Լրահոս
Օրվա լրահոսը

Ով էր Ռոդենի խելահեղ մուսան

Ապրիլ 29,2016 15:30

Կամ՝ ինչպես ավարտվեց սիրո
ու համատեղ ստեղծագործական կյանքի 15-ամյա պատմությունը

Ֆրանսիացի քանդակագործ եւ գրաֆիկ Օգյուստ Ռոդենի (1840-1917) ձեռագիրն առանձնանում է իր ժամանակակիցներից: Իզուր չէ, որ նրան անվանել են քանդակագործության մարգարե: Պարզվում է՝ Ռոդենի ոչ միայն «Համբույր», այլեւ մյուս քանդակների մուսան եղել է նույնքան տաղանդավոր նրա աշակերտուհին՝ Կամիլա Կլոդելը: 15 տարի շարունակ Կամիլան ոչ միայն Ռոդենի բնորդուհին էր, այլեւ սիրած կինը, բոլոր խենթ մտահղացումների «մեղավորը» եւ որոշ աշխատանքների համահեղինակը:
Կամիլ Կլոդելը բնավ սովորական կին չէր: Դեռ երիտասարդ տարիքից շատերը նկատել էին նրա տաղանդը: 17 տարեկանում աղջիկն ընդունվեց ակադեմիա՝ աշակերտելով անվանի քանդակագործ Ալֆրեդ Բուշեին: Հետագայում նա սկսեց դասեր առնել Ռոդենից: Քանդակագործն այդպես էլ չկարողացավ ազատագրվել Կամիլի հանդեպ տածած կրքից: Մի առիթով Ռոդենն այսպես է բնութագրել իր սիրած կնոջ գեղեցկությունը. «Հրաշալի ճակատ՝ երկու չքնաղ մուգ կապույտ աչքերի վերեւում: Այդպիսի աչքեր ունենում են Բոտիչելիի կտավներում պատկերված գեղեցկուհիները, ինչպես նաեւ զգայուն շուրթեր, ուսերին թափվող ոսկեշագանակագույն մազեր… Մի խոսքով, երես առած աղջկա հրաշագեղ արտաքին՝ մանկական ուրախությամբ լեցուն»:

roden3

Սկզբում Կամիլան ընդամենը Ռոդենի քանդակների անհարթություններն էր շտկում ու հղկում, հետագայում Ռոդենն իր որոշ աշխատանքների ավարտելը վստահում էր նրան: Ռոդենի կենսագիրները վկայում են, որ մեծանուն արվեստագետի մոտ ոճային փոփոխությունները սկսվել են այն ժամանակ, երբ նրա կյանքում հայտնվել է Կամիլը, այսինքն՝ 80-ականներին, երբ Ռոդենը 40 տարեկան էր, իսկ նրա մուսան չէր էլ բոլորել իր 20-ամյակը:

Ռոդենի «Համբույր» հանրահայտ քանդակի մասին նրա աշակերտ Է. Բուրդելը գրել է. «Չկա եւ չի էլ լինի որեւէ վարպետ, որ ունակ է կավի, բրոնզի կամ մարմարի մեջ ավելի զգայուն եւ ուժգին մարմնի թրթիռ դնել, ինչպես դա արել է Ռոդենը»:
Ռիլկեն էլ Ռոդենի մասին ասել է. «Քանդակին նայելով զգում ես, թե ինչպես են հպումից ծնված ալիքները տարածվում ողջ մարմնով մեկ, ինքդ էլ զգում ես այդ համբույրի ուժը, որ ասես ծագող արեւի ամենահաս լույս լինի»:

roden2

Ժամանակի ընթացքում Կամիլան հոգնեց սիրուհու դերից, նա ավելին էր ցանկանում, քան քաղաքացիական ամուսնությունը: Կինն ի վերջո ծանր ապրումներից ընկավ դեպրեսիայի մեջ: Նա օրերով դուրս չէր գալիս արվեստանոցից, քանդակներ էր անում, ապա ջախջախում դրանք: 1913թ. Կամիլային տեղափոխեցին հոգեբուժարան, որտեղ նա անցկացրեց իր կյանքի 30 տարիները:

Որոշ քննադատների համոզմամբ, Կամիլայի հետ կապի ընդհատումից հետո Ռոդենի տաղանդն ինչ-որ առումով թուլացավ-մարեց: Ոմանք չվիճարկելով հանճարեղ քանդակագործի շնորհները, այնուամենայնիվ, փաստում են, որ Ռոդենի բոլոր շքեղ գործերը ծնվել են հենց Կամիլայի օրոք:

 
Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Ըստ kulturologia.ru-ի

«Առավոտ» օրաթերթ
28.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930