Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, արդարադատության նախարարին է դիմել Աշտարակի շրջանի Ագարակ գյուղի բնակիչ Սամվել Գեւորգյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա նամակը:
-2010 թվականին որդուս՝ Իշխան Գեւորգյանին ձերբակալեցին ՀԴՄ կեղծ կտրոններ հանձնելու պատրվակով: Մինչեւ 2012թ. տեւած քննչական գործողությունների ընթացքում քննիչ Էդիկ Հակոբյանը, դատախազության վարչության պետ Գրիգոր Նավասարդյանը, դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը որոշեցին տղայիս դատապարտել խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-2 կետերով, եւ 200 հոդվածի 2-րդ մասով՝ 167000000 դրամի բռնագանձմամբ:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Վարդապետյանը դատախազության խիստ ճնշման տակ որդուս դատապարտեց 6,5 տարվա ազատազրկման, առանց գումարի փոխհատուցման, իսկ մեր բողոքները վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ, մնացին անփոփոխ:
Կրկին առանց գումարի բռնագանձման:
Ես՝ Սամվել Գեւորգյանս, բողոքարկելու էի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, երբ որդիս համաներմամբ ազատվեց պատժի հետագա կրումից: Նրա ազատվելուց 3 ամիս հետո էլ, երբ լրացավ ՄԻԵԴ դիմելու ժամկետը, դատախազությունը քաղհայցով դիմեց դատարան:
Կարդացեք նաև
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Նախշքարյանը մերժեց դատախազության հայցը, դատախազությունը բողոքարկեց վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց բողոքը, գործը կրկին ուղարկելով նոր դատարան՝ նոր քննության:
Մենք բողոքարկեցինք ՀՀ վճռաբեկ դատարան: Սակայն այն մերժվեց, եւ վճիռը մնաց անփոփոխ: Այսինքն, 6 տարբեր ատյաններով դատախազության բողոքը մերժվել է, որդուս վրա գումարի բռնագանձման պահանջը չի բավարարվել:
Հիմա սկսվել է նոր դատավարություն, որդուցս պահանջվում է մի գումար, որի հասցեատերը նա չի:
Ողջ դատավարության ընթացքում խոսք էր գնում բացահայտ կեղծ ՀԴՄ կտրոնների հանձնման վերաբերյալ, բայց դատարանի վճռում հանկարծ ստացվեց, թե կտրոնները ոչ թե կեղծ են, այլ տպված են մայր թղթի վրա, նույն կամ նույնատիպ սարքերով, ընդամենը դրանք հանձնման պիտանի չէին: Իմ անձնական ուսումնասիրության վրա կարող եմ փաստել, որ հանցագործությունը կատարվել է հարկային տեսչության կողմից, «Մերկուրի» սարքերը ներկրող ՍՊ ընկերության կողմից, որոնք իրենց սարքավորումները ծրագրել են այնպես, որ ՀԴՄ կտրոնների վրա տպված գումարի 30 տոկոսն է ֆիքսվել Z կտրոններում, այսինքն, կազմակերպություններն ազատվել են 70 տոկոսի դիմաց հարկ վճարելուց, որտեղից էլ առաջացել են ոչ պիտանի կտրոնները:
2010 թվականին, ի դեպ, արգելափակվեցին ՀԴՄ կտրոնների ընդունումը մեկ շաբաթով, որից հետո թույլատրեցին, որ քաղաքացիները հանձնեն իրենց մոտ հավաքված կտրոնները, որոշները հասցրեցին բարեհաջող հեռանալ Հայաստանից… որից հետո ձերբակալեցին որդուս:
Ապա հայտարարվեց հետախուզում, ինձ խոստացան մեկ շաբաթվա ընթացքում նրանց կձերբակալեն, կբերեն Հայաստան, բայց վեց տարի է՝ ոչինչ չի ձեռնարկվում այդ ուղղությամբ:
ՀԴՄ «ռուլոնները»՝ փաթեթները, առեւտրային կազմակերպությունները ստացել են հարկային տեսչությունից եւ պատասխանատու են բոլոր կտրոնների վրա տպված գումարների համար: «Ռոլոնները» կոդավորված են եւ կոդը բացելու համար առ համար երեւում է, թե որ կտրոնը որ կազմակերպությունն է ստացել, ուստի խնդրում եմ նոր հետաքննության ժամանակ հաշվի առնվեն նշյալ հանգամանքները, իրական մեղավորները բացահայտվեն:
«Առավոտ» օրաթերթ
28.04.2016