարել»: Փիրուզան պատմում է, որ ապրիլի 2-ի նախորդող օրերին հակառակորդի անօդաչու սարքերը մի քանի անգամ գյուղի երկնքում են հայտնվել. «Մտել են գյուղը, տեղ-տեղ նկարել են. մենք էլ կատակում էինք, լուրջ չէինք ընդունում»:
Փիրուզան ասում է՝ Երեւանից է հարս գնացել Թալիշ. շատ է սիրում գյուղը. «Բայց ապագայի մասին պատկերացում չունեմ, ոնց կարանք այնտեղ ապրել»: Փոքր երեխաները վախեցած են, հիշում են հրետակոծության ձայները: Փոքրիկները մեզ հետ զրույցում ասում են՝ ուզում են գյուղ գնալ, բայց միայն խաղալիքների հետեւից:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.04.2016
Գուցե Հերմինե Նաղդալյա՞նը կօգնի այս ընտանիքին իր բազմաթիվ բնակարաններց մեկը տրամադրելով: