Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկ նորահայտ նամակ

Ապրիլ 29,2016 15:00

Հայ նամակագրության պատմության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հիշատակի թղթերը՝ գրված իբրեւ սրտի խոսք հայրենասեր որեւէ զորահրամանատարի, ազգային հերոսի կամ պետական գործչի հուշարձանի բացման առթիվ: Այսպիսի մի սրտառուչ խոսք է նաեւ Սմբատ զորավարի (Մախլուտո) նամակը՝ գրված իր ռազմի առաջնորդ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի բացման կապակցությամբ՝ նոյեմբերի 4-ին, 1945 թվականի:

Ստորեւ տպագրում ենք նամակը՝ գնահատելով վերջինիս պատմական նշանակությունը, քանզի այն ընթերցողին է ներկայացվում առաջին անգամ:

Մերուժան

ԱՆԴՐԱՆԻԿ ՋԱՆ

Ահա տասնեակ տարիներ է անցեր, ինչ դուն հեռացար անդարձ, թողլով Հայ ժողովուրդը եւ Քու այնքա՜ն սիրած՝ զէնքի հաւատարիմ ընկերները սուգի եւ հառաչանքի մէջ, Օտար երկնքի տակ, որոնց համար երեսուն աւելի տարիներ մարտնջէցար մեր ոխերիմ անարգ թշնամու բռնակալութեան դէմ, կուրծքդ վահան եւ կամքդ նիզակ ըրած։
ԱՆԴՐԱՆԻԿ ջան, մի՜շտ եւ միշտ ականջիս Քու վերջին խոսքերուդ արձագանքը դեռ կը հնչէ զոր ըսիր. «Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»։ ԱՆԴՐԱՆԻԿ ջան, թող Քու տառապած եւ յոգնած ոսկորները հանգիստ ընե, այդ կիսաւարտ գործդ, մեզ համար ամենասուրբ է եւ նուիրական։ Հայ ժողովուրդը խորին երկիւղածութեամբ կխոնարհի, ու ատրուշաններ կը վառէ կիսաւարտ գործիդ առջեւ, եւ որպեսզի հանգիստ նիրհես Քու յաւիտենական քունը, Հայ ժողովուրդը սփիւռ աշխարհի ոտքի է կանգնած, մէկ շունջ մէկ բերան, եւ մէկ ույժ այդ Թանկագին գործդ աւարտելու աշխատանքին լծուած։
Ես ԱՆԴՐԱՆԻԿ ջան, ես վստահ եմ եւ խոր հաւատքն ունիմ, որ շուտով կաւարտի այդ կիսատ գործը, ու այն ատեն, այդ Քու սիրած ժողովուրդը Քեզի պիտի փոխադրէ Տարօնի աշխարհը, հոն ուր զետեղուած են անմահ ընկերներուդ Սերոբ Աղբիւրի, Գալէն, Սողոն, Նատոն, Սերոբ եւ իր Կորիւնները, Գէորգ Չավուշի, Հրայրի, Ցոլակ Արամի, Յակոբ Կոտոյեան, Սելտոյի, Զաւենի, Ջնտոյի, Կորիւնի Մճոյի, Տոնճոյ Մոսոյի, Չալ-Փափախի-Ճիրոյի եւ շատ շատերու անայց, անխունկ եւ անծաղիկ շիրիմները։ Հոն ԱՆԴՐԱՆԻԿ ջան, գիտեմ հոն, Քու այնքան սիրած ընկերներուդ մոտ միայն հանգիստ պիտի ընես։ Կիսաւարտ գործդ աւարտուլե յետոյ, հոն այդ սրբազան հողի վրայ, Հայ ժողովուրդը պիտի կանգնէ քու ասպետական կօթողը, ինչպես նաեւ բոլոր հերոսներուն, որոնք մայր երկրի հողէն դուրս կը հանգչին։ Որպես Քրիստափոր, Զավարեան, Ռոստոմ, Մուրատ, Սեպուհ, Փարամազ եւ ընկերներ, Զարզանդ, Մխօ Շահէն, Աղասին, Պըճոյ Աբրօ, Արտաշէս, Մանուէլ, Ժիրայր, Յակոբ Տեր-Զաքարեան, Շահումեան, Միասնիկեան, Հասրաթ, Երեմճեան, Շապուհ, Տիգրան, Ցրոնցի Մուրատ, Մխեյ եւ այսպէս բազմաթիվ նահատակներ։

Հայ ժողովուրդը անոնց համար պիտի կանգնէ հսկայ յուշարձաններ, առանց գաղափարի խտրութեան, քանի որ բոլոր գաղափարները նոյն նպատակի համար կռիվներ մղած ու մարտնջած են եւ արիւն թափած, Հայ ժողովուրդի վերակենդանացման վսեմ գծով։
Իսկ ես՝ իմ անմոռանալի Զօրավարս, ես զերթ վիրաւոր կռունկ մը, երամից զրկուած ոնզօր թեւերով ման կուգամ, մինչեւ որ տեսնեմ Ձեր սուրբ գործին լրիւ աւարտումը։ Այո՛, ես դեռ պիտի ապրիմ, պիտի տեսնեմ մեր մարտիրոս ժողովրդի երջանիկ օրը։ Ու երբ օր մը ես ալ հրաժեշտ տամ այս անցաւոր աշխարհին, ու գամ Ձեզ միանալու, Ձեզի պիտի բերեմ այս սրբազան աւետիքը։

Առայժմ, ԱՆԴՐԱՆԻԿ ջան, ես երկիւղածությամբ կը խոնարհիմ շիրիմիդ առջեւ եւ կը համբուրեմ այդ հողը, որ խորդ է եւ ծածկած է Քու հուժկու կամքը։

 
Սգաւոր զինեղբայրդ՝ ՍՄԲԱՏ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930